Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոյալ» կազինոյում փող խաղացող ու մարդ ծեծող գեներալին շնորհակալություն հայտնել պետք չէ

Օգոստոս 05,2016 12:11

«Ոստիկանների թույլտվությամբ, այդ տղերքի նախիրն անցավ իրանց թիկունքը, ինչ-որ բաներ կուլ տվեց: Ուստի երկու հետեւություն կարող եմ անել` կամ Վլադիմիր Գասպարյանը պաթոլոգիական հիվանդություն ունի, կամ էլ փաստերը միտումնավոր աղավաղելով իրեն դնում է չգիտեմ ինչի տեղ: Այնպես որ, ես դա լուրջ չեմ համարում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն` անդրադառնալով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականին` հայտնաբերել քաղաքացիական հագուստով այն անձանց, ովքեր ամսի 27-ին, Սարի թաղում հարձակվեցին ժողովրդի եւ լրագրողների վրա: Ի դեպ, մամուլում հրապարակումներ եղան, որ այդ անձանցից մեկն էլ Վլադիմիր Գասպարյանի անվտանգությունից է:

Սուրեն Սարգսյանի դասակարգմամբ, Վլադիմիր Գասպարյանը ՀՀ ոստիկանությունը վերածել է երկու խմբի` «мусор»-ների եւ «ենիչերիների»:

«Մենթը միշտ բացարձակ արժեք է եղել: Մենթերը օրենքի սյուներն էին, նրանց անգամ քրեական հանցագործներն էին հարգում: Էն մենթը, որն օրենքը խախտում էր, նրան ասում էին «мусор», աղբ: Հիմա մի մասին ասում են` գործ տվեք, խնդիր չկա: Մյուս մասը, ենիչերը, արդեն թուրքական տարբերակն է` էդ կարմիր բերետավորները, որ ընկածին ծեծեն, սպանեն, աչքը հանեն եւ այլն: Իրենք այդ պահին գազան են: Այսպիսին է մեր ոստիկանությունը: Մի տասը տոկոս մենթեր են մնացել, որոնց ես կոչ եմ անում` այլընտրանքային ոստիկանություն ստեղծեն եւ փրկեն ոստիկանությունը, քանի որ մարդկանց տասնյակ տարիների արածն ու աշխատածը Վլադիմիր Գասպարյանը ջուրը գցեց»,- ասում է մեր զրուցակիցը: Այլապես, նման ոստիկանության հետ հույսեր կապել, ըստ Սուրեն Սարգսյանի, կարող են միայն շիզոֆրենիկը եւ հանցագործը:

Suren SargsyanԱյս ամենի համատեքստում, անդրադառնալով «Սասնա ծռերի» գործողություններին եւ դրանց արդյունքում ստեղծված իրավիճակին, նա կարծում է, որ Սերժ Սարգսյանի համար նաեւ հնարավորություն ստեղծվեց` իրեն նախագահ կարգելու. «Նա կարող էր դուրս գալ, ասել` ժողովուրդ, ներողություն եմ խնդրում, երկրում պակաս բաներ կան, ես մեղավոր եմ, էդ տղերքին էլ ազատեր` Կյուրեղյանից բռնած ու ասեր` եկեք ուս-ուսի տանք ու իրավիճակը, երկիրը փրկենք: Հավատացեք, ժողովուրդը կընդուներ: Բայց հակառակը տեսանք: Խաբեց, անգամ էդ տղերքին ձերբակալեց: Այսօր ձայնագրություններ են դրվում…»:

Սուրեն Սարգսյանն այս ամենում Ժիրայր Սեֆիլյանի խնդիրը չի էլ դիտարկում: Ինքը Սեֆիլյանի քաղաքական գծի հետ մեծամասամբ համաձայն էլ չէ. «Բայց երեւույթը, երբ նախագահն է ստում, դա է վախեցնում: Սերժ Սարգսյանը չօգտագործեց առիթը քիչ է, հավաքեց ու ճառ ասաց: Ո՞ւմ էր պետք էդ ճառը, ի՞նչ էր ուզում ասել»:

Այս ամենից մեր զրուցակիցը մի հետեւության է հանգել. «Փոքր Մհերն Ագռավաքարից դուրս է եկել ու մենք մեր նոր Էպոսը սկսելու ենք գրել: Էս իրավիճակը տեսնում եմ ու կարծում եմ, որ հերմինենաղդալյաններն ու վահրամբաղդասարյանները չեն պատկերացնում, որ իրոք` ժողովուրդը, մենք ենք տերը մեր երկրի: Կոչի պես չստացվի, բայց դա այդպես է: Մենք թույլ չենք տա, որ Սերժը հինգ շրջանի չէ, անգամ հինգ սանտիմետրի բազար անի: Ինքը չունի էդ մանդատը: Ու եթե էդ մարդը սկսել է այդ գործընթացը, լավ կանի այս առիթը օգտագործի ու կգնա, թողնի էս երկրին տեր դառնանք: Հակառակ դեպքում, մենք լրջագույն վիճակի մեջ ենք դնելու մեր երկիրը: Հայտնվելու են նոր «Սասնա ծռեր» եւ արդեն կրակելու են: Ես չեմ ուզում, որ մեր երկրում արյուն թափվի, բայց այս մարդիկ, իրենց անմեղսունակ վարքով, ամեն ինչ անում են, որ էդպես լինի: Գեներալներից մեկն ամբողջ օրը Ծաղկաձորի «Ռոյալ» կազինոյում փող ա խաղում, բիզնեսմեն տղա ա` գծեր ունի Վանաձորից, հիմա էլ եկել մարդ ա ծեծում… նրան շտապ պատասխանատվության պետք է ենթարկել, ոչ թե շնորհակալություն հայտնել»:

Սուրեն Սարգսյանը կես կատակ, կես լուրջ նաեւ հեգնում է. «Ոստիկանական վերնախավում պետք է մտածեն տղաներին հաց հասցրած մարդուն` Արթուր Սարգսյանին խորհրդական նշանակելու մասին. նա կարող է լավ խորհուրդներ տալ, թե ոնց կարելի է ճեղքել ոստիկանական մի քանի հազարանոց պատն ու գնալ առաջ: Այդ մարդուց պիտի սովորեն, ոչ թե քրեական գործ հարուցեն: Իշխանությունը խելքը կորցրել է, բայց ժողովուրդն էլ է կատաղությունից խելքը կորցրել ու դա չի բերելու այն արդյունքին, որն իրենք երազում են»:

Շուտով, Սուրեն Սարգսյանը նաեւ այս առիթով կոչով կդիմի իր ազատամարտիկ ընկերներին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031