«Ես կարեկցում եմ «Սասնա ծռերի» ընտանիքների անդամներին, որովհետեւ ոչ մի բան չասելու համար զոհաբերել սեփական ճակատագիրը, ընտանիքների վիճակը՝ բավականին մեծ վճար է չգիտես ինչի համար: Ոնց որ թե գրպանիցդ մի 100 դոլար ընկնի, երբ տունը ոչ մի կոպեկ սննդի փող չկա: Դրա համար եմ ասում: Հիմա հույս ունենանք, որ իշխանությունները կլինեն ավելի բարեսիրտ»,- այսօր «Հայելի» ակումբում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը այսպիսի համեմատություն արեց:
Լրագրողների հարցին՝ դուք «Սասնա ծռերի» արած զոհողությունը 100 դոլարի հե՞տ եք համեմատում՝ Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց. «Խելոքը սովորում է ուրիշների սխալի վրա, հիմարը՝ իր սխալի վրա, բութը՝ ոչ իր, ոչ ուրիշի սխալի վրա: Եթե նրանք գոնե ուսումնասիրեին, թե հեղաշրջումները ոնց են իրականացվում ավանդապաշտ նորաստեղծ երկրներում, նրանք ուրիշների սխալի վրա կարող է ճիշտ լուծումներ գտնեին: Նրանց IQ-ն բավականին ցածր է եղել, մանկամտության հիման վրա ինչ-որ պատկերավոր ճանապարհ են ընտրել ու դրանով եկել են այն արդյունքի, ինչ ունեն: Կարելի է հեղաշրջման գնալ, ժողովրդի ցասումը բարձրացնել, բայց դրա օբյեկտիվ մեխանիզմներ գոյություն ունեն: Դա մի րոպեում չի արվում»:
Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ ընդդիմությունը ՀՀ-ում պառակտված է. «Մի-երկու ամիս քննությունը կգնա, ձմեռը կգա, դատավարությունը կիրականացվի, իսկ ձմռանը հանրահավաքները թույլ ու աղոտ են, ուրեմն այդ ալիքը կգնա, կես տարի հետո մենք կմոռանանք էս ամեն ինչը ու կապրենք մեր խնդիրներով»:
Նա հարց ուղղեց՝ ի՞նչ կլինի, եթե Սերժ Սարգսյանը հրաժարական տար, նոր ընտրություններ նշանակեր ու նորից հաղթեր, չէ՞ որ հաղթում է շատ ռեսուրսներ ունեցողը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ