Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ արյունից պիտի ծնվի Նոր Հայաստանը

Օգոստոս 05,2016 10:17

Ըստ ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանի՝ պատմականորեն այդ արտահայտությունները հատուկ են քաղաքական գործիչներին, որեւէ արյուն ինքը պահանջված չի համարում:

«Գործող իշխանության կողմից ամենածայրահեղ միջոցներով պատրանք է ստեղծվում, որ կա, այսպես կոչված, ընդդիմություն: Ես պատկերացնում եմ, որ դրանց հետ միասին պետք է լինի ազգային համաձայնության կառավարությունը: Այսինքն՝ կեղծ ընդդիմությունը եւ իրեն տապալած իշխանությունը ձեւավորելու են ազգային համաձայնության կառավարությունը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը` անդրադառնալով նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած` ազգային համաձայնության կառավարության ձեւավորման մտքին: Սերժ Սարգսյանի խոսքն, ի դեպ, տիկին Ալավերդյանին ավելի շատ անհանգստացրել է. «Այն ավելի քան երկակի ստանդարտները, որոնք ինքը ցուցադրեց հանցագործություն գործած, իր կողմից նշված մի խմբի հանդեպ, ինչն ինքնին վտանգ է ներկայացնում: Մյուս կողմից էլ` մոռացության տալու կոչերը: Դրանք, կներեք, բայց չափն ու սահմանն անցած կոչերի նման են: Ի՞նչ կնշանակի, որ հանցագործության բոլոր հատկանիշներն ունեցող գործողությունները, որոնց գագաթնակետը Սարի թաղի գործողություններն էին, մոռանալու կոչ անել: Այդպիսի մոտեցումն արդեն իսկ հուշում է, թե ինչ կառավարություն է լինելու ազգային համաձայնություն կոչված կառավարությունը»: Մեր զրուցակիցը նկատի ունի, որ Գյումրիի ընտրությունների օրինակով ՀՀԿ-ն դաշինք կկազմի իր արբանյակ ՀՔԴՄ-ի եւ «Ազգային միասնություն» կուսակցության հետ: Կեղծ ընդդիմադիր էլ նա համարում է անվանափոխված ՕԵԿ-ին. «Րոպեն մեկ իրեն ընդդիմություն-իշխանություն ներկայացնողն անշուշտ ՕԵԿ-ն է, որը հիմա «վերածնվում է» «Ազգային վերածննդի»: Չի կարելի մեկ սերնդի կյանքի ընթացքում նման բաներ անել»: Տիկին Ալավերդյանն իր ասածը չի վերագրում այդ կուսակցության բոլոր անդամներին, քանզի կուսակցություն մտնելու կամ դուրս չգալու մոտիվացիաները տարբեր են: «Բայց այդպիսի ընդդիմություն մենք արդեն տեսել ենք 2007 թվականին, հիշում ենք, թե ում որոշումով են 2008-ի դեպքերը տեղափոխվել իշխանական դաշտ, եւ տեղի է ունեցել արյունահեղությունը: Ես զգոնության կոչ եմ անում, որովհետեւ այսպիսի գործընթացներով կարող է պատրանք ստեղծվել, թե այս կուսակցությունն ընդդիմադիր է»,- ասաց նա: Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ իր հստակ դիրքորոշումը պետք է արտահայտի նաեւ ՀՅԴ-ն՝ նաեւ իբրեւ պատմական կուսակցություն, որպեսզի հասարակությունն ի վերջո հասկանա` ունե՞նք ձախ` սոցիալական, գրեթե սոցիալիստական գաղափարախոսություն: Սրանք մարտահրավերներ են, որոնց առջեւ, մեր զրուցակցի համոզմամբ, առաջիկայում կանգնելու է ժողովուրդը, ու քանի որ մարդիկ դյուրահավատ են, դա քաղաքական գործընթացներում շատ վատ դեր կխաղա:

Երեկ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ հավաքներ է սկսելու, հանրությանը կոչ է արել ակտիվ մասնակիցը լինել այդ գործընթացների, սատար կանգնել «Սասնա ծռերի» տղաներին: Ժամանակին, երբ «Ժառանգությունը» տակավին նորաստեղծ կուսակցություն էր, խորհրդարանում ուներ բավական ակտիվ խմբակցություն, արդյունավետ աշխատանք էր տանում, եւ որոշ վերլուծություններով՝ այդ ամենը փոշիացվեց հենց Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռամբ: Նաեւ` նախորդ նախագահական ընտրությունների փորձն ունենք, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը երկրորդ տեղը զբաղեցրեց, բողոքի ակցիաներ սկսեց, մարդիկ դուրս եկան Ազատության հրապարակ, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը Վլադիմիր Գասպարյանի հետ գնաց աղոթելու, ապա մեկնեց Մոսկվա` պարոն Պուտինից մեր հաղթանակը բերելու: Այս ամենից հետո մարդիկ կվստահե՞ն Րաֆֆի Հովհաննիսյանի կոչերին, մեր հարցին Լարիսա Ալավերդյանն ասաց, որ տարբեր կուսակցություններ առանձին-առանձին սկսել են ակտիվություն ցուցաբերել, եւ դա նախընտրական պայքար է հիշեցնում: Այս դեպքում էլ Լարիսա Ալավերդյանը զարգացումներ դիտարկում է հանրության դյուրահավատության համատեքստում: Ընդհանրապես, ինքը կարծում է, որ ցանկացած քաղաքական ուժ, ցանկացած գործիչ, որը հավակնություններ ունի, պետք է դրանք իրացնի իր գործած սխալների վերլուծությամբ եւ ճանաչողությամբ, դրանք շտկելու տրամադրություններով: «Ես ՀՀՇ-ին էլ եմ նույն բանն ասել. այն ուժը, որը ձախողել է երկրի զարգացումը, կուսակցության գործունեությունը, նախեւառաջ պետք է, չասեմ՝ մեղայականով հանդես գա, բայց վերլուծի իր գործած սխալները: Այնինչ, ես լավ հիշում եմ, երբ 2008 թվականին առաջին նախագահը հրավիրվել էր «Ժառանգություն», հարցին` արդյոք ԼՂՀ հարցում, տնտեսական կամ արտաքին քաղաքականության ոլորտներում իր իշխանության տարիներին եղե՞լ են սխալներ, նա խոստովանեց միայն մեկ սխալ: Դա Ռոբերտ Քոչարյանի` այստեղ՝ Հայաստանում, հայտնվելն էր: Ես չեմ ընդունում այնպիսի ուժերի վերածնունդը, որոնք սկզբից չեն ասում, թե որտե՞ղ է եղել իրենց սխալը, եւ ինչպե՞ս են իրենք ժողովրդին հուսախաբ արել»,- ասաց մեր զրուցակիցը: Հստակեցնող հարցին` իր այս մոտեցումը նաեւ «Ժառանգությա՞նն» է վերաբերում, մեր զրուցակիցն ասաց. «Անշուշտ: Մի կողմ եմ թողնում` ո՞վ, ինչո՞ւ եւ ինչպե՞ս փոշիացրեց, բայց որ դա տեղի է ունեցել` փաստ է: Ես ջատագովն եմ բոլոր այն ազնիվ մարդկանց, որոնք թե մարզերում, թե շրջաններում «Ժառանգության», այսպես ասած, շարքային անդամներն էին: Իրապես շատ ազնիվ խավ էր ընդգրկված այդ կուսակցության մեջ, չի բացառվում, որ նրանք էլի կան: Կուսակցության էլիտայի եւ նրա փոքր-ինչ անգամ սայթաքումը շատ ծանր է անդրադառնում ոչ միայն կուսակցության զարգացման վրա, այլեւ ժողովրդի ընկալումների: Բայց մեր ժողովուրդը քաղաքական սխալները շուտ մոռացող է: Քաղաքական սխալները, ոչ թե հանցագործությունները, ինչի կոչն էր անում երկրի գործող նախագահը: Իսկ քաղաքական ուժերի հանդեպ էլ վերին աստիճանի մեծահոգի է: Նախադեպերն ունենք: Այսինքն՝ հասարակությունը դեռ քաղաքական հասունության, ինքնագիտակցության ճանապարհ ունի անցնելու»:

Ի դեպ, մի քանի օր առաջ, երբ ցուցարարները Բաղրամյան պողոտայում էին, www.1in.am-ին տված հարցազրույցում Րաֆֆի Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ միգուցե զոհ է պետք, միգուցե արյունից պետք է ծնվի Նոր Հայաստանը: Համամի՞տ եք իր հետ` հարցրեցինք Լարիսա Ալավերդյանին: Տիկին Ալավերդյանը հիշեց, որ մի առիթով նմանօրինակ մի հարցի պատասխանից հետո թերթերից մեկը գրել էր, թե Լարիսա Ալավերդյանն այդպես էլ չդարձավ քաղաքական գործիչ` մնալով հասարակական գործիչ: «Ես քաղաքական գործիչ չեմ: Պատմականորեն այդ արտահայտությունները հատուկ են քաղաքական գործիչներին: Որեւէ մի արյուն ես ոչ արդարացնում եմ, ոչ պահանջված եմ համարում: Ես այդպիսի բան չեմ ընդունում»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031