Բիզնեսի հետ գործընկերային փոխհարաբերություններն ամրապնդելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն 2016 թվականի մարտից հարկային կարգապահության և օրենսդրության խախտումներ թույլ տված տնտեսվարողների նկատմամբ որդեգրել է նոր գործելաոճ` բիզնեսի գործունեությանն անհարկի չմիջամտելու և ավելորդ վարչարարությունը բացառելու տրամաբանությամբ՝ միաժամանակ տնտեսվարողներից ակնկալելով թափանցիկություն:
ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանի տեղեկացմամբ` վարչարարության արդյունավետության բարձրացման նպատակով կիրառվող նոր մեխանիզմն ունի ոչ թե պատժիչ, իրավունքների իրականացումը սահմանափակող ազդեցություն, այլ օգնում է հարկ վճարողներին իրացնել օրենքով ամրագրված իրավունքները` առանց պետությանը վնաս պատճառելու:
«Այս առումով հատկանշական է հարկային պարտավորություններ ունեցող և իրավախախտում թույլ տված հարկ վճարողների լիարժեք ծանուցումը` փոստով և էլեկտրոնային եղանակով: Հարկատուներն այժմ ծանուցվում են մինչև հարկային մարմնի կողմից պարտավորությունների գանձման որոշումների կայացումը: Որպես պարտավորությունների կատարմանն օժանդակող վարչարարական նոր գործիք շատ արդյունավետ կիրառվում է պարտավորությունների մարման ժամանակացույցերի կնքման ինստիտուտը: Այս դեպքում վերացվում է հարկ վճարողի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը»,-ընդգծել է կոմիտեի նախագահի տեղակալը: Ժամանակացույցերի կնքման վերաբերյալ դիմումների ներկայացման ընթացքը, քանակը և ժամանակացույցով ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման դինամիկան ապացուցում է, որ այն իրապես արդյունավետ է:
Արմեն Սաքապետոյանի դիտարկմամբ` 2016 թվականի առաջին կիսամյակում կատարված մի շարք օրենսդրական փոփոխությունները նույնպես դրական ազդեցություն կունենան գործարար միջավայրի բարելավման վրա: Պայմանավորված նաև ԵԱՏՄ օրենսդրության հետ ներդաշնակեցմամբ՝ ապաքրեականացվել են մաքսանենգության որոշ տեսակներ: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքով վերանայվել է «մաքսանենգության» սահմանումը և օրենսգրքով որպես մաքսանենգություն սահմանվել են միայն դրա առանձին դրսևորումները. «Սա նշանակում է, որ առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, մաքսային և այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելով կամ ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձևով չհայտարարագրելով, ոչ իր անվամբ հայտարարագրելով խոշոր չափերի` մեկ միլիոն դրամի կամ ավելի մաքսային արժեքով որոշ ապրանքների տեղափոխումը կամ ակցիզային դրոշմանիշով չդրոշմավորված 200 հազար դրամի և ավելի ապրանքների տեղափոխումը ՀՀ մաքսային սահմանով այլևս հանցագործություն չի համարվում. նման արարքների համար նախատեսվում է միայն վարչական պատասխանատվություն»:
Կարդացեք նաև
Իսկ հանրային վտանգավորություն ներկայացնող առանձին դեպքերի` վտանգավոր նյութերի, պայթուցիկների, ռազմամթերքի, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, մշակութային արժեքների, ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափից ավելի կանխիկ դրամական և այլ վճարային միջոցների մաքսանենգությունը շարունակելու է համարվել քրեորեն պատժելի:
Արմեն Սաքապետոյանի տեղեկացմամբ` առանձնահատուկ աշխատանքներ են տարվում նման դեպքերի մաքսանենգության կանխման և բացահայտման ուղղությամբ: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում ՊԵԿ քննչական վարչության 3-րդ բաժնում քննվող 206 քրեական գործերից շուրջ 150-ի վարույթը գտնվում է կարճման փուլում, իսկ մնացած քրեական գործերը, որոնք վերաբերում են հանրային վտանգավորություն ներկայացնող առանձին դեպքերի մաքսանենգությանը, համապատասխանեցվում են ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխված նոր հոդվածներին: Կարճման ենթակա այն քրեական գործերը, որոնց օրինականությունը ստուգվում է ՀՀ դատախազության կողմից և առկա են վարչական իրավախախտման փաստական հանգամանքներ, ուղարկվում են ՊԵԿ համապատասխան ստորաբաժանում` վարչական վարույթի իրականացման համար: «Oրենսդրական փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի նվազ ծանրության (խոշոր չափերի չհասնող) իրավախախտումների դեպքում անձանց չենթարկել քրեական պատասխանատվության, ինչը, որպես կանոն, հանգեցնում է անցանկալի հետևանքների, մասնավորապես անձը համարվում է դատված և բազմաթիվ օրենքներով սահմանված դեպքերում զրկվում որոշակի իրավունքներից, այլ ենթարկել վարչական պատասխանատվության՝ կիրառելով նյութական (ֆինանսական) պատասխանատվություն, ինչն ավելի արդյունավետ է տնտեսական բնույթի իրավախախտումների կանխարգելման գործում»,-ընդգծել է Արմեն Սաքապետոյանը:
ՀՀ ՊԵԿ և ՀՀ գլխավոր դատախազություն համագործակցության արդյունքում ՊԵԿ քննչական վարչության վարույթներում քննվող քրեական գործերով քննությունն իրականացվում է բազմակողմանի և միմյանց հետ համաձայնեցված սկզբունքներով, ինչի արդյունքում բացառվում են անձանց իրավունքներին ու օրինական շահերին անտեղի միջամտող վարույթների իրականացումը և ապահովվում է օրինականության նկատմամբ լիարժեք հսկողությունը: Պետական եկամուտների կոմիտեն մեծ նշանակություն է տալիս նաև տնտեսական ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական և միջազգային կազմակերպությունների կողմից բարձրացված խնդիրներին. նրանց հետ կառուցողական քննարկումների արդյունքում բոլոր հարցերին տրվում են օպերատիվ և օբյեկտիվ լուծումներ, անհրաժեշտության դեպքում նախաձեռնվում են օրենսդրական փոփոխություններ: Կարևորելով համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերի պատճառների վերացման խնդիրը` կոմիտեն Համաշխարհային բանկի, ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի և մի շարք այլ հեղինակավոր միջազգային և տեղական հասարակական կառույցների հետ համագործակցությամբ սկսել է գործառույթների ուսումնասիրություն, ինչի արդյունքում առկա կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման և նվազեցման նպատակով իրականացնելու է պետական եկամուտների ապահովման ոլորտում հակակոռուպցիոն ծրագրով նախատեսված լայնածավալ միջոցառումներ:
Հատկանշական է, որ նոր վարչարարությունն արդեն հարկ վճարողների կողմից դրական արձագանքների է արժանացել: Ըստ Անդրանիկ Վարոսյանի, ժամանակացույցի կիրարկման արդյունքում տնտեսվարողն, առանց վտանգելու իր բիզնես գործունեությունը, կատարում է հարկային պարտավորությունները` միաժամանակ չառաջացնելով ընթացիկ պարտավորություններ, ինչը, սակայն հնարավոր չէր իրականացնել առանց ժամանակացույց կնքելու և արգելանքի վերացման: Սուրեն Բեկիրսկիի գնահատմամբ` ծանուցումների համակարգը հնարավորություն և ժամանակ է տալիս տնտեսվարողին վճարելու պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունները` իրավիճակը չհասցնելով հարկադրանքի միջոցների կիրառման:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին