Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. Լինել հակաճգնաժամային խորհրդում՝ նշանակում է համաձայնել կանխորոշված պարտությանը

Օգոստոս 04,2016 17:03

Օգտատերերից մեկը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվում էր, թե արդյոք հնարավո՞ր է քաղաքական ամբիցիաները մի կողմ դնելով ստեղծել «Սասնա ծռեր» դաշինք: Նիկոլ Փաշինյանը, ուղիղ եթերում պատասխանելով հարցին, ասաց. «Մենք այն համոզմունքին ենք, որ քաղաքական դաշինքները՝ նախընտրական կամ իրավիճակային, սպառել են իրենց: Երբ որ դաշինքները, ուժերը միավորված չեն, ստրատեգիական, ընդհանուր տեսլականով, ասելիքի եւ անելիքի ընդհանրությամբ դա ի վերջո բերելու է ձախողումների, որովհետեւ ուժեղ քաղաքական թիմերի առկայությունը, որոնք ոչ թե անձնական հարաբերություններով են կապված, այլ քաղաքական սկզբունքներով, չափազանց կարեւոր գործոն է հաջողության հասնելու համար»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ չկա մի դաշինք, որը կարողացել է ծառայել իր հռչակած նպատակներին. դրանք կա՛մ սկզբում, կա՛մ կեսում, կա՛մ վերջում փլուզվել են. «Այս հարցերը չեն որոշվում մեկ հարցազրույցի, մեկ ելույթի կամ մեկ դիրքորոշման շրջանակներում. սա կոմպլեքս խնդիր է եւ այս խնդիրները լուծելիս պետք է շատ զգույշ լինել: Մի բան է վազել դաշինքներ կազմելու եւ ուրիշ բան է հետագայում բացատրություններ տալ եւ պատասխանատվություն կրել այդ դաշինքների համար»:

Պատգամավորը անդրադարձավ նաեւ ձեւավորված համակարգող խմբին՝ նշելով, որ այն չէր կարող ստանձնել քաղաքական պատասխանատվություն. «Հենց թեկուզ անվանական կազմի բերումով, հենց թեկուզ խայտաբղետության բերումով: Շատերը ասում են՝ գնայիք հակաճգնաժամային խորհրդի մեջ ընդգրկվելու: Ես համոզված եմ՝ այդ ասողների 90 տոկոսը չի հիշում 1996 թվականի սեպտեմբերի դեպքերը, որտեղ շատ ակտիվ դերակատարներ էին ե՛ւ Պարույր Հայրիկյանը, ե՛ւ Ալբերտ Բաղդասարյանը, իսկ ես՝ որպես լրագրող, այդ իրադարձությունները լուսաբանել եմ: Ինձ համար ակնհայտ էր՝ լինել այդտեղ, նշանակում է համաձայնել կանխորոշված պարտությանը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031