Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոստանյանի հրաժարականը Եվրադատարանի եւ ոստիկանության ապօրինությունների հետ է կապված». Սաքունց

Օգոստոս 04,2016 17:46

ՀՀ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրաժարականը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը կապում է հուլիսի 17-31-ը տեղի ունեցած դեպքերի հետ, ավելի կոնկրետ՝ «Սասնա ծռերի» կողմից պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելու եւ ապա դրան հաջորդած դեպքերի եւ իրավապահ մարմինների կողմից թույլ տված ապօրինությունների հետ:

Aravot.am-ի հետ զրույցում գլխավոր դատախազի հրաժարականի առնչությամբ Սաքունցը հետեւյալ կարծիքը հայտնեց.«Անմիջականորեն կապված է հուլիսի 17-ից 31-ը տեղի ունեցած իրադարձությունների հետ: Իմ համոզմամբ՝ դա ուղղակիորեն կապ ունի ոստիկանության ապօրինությունների այն ծավալի հետ, որին մենք ականատես եղանք: Ըստ երեւույթին, գլխավոր դատախազը, որպես ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եվրոպական դատարանում, լավ գիտակցել է, որ չի կարողանալու պատշաճ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության շահերը, քանի որ հնարավոր է դիմումներ լինեն: Ի դեպ, նաեւ մարտի 1-ի դիմումների հետ կապված քննարկման փուլն է, այսինքն, չի հանձնառել այդ պատասխանատվությունը վերցնել»:

'Partnership for Open Society' initiative organized a public debate around the draft of the new electoral code of Armenia at Congress Hotel

Այսինքն, ինչպես որ սոցցանցերում է շրջանառվում՝ բարոյակա՞ն քայլ էր՝ մեր այս հարցին ի պատասխան, Սաքունցն ասաց. «Չեմ կարող ասել՝ բարոյական, թե՝ անբարոյական: Համակարգի տեսակետից գուցե անբարոյական քայլ է, բայց կարծում եմ պատասխանատվություն չի ուզում վերցնի այն ապօրինությունների համար, որ համակարգը թույլ տվեց հանձինս ոստիկանության՝ այդ ահաբեկչական գործողություններն ընդդեմ քաղաքացիների»:

Մեր այն դիտարկմանը, որ քաղաքացիների, քաղաքական գործիչների նկատմամբ քրեական գործեր են հարուցվում եւ մեղադրանքներ առաջադրվում, ինչպես փաստաբաններն են պնդում, ոստիկանների ցուցմունքների հիման վրա, ինչը եղել է նաեւ մարտի 1-ի դեպքերի հետ կապված, իսկ դատախազությունը նախաքննությունը վերահսկող մարմինն է, Սաքունցն ասաց.«Այո, դատախազությունն է հսկողություն իրականացնում նախաքննության նկատմամբ: ԵԽԽՎ-ն արդեն մարտի 1-ի դեպքերով ունի բանաձեւեր, որոնցում հստակ նշված է, որ ոստիկանական ցուցմունքների հիման վրա մեղադրանքներն ու քրեական գործերը կասկածելի են: Բնականաբար Կոստանյանը դրանք կամ չեղյալ պիտի հայտարարի կամ իրականացնի ԵԽԽՎ մոտեցումները, այս առումով հո չէ՞ր կարող ակնհայտ կեղծիքի գնալ»:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից հետո ԵԽԽՎ-ն մի քանի բանաձեւեր ընդունեց Հայաստանի դեմ: Ոստիկանների ցուցմունքների հիման վրա կազմած քրեական գործերն ու մեղադրանքներն, ըստ այդ բանաձեւերի, դիտարկվեցին որպես քաղաքական շարժառիթներ: Ընդ որում, ԵԽԽՎն իր մտահոգությունն էր հայտնել եւ հորդորել մեր երկրի իրավապահ մարմիններին շտկել դրանք:

Aravot.am-ի այն հարցին՝ առաջիկայում այս նույն պատճառով այլ պաշտոնյաների հրաժարականներ հնարավո՞ր է լինեն, Սաքունցն ասաց՝ «Հատուկ քննչական ծառայության պետի՝ Վահրամ Շահինյանի»:

Հիշեցնենք, որ հատուկ քննչական ծառայության գործառույթներն են՝ «Օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաեւ ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն: Անհրաժեշտության դեպքում ՀՀ գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել եւ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնել քրեական գործեր, որոնք առնչվում են սույն մասում թվարկված պաշտոնատար անձանց հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններին, կամ որոնցով այդ անձինք ճանաչված են որպես տուժող»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031