Ազատության հրապարակում մեկնարկած պոետիկ հանրահավաքի ժամանակ այսօր ելույթ ունեցավ նաեւ «Ղարաբաղ կոմիտեի» անդամ Աշոտ Մանուչարյանը:
Ըստ նրա՝ բացարձակ կարեւոր չէ հրապարակում հավաքված քաղաքացիների թվաքանակը. «Այստեղ խոսում է Հայաստանը, խոսում է հայ ժողովուրդը, բոլորս փորձում ենք հասկանալ՝ ինչ ուղի ենք ընտրել ու ինչպես ենք անցնելու այդ ուղին»:
Անդրադառնալով կոչերին, թե պետք է երթով գնալ ԱԱԾ, Ոստիկանություն կամ այլ տեղ՝ պարոն Մանուչարյանն ասաց՝ գնալը ոչինչ չի տա. «Լուծում է միայն մի սուբյեկտ, մի էակ, որին պետք է դիմենք, որի դուռը գնալու ենք այստեղից ամեն օր, մինչեւ այդ էակը չարթնանա ու չգա այստեղ: Այդ էակը հայ ժողովուրդն է»:
Նա հարց տվեց՝ ո՞վ է փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը, հետո հիշեցրեց, որ նա Չարենցավանի գործարանի շարքային աշխատող էր. «1988-ին, երբ սկսվեցին արցախյան իրադարձությունները, մեկնեց Ղարաբաղի Ֆարուխ գյուղն, ընդունվեց անտառապահ ու վերցնելով որսորդական հրացանը՝ պահապան կանգնեց յոթ գյուղերի… նա սկզբում միայնակ պահեց գյուղը, մինչեւ եկան տղաները»:
Կարդացեք նաև
Նա նկատեց, որ Ավետիսյանն այն կռված տղաներից է, որոնց փակեցին՝ իշխանության տապալման փորձի մեղադրանքով. «Եվ այդ արեցին ապրիլյան պատերազմից առաջ, ոչ ոք չմտածի, որ երբ Վահան Շիրխանյանը, յոթ հազար հայերին դիմելով, հայտնվեց թիրախային վիճակում ու կալանավորվեց, չստեղծվեց հայ սպաների միությունը»:
Դիմելով իշխանություններին՝ պարոն Մանուչարյանն ասաց, որ «Մարտի 1-ից» սկսած խայտառակ հանցագործությունների տարափ են սկսել ընդդեմ հանրապետության, բայց ժողովուրդը լարվածություն, բախում չի ուզում. «Ապրում ենք վտանգավոր աշխարհում, մեր նպատակն է՝ ոչ մի կրակոց… բայց այստեղ պետք է լինի հայ ժողովուրդը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ