Լրահոս
Օրվա լրահոսը

«Վեհափա՛ռ Տեր, Ձեր լռությունն ու անտարբերությունը կարող է կործանարար լինել մեր ժողովրդի համար». մի խումբ հավատացյալների նամակը՝ կաթողիկոսին

Օգոստոս 04,2016 22:58

    Նորին Սուրբ Օծություն  Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Վեհափա՛ռ Տեր,

Ձեզ գրում են մի խումբ պարզ հավատացյալներ` Հայ Առաքելական Եկեղեցու զավակներ, ովքեր խիստ մտահոգված են իրենց քրիստոնյա հայրենիքում կատարվող վայրագություններով:

Ակնհայտ է, որ ՀՀ նախագահի և ոստիկանության կողմից ահաբեկչության է ենթարկվում մի ողջ ժողովուրդ: Ոստիկանության կողմից վերջին երկու շաբաթվա ընթացքում կատարած գազանությունները լցրին բոլորիս համբերության բաժակը:

Ի սեր Քրիստոսի պահանջում ենք դատապարտել իշխանությունների կողմից իրականացված գործողությունները և հեռացնել ՀՀ Նախագահին և ոստիկանապետին, ինչպես նաև ոստիկանության ու կառավարության այլ բարձրաստիճան պաշտոնյանների Հայ Առաքելական Եկեղեցուց: Մենք այլևս չենք հանդուրժելու մեր Մայր Եկեղեցում մարդասպանների, պոռնիկների, գողերի ու ավազակների: Ճիշտ է` Քրիստոս եկավ մեղավորների համար, բայց մեղքը ներվում է, եթե մեղավորը ընդունում է իր մեղքը, ապաշխարում և քավում է այն:

Մի՞թե չեք տեսնում, որ մեր Տիրոջ Սուրբ Եկեղեցին պղծվում ու անարգվում է մարդկանց կողմից, ովքեր աղոթք են ասում ժողովարաններում, Աստվածաշունչ քարոզում և միևնույն ժամանակ Գողգոթա են տանում իրենց սեփական ժողովրդին` կրակելով, ծեծի ենթարկելով, նռնակներ նետելով անզեն մարդկանց և նրանց բնակարանների վրա, հայհոյելով կանանց, վիրավորելով երեխաների, պատանիների, տարեցների, հիվանդանոցում հարձակվելով մարդկանց վրա, սպանելով Արցախն ազատագրած, թշնամու խոշտանգումներից իսկ ծնկի չեկած մեր հերոսներին: Ամենը չենք կարող թվել. տեսագրություններ և այլ փաստեր կան, Ձերդ Սրբությունը կարող է անձամբ համոզվել:

ՀՀ իշխանությունները մեր երկրում ստեղծել են անբարո միջավայր. բոլոր կառույցներում բացահայտ կաշառակերություն է տիրում, ոստիկանները կավատությամբ են զբաղվում, դատարաններն անմեղ մարդկանց են ազատազրկում, անարդարությանը, այո’, հենց անարդարությանը չդիմանալով մարդիկ արտագաղթում են, բնակչության մեծ մասը աղքատության մեջ է, գյուղերը դատարկվել են, փողոցները լցվել են մուրացկաններով, արյան գնով նվաճված հողը վտանգի տակ է: Այս նվաստացումները մենք այլևս չենք կարող անտեսել:

Մեր Տերը հիմա մեզ նայում ու արտասվում է, և վերքերը արյուն են հոսում կրկին:

Վեհափա՛ռ Տեր, Ձեր լռությունն ու անտարբերությունը կարող է կործանարար լինել մեր ժողովրդի համար: Եկեղեցու հեղինակությունն այս պահին վտանգված է: Մեր եկեղեցին, որը մեր ազգի առանցքն է եղել դարեր ի վեր, այժմ առհավետ կարող է կորցնել իր հոտը: Ազգի արդարացի ցասման դեմ, Դուք ոչինչ չեք կարող անել: Մի՛ եղեք այն Կաթողիկոսը, ում օրոք Հայ Եկեղեցու վրա խարան կդրվի, մի՛ խոցեք Տիրոջ վերքերը:

Մենք` որպես եկեղեցու զավակներ, որ ամեն անգամ Մայր Տաճարում որևէ արարողության մասնակցելիս Ձեր օրհնությունն ենք փափագել և ստացել, Ձեզ համար աղոթել ենք, Ձեր պաշտպանության ու արդար խոսքի կարիքն ունենք: Ծնկաչոք աղաչում ենք, որ որպես հոգևոր հայր մեր երկրի, դատապարտեք ՀՀ իշխանությունների արարքները և կրկին ասում ենք եկեղեցի չթողնեք ՀՀ Նախագահին, ոստիկանապետին և այլ պաշտոնատար անձանց, մինչև նրանք չխոստովանեն իրենց մեղքերը և չքավեն դրանք` փոխհատուցելով ժողովրդին հասցրած ահռելի վնասները:

Շուտով Աստվածածնի Վերափոխման տոնն է, ու մենք ստիպված կլինենք չայցելել մեր սիրելի Մայր Տաճար` մասնակցելու Սուրբ և Անմահ Պատարագին, եթե այնտեղ ներկա է լինելու այդ հանցախումբը: Եվ առհասարակ երևի թե ստիպված կլինենք աղոթել բաց երկնքի տակ, ու միակ խորանը կլինի մեր վիրավոր սիրտը:

Ձե՛րդ Սրբություն, մի՛ զրկեք մի ամբողջ ժողովրդի Քրիստոսին հաղորդվելուց ու փրկության հույսից: Եթե այսօր լռեք, վստա՛հ եղեք, որ Ձեր ձայնն այլևս լսելի չի լինի:

 

Մատչիմք ի համբոյրն Ձերդ Օծեալ Ս. Աջոյն

«Ես եմ լավ հովիվը. լավ հովիվը իր կյանքն է տալիս ոչխարների համար»: (Հովհ. 10:11)

Հայ Առաքելական Եկեղեցու զավակներ

«Առավոտի» տեղեկություններով՝ այս նամակը մի քանի օր առաջ հավատացյալները ուղարկել են Մայր աթոռ Սուրբ Էջմիածին, սակայն չգիտեն, արդյո՞ք այն հասել է հասցեատիրոջը, թե՞ ոչ: Այդ իսկ պատճառով ցանկացան հրապարակել բաց նամակի տեսքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քէշիշեան Խորէն says:

    իմաստ ունի՞ չարի դադարման համար չարպետին դիմել : Այսօր սատանայի գլխաւոր ծառան Հայաստանի մէջ այս չկաթողիկոսն է : Միակ բանը որ պէտք է ընել անոր անմիջական վռնտումն է եւ արտաքսումը Լուիս Սիմոնի մօտ

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031