-Տիկին Նաղդալյան ՀՀ նախագահն իր վերջին ելույթում Սարի թաղում և Խորենացի փողոցում հուլիսի 29-ի՝ լույս 30-ի գիշերվա դեպքերը որակեց որպես իշխանությունների ամենաէական բացթողումը այդ օրերի ընթացքում և հայցեց լրագրողների, բայց ոչ իրավապահների ներողամտությունը: Ի՞նչ հետևություններ են արվելու այս ամենից հետո և արդյո՞ք գործելաոճի փոփոխություն կլինի համապատասխան մարմինների աշխատանքում:
– ՀՀ նախագահի խոսքն, իսկապես, համապարփակ էր, և լրագրողներին ուղղված մոռանալու դիմումը, կարծում եմ, հորդոր էր՝ չչարանալու, չբազմապատկելու առանց այն էլ մեծ թշնամանքը, չկենտրոնանալու այդ իրադարձությունների վրա, որոնք, անշուշտ, մեծ ցավ պատճառեցին բոլորիս, ողջ հասարակությանը: Հուլիսյան այդ լարված օրերի ընթացքում, երբ հասարակությունը, կարծես, երկու իրար դեմ ելած պատի էր վերածվել, իսկապես բոլորի կողմից և՛ իրավական, և՛ քաղաքական, և՛ մարդկային բարձր վարվելակերպ դրսևորվեց:
Ցավում եմ, որ հուլիսի 29-ի օրը առանձնացավ այդ առումով, և բոլորս ցավ ապրեցինք տեղի ունեցածից ու կցանկանայինք, որ չլինեին այդ իրադարձությունները: Ուզում եմ ևս մեկ անգամ շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին և տուժածներին: Վստահ եմ, որ այդ օրվա բոլոր միջադեպերը պետք է դառնան խստագույն քննարկման և հետաքննության առարկա, ինչպես նաև, բոլոր այդ օրերի իրադարձությունները, քանզի ո՛չ երկրի ղեկավարի, ո՛չ իրավապահ մարմինների ղեկավարների կողմից ցուցում, կամ հանձնարարական չի տրվել՝ խախտելու օրենքի, թույլատրելիի գիծը: Իհարկե, հասկանում եմ, լարված իրավիճակ էր, որի ընթացքում տեղի ունեցան սադրանքներ , ինչը օրեր շարունակ չէր հաջողվում հրահրել որոշ ուժերի կողմից, բայց այդ օրը կարողացան խառնաշփոթ և մեծ լարում առաջացնել, իսկ նման պայմաններում կարող են նաև սխալներ արձանագրվել:
Ամեն դեպքում, մենք շատ ցավում ենք կատարվածի համար և մեր պարտավորությունն ենք համարում, որ մեր երկրում երբևիցե նման զարգացումներ այլևս չլինեն:
Կարդացեք նաև
Մամուլի հաղորդագրություն