Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանյան իշխանությունները չեն հետևում միջազգային կազմակերպությունների պահանջներին»

Օգոստոս 05,2016 16:30

Ինչո՞ւ է Սարի թաղի դեպքերից հետո լրագրողներից ներողություն խնդրում նախագահը, այլ ոչ թե իրավապահները

Առաջիկայում հնարավոր է` լրագրողական կազմակերպությունները տարատեսակ ակցիաներ նախաձեռնեն` ընդդեմ Սարի թաղում հուլիսի 29-30-ի ընթացքում լրագրողների դեմ տեղի ունեցած բռնությունների: Բռնություններից հետո տեղի ունեցած զարգացումները փաստեցին, որ այս միջադեպերն ավելի խիստ քննադատության արժանացան միջազգային կամ լրագրողական կառույցների կողմից, քան ՀՀ իշխանությունների կողմից:

Մասնավորապես, երկու օր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախագահի նստավայրում հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, անդրադառնալով լրագրողների դեմ տեղի ունեցած բռնություններին, հայտարարեց. «Ես նաև ներողություն եմ խնդրում մեր լրագրողներից հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերվա դեպքերի համար. սա մեր ամենաէական բացթողումն էր այս օրերի ընթացքում: Բոլոր հետևություններն, անշուշտ, արվելու են: Ձեր ներողամտությունը հայցելով՝ միայն լրագրողներին, բայց ոչ իրավապահներին, խնդրում եմ մոռանալ այդ դեպքերի մասին, քանի որ իրոք վստահ եմ, որ այլևս նման բան չի կրկնվելու, և նաև ուզում եմ, որ այդ դեպքերն այսուհետ անգամ ենթագիտակցական որևէ ազդեցություն չունենան ձեր ազատ գործելաոճի վրա»:

Եթե ՀՀ նախագահը հորդորում է մոռանալ կատարվածը, ապա միջազգային կառույցները սուր քննադատության են ենթարկում կատարվածը և ՀՀ իշխանություններից կոնկրետ քայլեր պահանջում:

Մասնավորապես, ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը նամակ է ուղղել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին՝ նշելով, որ կառավարությունը «պետք է գործնական քայլեր կատարի իրավապահ մարմինների գործողություններում լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ զսպվածություն ապահովելու համար», և նշել, որ «իշխանությունների կողմից պետք է նախաձեռնվեն քայլեր՝ որպես երաշխիք, որ լրատվամիջոցները թիրախավորված չլինեն ոստիկանության կամ խուժանի կողմից: Ոստիկանությունը պետք է պաշտպանի լրագրողներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին»:

Թեև այս քննադատությունները հնչեցին նաև անցյալ տարի հունիսին Բաղրամյան պողոտայում լրագրողների դեմ կատարված ջարդից հետո, սակայն փորձը ցույց տվեց, որ կատարվածն այդպես էլ դաս չեղավ, ավելին` Սարի թաղում թիրախավորված հարձակում եղավ լրագրողների նկատմամբ:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն այն կառույցներից էր, որը լրագրողների դեմ բռնությունները դատապարտող հայտարարություն տարածեց , որտեղ մասնավորապես նշվում էր. «Ստեղծված իրավիճակում մենք անիմաստ ենք համարում որևէ բան պահանջել ոստիկանությունից ու մյուս ուժային կառույցներից և մեզ իրավունք ենք վերապահում դիմել լրագրողների շահերի պաշտպանության այլ օրինական միջոցների»:

«Առավոտը» Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանից հետաքրքրվեց` ի՞նչ նկատի ունեն լրագրողների շահերի պաշտպանության այլ օրինական միջոցներ ասելով: Նա պատասխանեց. «Կարող են լինել տարբեր տեսակի ակցիաներ, համատեղ գործողություններ. օրինակ` իրավապահ մարմինների հետ համագործակցելու բոյկոտներ, կամ առանձին պաշտոնատար անձանց գործունեության վրա հատուկ ուշադրություն կենտրոնացնելով` տարբեր մանրամասներ հրապարակելով: Դրանք կարող են լինել նաև ցույցեր: Օգոստոսի երկրորդ կեսից և սեպտեմբերի սկզբից հնարավոր է քննարկումների ընթացքում ընդհանուր հայտարարի գալ, թե ինչ միջոցառումներ կարելի է կազմակերպել, որ այլևս թույլ չտալ այլևս այսպիսի վայրագություններ»:

Դառնալով տուժած լրագրողների տրամադրվածությանը` պարոն Մելիքյանը նշեց. «Այսպես կոչված` իշխանամետ լրատվամիջոցների լրագրողները չեն մանրամասնում կամ ասում են, որ եղել, անցել է` ի՞նչ իմաստ ունի հետամուտ լինել: Դա հասկանալի է. որպես կանոն՝ այդ դեպքերում փոխհամաձայնության են գալիս: Բայց կան նաև լրագրողներ, որոնք մտադիր են վճռական պայքարել ընդհուպ մինչև Եվրոպական դատարան հասնելը: 2015-ի հունիսի 23-ի` Բաղրամյան պողոտայի դեպքերի ժամանակ էլ կային լրագրողներ, որ չէին ուզում պայքարել, և առհասարակ այդ տուժածների շրջանում պայքարողների շրջանակը կամաց-կամաց նեղացավ, բայց, այնուամենայնիվ, այնտեղ էլ կան մարդիկ, որ շարունակելու են պայքարը, կան մարդիկ, որ համակերպվել են»:

Մեր հարցին` ինչո՞ւ երկրի ներսում ամենաբարձր ղեկավար մակարդակով խստորեն չդատապարտվեց լրագրողների դեմ տեղի ունեցածը, պարոն Մելիքյանը պատասխանեց. «Գնահատականներ չեն տրվում, որովհետև իշխանություններն են առաջին հերթին լրագրողների գործը խոչընդոտողը: Բայց մյուս կողմից՝ չի կարելի ասել, որ երկրի ներսում սուր գնահատականներ չտրվեցին, որովհետև լրագրողական համայնքը, լրագրողական կազմակերպությունները և իրենք` լրատվամիջոցները, լրագրողները բավականին կոշտ արձագանք տվեցին և այժմ էլ շարունակում են արձագանքել: Իսկ միջազգային կազմակերպությունները որևէ առիթ բաց չեն թողել իշխանություններին կոչ անելու, հորդորելու և պահանջելու, որ ցանկացած իրավախախտում լրագրողների նկատմամբ համապատասխան ուշադրության արժանանա, մեղավորները պատժվեն: Բայց, ցավոք, տեսնում ենք, որ հայաստանյան իշխանությունները չեն հետևում միջազգային կազմակերպությունների պահանջներին: Իրավիճակը վատթարանում է»:

Աշոտ Մելիքյանն աննախադեպ համարեց Սերժ Սարգսյանի` լրագրողներից ներողություն խնդրելը, բայց տարօրինակ համարեց այն, որ դա չեն անում իրավապահ մարմինները. այսինքն` Սերժ Սարգսյանը պատասխանատվությունը վերցնում է իր վրա: Պարոն Մելիքյանն այս համատեքստում հիշեցրեց, որ եթե այդ ներողությունը ՀՀ նախագահը խնդրած լիներ 2015-ի հունիսի իրադարձություններից հետո, ապա այս վայրագությունները չէին կրկնվի. «Այն, ինչ տեղի ունեցավ Սարի թաղում և Խորենացի փողոցում, դա հենց անպատժելիության հետևանքն է: Այսինքն` իրավապահ մարմինները շատ լավ գիտակցում են, որ լրագրող ծեծելով, տեսախցիկներ ջարդելով, առգրավելով, նկարահանված կադրերը ոչնչացնելով` նրանք ոչ մի պատասխանատվության չեն ենթարկվելու, և այդ համոզմունքով այս անգամ ավելի բիրտ ուժ կիրառեցին: Նրանք հատուկ միջոցներ օգտագործեցին, ընդ որում՝ շատ նպատակաուղղված, նախօրոք բոլորին հավաքեցին մի տեղ և հետո այդ նռնակները կիրառեցին: Ըստ երևույթին, Սերժ Սարգսյանը սպասում էր, որ այս վայրագությունները կիրառեին իրավապահ մարմինները, որ նոր ներողություն խնդրեր, ասեր, որ դա չի կրկնվի և կոչ աներ մոռանալ»:

Պարոն Մելիքյանը նկատեց, թե մոռանալու հարցը շատ տարօրինակ է հնչում, քանի որ դժվար է այդպիսի բռնությունները մոռանալ: Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի ելույթ գրողը շեշտադրումը պետք է աներ այն հանգամանքի վրա, որ այդ բռնությունները չպետք է կաշկանդեն լրագրողների հետագա գործունեությանը, սակայն դա էլ չեղավ, քանի որ «այս իշխանությունները ինտելեկտուալ առումով ճգնաժամի մեջ են, և նույնիսկ ելույթ գրողները մինչև վերջ չեն պատկերացնում, թե ինչ կարելի է ասել, որպեսզի վիճակը շտկվի»:

Այս համատեքստում պարոն Մելիքյանը հիշեցրեց Էդուարդ Շարմազանովի` հինգ օր լռությունից հետո արած հայտարարությունը, թե մենք չէինք խոսում, որպիսի չխանգարենք բանակցային գործընթացին: Ըստ Աշոտ Մելիքյանի` սա վկայում է, որ իրենք իրենց բառերով ասում են` ճգնաժամ է սկսվել իշխող քաղաքական ուժի ներսում:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031