Լրահոս
Օրվա լրահոսը

Ճի՞շտ է «խնդիր չունենալը»

Օգոստոս 05,2016 10:00

«Ի՞նչ է քեզ արել Սովետը, որ այդքան վատ բաներ ես գրում դրա մասին»,- հաճախ հարցնում են ինձ: Անձնական առումով՝ ոչ մի վատ բան. ոչ ինձ, ոչ իմ մոտ բարեկամներին չեն հետապնդել, չեն աքսորել, ստիպողաբար հոգեբուժարան չեն ուղարկել: Խնդիրը զուտ մեր բոլորիս մտածողության մեջ է:

Փորձեմ «մտավոր գիտափորձ» կատարել եւ գուշակել, թե ինչպես կդասավորվեր իմ կյանքը, եթե մինչ օրս պահպանվեր այն վիճակը, որը կար, ասենք, 1980 թվականին: (Իհարկե, ինքնին այն ենթադրությունը, թե այդ համակարգը կարող էր պահպանվել եւս մի քանի տասնամյակ, իրատեսական չէ` համակարգը դրված էր սխալ, անառողջ տնտեսական հիմքի վրա: Բայց դա տվյալ դեպքում կարեւոր չէ):

Ես հիմա կլինեի կոնսերվատորիայի պրոֆեսոր, կպահեի մասնավոր աշակերտներ: Կգրեի մասնագիտական հոդվածներ, զեկույցներով հանդես կգայի հանրապետական եւ միութենական գիտաժողովներում: Վստահ կլինեի իմ ընտանիքի ապագայի վրա, հինգ տեղ չէի աշխատի, պատասխան չէի տա մոտ 40 հոգու բարեկեցության համար: Ընդհանրապես գլուխս գրքերից չէի բարձրացնի: Կարծես թե լավ է, չէ՞:

Բայց եկեք պատասխանենք հետեւյալ հարցին` որքանո՞վ է ճիշտ ոչ մի բանի համար պատասխանատվություն չկրելը եւ ոչ մի խնդիր չունենալը: Չէ՞ որ այդ դեպքում ոչ մարդը, ոչ էլ պետությունը զարգացում չեն ապրում: Իրական զարգացումը խնդիրները հաղթահարելն է: Ինձ թվում է՝ մենք ապրում ենք անպատասխանատվությունից դեպի պատասխանատվություն, խնդիրներ չունենալու երազանքներից դեպի խնդիրներ հաղթահարելու ժամանակահատվածում:

Բերեմ մի պարզ օրինակ. պատկերացրեք մի շարքային, ոչ պաշտոնավոր ՀՀԿ-ականի, որը մասնավոր զրույցներում բավականին խիստ բառերով «քլնգում է» իշխանությանը: Հարցրեք նրան` նա պատրա՞ստ է գնալ Ազատության հրապարակ եւ ցուցադրաբար այրել իր կուսակցական տոմսը: Ոչ: Լավ, եթե մոռանանք թատերական ժեստերի մասին, նա պատրա՞ստ է դիմում գրել իր կուսակցական բջիջի ղեկավարին` ՀՀԿ շարքերից դուրս գալու մասին: Ոչ: Լավ, դա էլ մի կողմ դնենք` նա պատրա՞ստ է առաջիկա ընտրություններում «չաշխատել» հօգուտ իշխող կուսակցության: Ոչ: Չի ուզում խնդիրներ ունենալ: Այդ դեպքում քանի՞ կոպեկ արժե նրա «քլնգելը»:

Ահա թե ինչն եմ ես անվանում խորհրդային մտածողության մնացորդ: Այդ մարդու համար ՀՀԿ-ի տոմսը նույնն է, ինչ որ 40 տարի առաջ ԽՄԿԿ տոմսն էր կամ 90-ականների կեսերին ՀՀՇ տոմսն էր: Երբ իմ նկարագրած մարդը եւ նրա նման տասնյակ հազարավոր մարդիկ՝ առանց գոռալու, առանց վառելու, նույնիսկ առանց փողոց դուրս գալու, առավել եւս` առանց թուրութվանքով «խաղալու», ցածրաձայն, բայց հստակ կասի` «ոչ, էլ չեմ անի», իմացեք, որ «հետխորհրդային» դարաշրջանն ավարտվել է: Այդ պահն, ինձ թվում է, հասունանում է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Լավ չհասկացա պարոն Աբրահամյան: ՈՒզում եք ասել դասախոսը պատասխանատվություն չունի?????

    բա եղավ??? Դասախոսը` մեծ հաշվով մանկավարժ է եւ պատասխանատու է ամենակարեւորի` որակյալ կրթության համար: Եթե կոնսերվատորիայի դասախոսը դասի ժամանակ երաժշտությունը թողած խոսի կոկորդիլոսների սիրային խաղերից, կլինի ամենաանպատախանատու մարդը:
    Դասախոսը շատ պատասխանատու գործ է անում: Այլ հարց, թե որ դասախոսը որքան պատասխանատու է սեփական առաքելությանը:

  2. Մարինա says:

    Ես համարում եմ ինձ սովետական մարդ՝ իմ մտածողությամբ, արժեհամակարգով և աշխարհընկալմամբ, չնայած որ ՍՍՍՀՄ-ում հասցրեցի ապրել քիչ, ինչի համար ափսոսում եմ: Վիրավորական է կարդալ այն մասին, որ սովետական մարդիկ ոչնչի համար պատասխանատվություն չէին կրում. իսկ Մեծ Հայրենական Պատերազմը, միթե չէր պահանջում մեր պապերից ահռելի, մարդկային ուժերից վեր պատասխանատվություն?: Երկար կարելի է շարունակել այդ ցանկը, այո? Երբ սովետական մարդը սկսում է քարկոծել իր անցյալը դա նման է այն բանին, որ մահացած ծնողի մարմինը սկսի խփել ոտքերով: Այսքան բան:

  3. Ալեքսանդր says:

    Կասկած չունեի, որ այս խմբագրականը ներկայի ոչ շատ տարիքով մարդկանց նման արձագանքի կառաջանա /նկատի ունեմ առաջին երկու մեկնաբանությունը/: Կարծում եմ՝ հարցը պատասխանատվությունը չէր: Լինելով 21 տարով ավելի տարիքով, քան Արամը՝ ես իրականում ունեցել եմ Արամի նկարագրած երվակայական ապագան: Եվ ցավով տեսնում եմ, որ ներկայում ապրող շատ երիտասարդներին գրեթե անհնարին է պատկերացնել, թե ինչ անպետք համակարգ էր Սովետը. և տնտեսական և քաղաքական առումով: Շատ բաներում կարելի է մեղադրել Սովետը, բայց իմ պատկերացմամբ ամենաանտանելին սովետի ամենակարևոր թերություն էր. անազատության զգացումը:

  4. Ալֆրեդ says:

    Սովետը հետամնաց բռնատիրական երկիր էր։Ատելությունը պետության եվ իշխանությունների հանդեպ սովետի ժամանակներից է սկսվել։ուղղակի այն ժամանակ հնարավոր չէր դուրս գալ փողոց։արյան մեջ կխեխտեին։։եվ մարդիկ իրենց ատելությունը արտահայտում էին իրենց աշխատատեղերից գողություն անելով։էս երկրին էսէնց պտի վնասես մտայմությամբ

  5. Լավատես says:

    Ժողովուրդը մինչեւ չգժվի, ազգ չի դառնա:

    https://ok.ru/video/921175353

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031