Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդկանց կոկորդիլոսի բերանը տանողը Նիկոլն է եղել»

Օգոստոս 05,2016 16:00

Րաֆֆի Հովհաննիսյանն ու Զարուհի Փոստանջյանը պատասխանում են Փաշինյանի քննադատությանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը Խորենացիում եւ Սարի թաղում ոստիկանների հետ բախումներից հետո ասաց՝ մենք դատապարտում ենք այն քաղաքական ուժերին, որոնք իրենց համարում են ընդդիմություն ու ամեն անգամ ժողովրդին բռնում տանում են կոկորդիլոսի բերանը, հետո ասում են՝ վա՛յ, կոկորդիլոսը կծեց:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հայտարարեց, որ շարունակելու են փողոցներում, հրապարակներում,  տարբեր քաղաքներում հավաքներ կազմակերպել:

Aravot.am-ը Րաֆֆի Հովհաննիսյանին հարցրեց՝ հիմա դուք հերթական անգամ ժողովրդին այդ կոկորդիլոսի բերանը չե՞ք տանում, նա պատասխանեց. «Չէ, մենք դեռ որոշում չունենք, եւ լավ կլինի, որ երբ ժամանակը գա, Նիկոլը, որը շատ շնորհալի քաղաքական գործիչ է, իր գործընկերներով նաեւ մասնակցի: Ոնց որ ինքը մոտեցավ այդ շեմին նաեւ»:

Մեր դիտարկմանը, որ նա մոտեցավ, բայց հարթակ էլ չբարձրացավ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը չհամաձայնեց. «Ինքը մոտեցավ»:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ «Կոկորդիլոսի բերանը տանողը Նիկոլն է եղել եւ իր ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը, երբ որ չեկավ Մարտի 1-ին: Մենք Սասնա ծռեր ենք, մենք ինքներս ոչ մեկին ոչ մի տեղ չենք տարել, մենք բոլորս մասնակիցներ ենք «Սասնա ծռեր» ապստամբությանը, որը խաղաղ ապստամբություն էր: Մենք որեւէ տեղ որեւէ մեկին չենք տարել, Նիկոլը թող չփորձի մեղադրել ինչ-որ մեկին: Մենք բոլորս մասնակից էինք: Ես ինքս Սասնա  ծուռ եմ, ես ինքս իմ համար էի մասնակցում, ոչ մեկին ոչ մի տեղ չէի տանում: Համերաշխություն էի հայտնում Պավլիկին ու Միայնակ գայլին»:

Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց, թե Մարտի 1-ին ով էր կոկորդիլոսի բերանը տարել, ու իրենք ինչ էին անում՝ այդ կոկորդիլոսից մարդկանց փրկելու համար. «Ինքը թող հիշի իր վարքագիծը Մարտի 1-ին, երբ մենք էինք  կանգնած ժողովրդի առջեւ, ու առաջին դանակը ստացել է Արմեն Մարտիրոսյանը, եւ իր ղեկավարը տնից դուրս չեկավ: Այդ ժամանակ մենք  աջակցում էինք Լեւոն Տեր-Պետրոսյանին, որը մեզ մենակ թողեց: Իսկ այստեղ մենք բոլորս ենք Սասնա ծուռ: Ես անձամբ չգիտեմ՝ ինքը ինչ էր, բայց ես Սասնա ծուռ էի: Ինքը կարող է «Քաղաքացիական պայմանագիրն» էր այնտեղ ներկայացնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արման says:

    Զարուհի, հարգելիս, նախ ուզում եմ ասել որ ես քեզ անչափ սիրում եմ, բայց այս հարցազրույցիդ հետ կապված: Խնդրում եմ. մի քիչ մտածիր Նիկոլի խոսքերի մասին, անկախ նրանից դու այդ անձի հանդեպ ինչ վերաբերմունք ունես: Պարզապես անկախ նրանից ով է անձը, իմ կարծիքով նա շատ առումներով ճիշտ է, և կարծում եմ հենց իր փորձից է ասում: Իսկակես մենք բոլորս էլ գիտեինք, ինչ կարող էին նրանք անել, և որ նրանց համար օրենք գոյություն չունի: Իսկ դուք ուղղակի գնացիք հենց կոկորդիլոսի բերան, ինչի արդյունքում ունեցանք ինչ ունեցանք: Եվ այո, Սերժը տարավ մարտավարական հաղթանակ այդտեղ, քանի որ ես ինքս շատերին եմ ճանաչում, ովքեր հրաժարվեցին գալ հավաքների , ու հրաժարվում են այլևս գալ: Այդ փուլում անհրաժեշտ էր հնարավորինս զգոն լինել: Իսկ հիմա արդեն չգիտեմ: Ինչեիցէ, անկեղծ ցանկանում եմ հաղթանակ:Բոլորիս:

  2. XXYXX says:

    Լենինը ժամանակին ժողովրդին իր հետևից տարավ ասելով-հողը գյուղացուն,գործարանը բանվորին:Մարդիկ հավատացին ու գնացին նրա հետևից:Բայց դուք ընդհանրապես բան չեք ասում,կամ անում,միայն դատարկաբանությամբ եք զբաղված:Մեր ընդիմությունը նման է մի կերպ փչած փուչիկի,խոսում են աննպատակ,երբեմն ցույց են տալիս խնդիրը ( որը բոլորս էլ տեսնում ենք ) և ոչինչ չեն անում դրանք լուծելու համար:Այ,երբ կհասնեք նրան,որ կնստեք գոնե վարչապետի աթոռին ու վերջ կտաք կոռուպցիային,այն ժամանակ կզգանք,որ կա ԸՆԴԻՄՈՒԹՅՈՒՆ :

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031