Անկարայի քաղաքական հետազոտությունների կենտրոնի աշխատակից Բուրչու Գյուլթեքին Պունսմանն այն կարծիքին է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման իրականացումը մեծ ազդեցություն կունենար նաև Հայաստանի վրա:
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց ասուլիսին Aravot.am-ի այն հիշեցմանը, թե ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրերս հայտարարեց, որ Թուրքիան կարող է մասնակցություն ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, ու արդյոք դա իրատեսակա՞ն է, արդյոք այդ մասնակցությանը կողմ կլինեն ԵԱՀԿ համանախագահները, Գյուլթեքին Պունսմանը խուսափեց որևէ հստակ պատասխան տալ` նշելով, որ բավարար տեղեկություններ այդ մասին չունի: Սակայն բարձր գնահատեց Ռուսաստանի ջանքերն ու կառուցողականությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:
Հետաքրքրվեցինք` համամի՞տ է այն կարծիքներին, որ ռազմական հեղաշրջման փորձի ֆոնին սրվել են Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունները և ինչպե՞ս կանդրադառնա ռազմական հեղաշրջման փորձը Թուրքիայի` ԵՄ անդամակցության գործընթացի վրա, փորձագետը պատասխանեց. «Այո սարսափելի մի փորձություն էր թուրք քաղաքացիների, Թուրքիայի ժողովրդավարության համար: Փառք Աստծո, այս քրեական փորձը հաջողություն չունեցավ, քանի որ այն կարող էր վերածվել քաղաքացիական պատերազմի, և պատկերացնում եք`այն ինչ բացասական ազդեցություն կարող էր ունենալ տարածաշրջանի վրա, ներառած Հայաստանը»:
Փորձագետը վստահ է, որ հեղաշրջման փորձի հաջող ավարտի արդյունքում հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարը կվերանար ամբողջությամբ. «Չեմ կարծում, որ հեղաշրջման փորձն ինչ-որ ընդհանուր բան ունի Էրդողանի դիրքերի ամրապնդման հետ: Չե՞ք նկատել, որ Թուրքիայի SOCAR-ի ղեկավարությունը փոխվել է հեղաշրջման փորձից հետո, և, որ նախորդ ղեկավարը ձերբակալվել է»:
Կարդացեք նաև
Դառնալով ռուս-թուրքական հարաբերություների ջերմացման փուլին` թուրք վերլուծաբանը նշեց, որ Թուրքիան լուծում պահանջող շատ ավելի հրատապ հարցեր ունի այսօր:
Ըստ նրա` ռուս-թուրքական ճգնաժամը բացասական ազդեցություն ունեցավ նաև Հարավային Կովկասի, այդ թվում` ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա. «Ռուսական հակաթուրքական քարոզչությունն իր բացասական ազդեցությունը թողեց հայաստանյան հանրային կարծիքի վրա»:
Այդ համատեքստում Բուրչու Գյուլթեկին Փունսմանը զուգահեռներ տարավ, թե «այն, որ հայերի վախը թուրքերից մեծանում է, փոքրացնում է քաղաքականության հնարավորությունները»:
Հիշեցնելով, որ շուրջ երկու տասնամյակ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կողմնակիցն է եղել, նա նշեց, թե Թուրքիան այլընտրանք չունի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում. «Թուրքիան պետք է կարգավորի իր հարաբերությունները Հայաստանի հետ, որպեսզի ակտիվ դիրքեր ստանձնի Հարավային Կովկասում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ