Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետին խնդրում են պարզաբանել այն հրապարակումները, ըստ որոնց՝ բռնարարների մեջ եղել են քաղաքապետարանի աշխատակիցներ

Օգոստոս 05,2016 12:41

Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի գործադիր տնօրեն Լեւոն Ներսիսյանը դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Պարոն քաղաքապետ

Ինչպես հայտնի է, սույն թվականի հուլիսի 17-ին Սասնա ծռեր խմբավորման կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի շենքը գրավելուց անմիջապես հետո Երևանում տեղի ունեցան բողոքի ակցիաներ ու երթեր՝ ի սատարումն նրանց և նրանց կողմից բարձրացված պահանջների։

Ամենօրյա խաղաղ հավաքները ընթանում էին ոստիկանական ուժերի ու քաղաքացիական համազգեստով ինչ-որ անձանց հետ բախումներով, քանզի վերջիններիս կողմից արվում էր ամեն ինչ, որպեսզի խափանվեն այդ խաղաղ հավաքներն ու երթերը։

Զանգվածային լրատվամիջոցները և մենք արձանագրել ենք, որ ՀՀ ոստիկանությունը և այդ քաղաքացիական համազգեստով անձինք, 2016թ․ հուլիսի 29-ի երեկոյան ծեծի են ենթարկել խաղաղ հավաքի մասնակիցներին, հարձակումներ իրականացրել խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա, բռնության ենթարկել նրանց՝ հասցնելով մարմնական վնասվածքներ, կոտրել նրանց տեսախցիկները, այսպիսով, խոչընդոտելով նրանց մասնագիտական գործունեությանը։

Արդեն մի քանի օր է սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվական միջոցներով շրջանառվում է այն տեղեկությունը, ըստ որի 2016թ․ հուլիսի 29-ի ուշ երեկոյան Երևանի Խորենացի փողոցում և Սարի Թաղում խաղաղ հավաքի մասնակիցների և լրագրողների նկատմամբ բռնություն իրականացրած քաղաքացիական համազգեստով անձանց շարքում են եղել նաև Երևանի քաղաքապետարանի որոշ աշխատակիցներ և ԺԷԿ-ի պետեր։ Երևանի քաղաքապետարանի որոշ աշխատակիցների մասնակցության փաստի մասին նյութերը հրապարակվել են www.mamul.am առցանց լրատվական կայքում ։

Բացի այդ, որպես ամբողջական նյութ կարող եք դիտել «Ազատություն» ռադիոկայանի և «Ա1+»-ի կողմից այդ օրերին ուղիղ եթեր հեռարձակվող տեսանյութերը։

https://www.youtube.com/watch?v=I2geRcDIWUI

Սակայն, ի զարմանս մեզ, առ այսօր Երևանի քաղաքապետարանը հանդես չի եկել պաշտոնական հայտարարությամբ, չի հերքել կամ չի հաստատել այդ տեղեկությունը կամ որևէ քայլ չի ձեռնարկել այդ անձանց բացահայտելու և պատասխանատվության կանչելու ուղղությամբ։

Հետևաբար, սույնով դիմելով Ձեզ, ակնկալում եմ ստանալ նախևառաջ Ձեր պաշտոնական տեսակետը այս հրապարակումների վերաբերյալ, և երկրորդ՝ եթե դրանք համապատասխանում են իրականությանը, ապա Դուք, իբրև Երևանի քաղաքապետ, պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեք նրանց պատասխանատվության կանչելու ուղղությամբ։

Լևոն Ներսիսյան

Գործադիր տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031