Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարև Երևանը» ՀՔԾ-ից պահանջում է ազատ արձակել Երեւանի ավագանու անդամներ Արմեն Մարտիրոսյանին և Դավիթ Սանասարյանին

Օգոստոս 04,2016 16:19

4 օգոստոսի 2016, Երևան: Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի կալանավորման փաստի առթիվ այսօր նամակով դիմեց ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ պարոն Վահրամ Շահինյանին: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Երկու ամսով կալանավորվել են Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանն ու Դավիթ Սանասարյանը, որով խոչընդոտվել է խմբակցության գործունեությունը:

Նկատի ունենալով խմբակցության փոքրաթիվ կազմը՝ կալանավորված մեր ընկերներից յուրաքանչյուրի ներկայությունն ու մասնակցությունը խմբակցության գործունեությանը շատ արժեքավոր է:

Հետևելով նրանց փաստաբանների հիմնավորումներին՝ համոզված ենք, որ Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի նկատմամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից հետապնդում է իրականացվում իրենց քաղաքական հայացքների համար, որը հակասահմանադրական է:

Պահանջում ենք շուտափույթ ազատ արձակել մեր ընկերներին: Նրանք երևանցիների կողմից ընտրված անձինք են, և նրանց կալանավորմամբ դուք խոչընդոտում եք մեր քաղաքացիների նկատմամբ իրենց պարտավորությունների իրականացմանը, որն իրեն ժողովրդավարական հռչակած երկրի համար անհամատեղելի երևույթ է:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարտավոր է հարգել երևանցիների ընտրությունն ու շուտափույթ ազատ արձակել Երևանի ավագանու անդամներ Դավիթ Սանասարյանին և Արմեն Մարտիրոսյանին»:

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության մամլո հաղորդագրություն

Հ. Գ. «Բարգավաճ Հայաստան խմբակցության» անդամներ Թամարա Պողոսյանն ու Արմինե Գյուլազյանը միացել են սույն պահանջին:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031