Ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու փաստի կապակցությամբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների, այդ թվում՝ խուզարկությունների արդյունքում, Երևան քաղաքի բնակիչ Գ.Ս.-ի բնակարանում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ռազմամթերք:
Մասնավորապես, առգրավվել և փորձաքննության են ուղարկվել շուրջ 6000 հատ փամփուշտ, 15 հատ նռնակ, նռնակի ճայթիչներ, տրոտիլ պայթուցիկ նյութեր, կապսուլ-դետոնատորներ, ազդանշանային հրթիռներ, ինքնաձիգի լիցքավորված փամփշտակալներ, հակատանկային ականանետ, ռադիոկապի միջոց, ականորսիչ և այլն:
Ձերբակալվել է երկու անձ: Ստացված դատավարական և օպերատիվ տվյալների համաձայն՝ հայտնաբերված ռազմամթերքը կարող է առնչություն ունենալ ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը զավթած զինված խմբի հանցավոր գործունեության հետ: Նախաքննության ընթացքում ստուգվում են ինչպես այս, այնպես էլ հավանական այլ վարկածները:
Կարդացեք նաև
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
05.08.2016թ.