«Մանկական Նոր ալիք-2016» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Միքայել Գրիգորյանը՝ 8-ամյա Միշան: Նա ելույթ կունենա եւ իր ուժերը կփորձի մրցույթի եզրափակիչ փուլերում՝ օգոստոսի 11-13-ին Ղրիմի «Արտեկ» կենտրոնում:
Միշան մրցույթին նախատեսում է ներկայացնել The Jackson 5-ի “I Want You Back” եւ իր «Փոքրիկ Ղարաբաղցին» ստեղծագործությունները, թեեւ կանոնների համաձայն, դրանք կարող են փոփոխվել մրցույթի ստեղծագործական խմբի անդամների պահանջով:
Հայաստանի պատվիրակ Միշայի խոսքով՝ ելույթից առաջ հուզված չէ, անելու է ամեն ինչ, որպեսզի լավագույնս ներկայանա միջազգային հանդիսատեսին: «Ամենամեծ երազանքս, իհարկե, սահմաններում խաղաղություն ունենալն է, եւ ես ամեն ինչ կանեմ, որ լավ երգեմ ու բոլորին պատմեմ Արցախի մասին»,- նշում է փոքրիկ Միշան:
«Մանկական Նոր ալիք» երգի միջազգային մրցույթն առաջին անգամ անցկացվել է Մոսկվայում 2008 թվականին: Այն սկսել է լայն տարածում գտնել 2009 թ-ից, երբ մրցույթի կազմակերպիչները ստացել են մասնակցության ավելի քան 4 հազար դիմում: 2010 թվականին մրցույթը սկսել է անցկացվել «Արտեկ» միջազգային մանկապատանեկան կենտրոնում:
Հանրային հեռուստաընկերությունը «Մանկական Նոր ալիք-2016»-ի պաշտոնական հեռարձակողն է:Կանոնների համաձայն, մրցույթի հեռուստատեսային տարբերակը հնարավոր կլինի ներկայացնել մրցույթից օրեր անց միայն: Մանրամասների մասին կհաղորդենք հաջորդիվ:
Առաջին ալիք
Հասարակայնության հետ կապերի բաժին