«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ուղիղ հեռարձակմամբ միացման ընթացքում պատասխանեց նաեւ օգտատերերից մեկի հարցին, թե արդյոք հնարավոր է Արցախի խնդրի կարգավորումը փոխզիջումային եղանակով:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսպիսի պայմաններում փոխզիջումների մասին խոսելը շատ նման է կապիտուլյացիայի. «Փոխզիջման մասին նույնիսկ տեսականորեն կարելի է խոսել այն պայմաններում, երբ կա փոխզիջման մթնոլորտ: Երբ քո հակառակորդը կամ դիմացի կողմը սպառնում է քեզ ոչնչացնել, իսկ դու ի պատասխան ասում ես՝ մենք պատրաստ ենք փոխզիջումների, դա արդեն նշանակում է, որ դու պատրաստ ես կապիտուլյացիայի, համենայն դեպս այդպիսի հոգեբանական ֆոն ես ստեղծում»:
Նիկոլ Փաշինյանը այս մթնոլորտում փոխզիջման որեւէ հնարավորություն չի տեսնում. «Իսկ ի՞նչ է պատրաստ զիջել Ադրբեջանը: Ադրբեջանը շատ հստակ ասում է, որ ինքը ոչինչ պատրաստ չի զիջել: Այդ դեպքում ի՞նչ փոխզիջման մասին կարող է խոսք լինել: Եվ այս պայմաններում, երբ Ադրբեջանը ասում է՝ ինքը ոչինչ պատրաստ չի զիջել, բնականաբար, հայկական կողմի դիրքորոշումը պետք է լինի համարժեք: Իսկ որպեսզի այդ դիրքորոշումը լինի համարժեք մենք պետք է հետեւողականորեն ուժեղացնենք մեր զինված ուժերը, մեծացնենք անվտանգության մակարդակը՝ ինքնիշխան անվտանգության մասին է խոսքը, ոչ թե այս կամ երկրի հետ պայմանագիր կնքենք, որտեղ թղթի վրա գրված կլինի, որ իրենք օգնելու են կամ ապահովելու են մեր անվտանգությունը: Մեր անվտանգությունը պետք է ապահովենք մենք ինքներս, եւ այս փուլում փոխզիջման մասին խոսելը ավելորդ է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ