Լրահոս
Օրվա լրահոսը

«Չունենք որմնանկարչության վերականգնման դպրոց»

Օգոստոս 05,2016 12:30

Ֆլորենցիայի վերականգնման ինստիտուտում սովորած եւ որմնանկարի վերականգնողի մասնագիտացում ստացած Արեգ Պետրոսյանի դիտարկումները:

Նկարների, մասնավորապես՝ որմնանկարների վերականգնման կառույցներ ու դասընթացներ քանիցս նախաձեռնվել է ստեղծել, բայց այդպես էլ գործը ավարտին չի հասցվել: Մեր հանրապետությունում որմնանկարչություն ու դրա վերականգնման աշխատանքների մասնագետներ, ավելին՝ դպրոց չկա: Մեզ հայտնի են Մինաս Ավետիսյանի, Աթոյանի եւ մյուսների որմնանկարների վերականգնման աշխատանքներին մասնակից մի քանի հայաստանցի մասնագետների անուններ, որոնք մշակույթի նախարարության աջակցությամբ աշխատում են հիմնականում Իտալիայից հրավիրված վերականգնողների հետ համատեղ:

IMG_5675

Թեմայի վերաբերյալ «Առավոտը» զրուցեց Ֆլորենցիայի վերականգնման ինստիտուտի «Պալացցո Սպինելլի» որմնանկարի բաժնում սովորած եւ համապատասխան՝ որմնանկարի վերականգնողի մասնագիտացում ստացած քանդակագործ Արեգ Պետրոսյանի հետ:

IMG_5676

Արվեստագետը նշեց, որ որմնանկարչությունը բնույթով նման է բժշկությանը՝ թե մոտեցման, թե աշխատանքային գործիքների առումով: «Նախ հետազոտում ենք, հետո եզրակացություն հայտնում, որից հետո նոր սկսվում է բուն աշխատանքը»,- ասաց Արեգ Պետրոսյանը:

Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ քաղքեդոնական, բյուզանդական որմնանկարային արվեստը ի սկզբանե չի ընդունվել մեր պաշտոնական եկեղեցու կողմից, թեեւ այդ որմնանկարների հեղինակները հայեր են եղել: Արեգ Պետրոսյանը հավելեց, որ այդ աշխատանքները ավելի ճոխ են, օգտագործված են ոսկի, թանկարժեք նյութեր, իսկ Հայ առաքելական եկեղեցու տաճարները զուսպ են, դասական, քանի որ դրանք համարվում են տիեզերական կապի համակիրներ: «Մենք այսօր համարյա չունենք որմնանկարչության դպրոց»,-շեշտում է արվեստագետը:

IMG_5677

Հարցին՝ իսկ Մինասի, Հակոբ Հակոբյանի, Հենրիկ Սիրավյանի, Սարգիս Մուրադյանի մոնումենտալ գործերը որմնանկարներ չե՞ն, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դրանք մոնումենտալ գեղանկարչության նմուշներ են եւ հեռու՝ որմնանկարչություն կոչվելուց՝ դասական իմաստով»:

Արեգ Պետրոսյանը հաստատեց, որ իր գործընկերների՝ վերականգնող մասնագետներ Ալիկ Հովհաննիսյանի, Արմեն Մնացականյանի, Վահագն Ջիվանյանի, Մարինա Գեւորգյանի եւ մյուսների հետ՝ իտալացիների օգնությամբ վերականգնել են հայկական մոնումենտալ գեղանկարչության նմուշները, այսօր էլ աշխատում են Գյումրիի հաստոցաշինական գործարանում գտնվող Հակոբ Հակոբյանի որմնանկարի վերականգնման վրա: Վերջինս տեղափոխվելու է Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն:

IMG_5678

Արեգ Պետրոսյանը մասնակցել է մասնավորապես Մինաս Ավետիսյանի «Արմենիա», «Հայկական հովվերգություն», «Գորգ են գործում», «Թել են մանում», «Երկանք», «Աղբյուրի մոտ», «Խաչքարի մոտ», «Թորոս Ռոսլին», Ռ. Աթոյանի «Ջաղչի ճամփին» որմնանկարների տեղափոխման եւ վերականգնման աշխատանքներին, Քոբայրի Սուրբ Կաթողիկե եկեղեցու որմնանկարների վերականգնման գործին:

Հավելենք, որ Արեգ Պետրոսյանը մասնակցել է նաեւ Իտալիայի Սան Կարլո եկեղեցու որմնանկարների վերականգնման աշխատանքներին:

Մեր դիտարկմանը, որ լինելով քանդակագործ եւ հայտնի ընտանիքի զավակ (քանդակագործ Բենիկ Պետրոսյանի եւ ջութակահար Ալիս Ադամյանի որդին է, քույրը նկարիչ Արեւ Պետրոսյանն է, եղբայրը՝ ջազմեն Վահագն Հայրապետյանը), ընդամենը 2 քանդակ ունի տեղադրված Իջեւանում՝ «Զինվոր» եւ «Հրեշտակ», արդյոք մոնումենտալ քանդակների սիրահար չէ՞, Արեգ Պետրոսյանը պատասխանեց. «Ես նախընտրում եմ քանդակների փոքր ֆորմաները, սրանք քաղաքային ինտերիերի համար նախատեսված էսքիզներ են՝ իմ ապագա մոնումենտալ գործերի համար»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031