Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդկանց այրվածքները, բեկորային վնասվածքները «Զարյա» հատուկ միջոցի հետեւանքներն են». Երվանդ Վարոսյան

Օգոստոս 04,2016 15:45

Այսօր Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում Սարի թաղի ոստիկանական գործողությունների ու նոր քաղբանտարկյալների թեմայով քննարկման ժամանակ փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց, որ կամ մեր ոստիկանությունն այդպես էլ չսովորեց հատուկ միջոցների կիրառումը կամ էլ նպատակաուղղված ուզում էր վնաս հասցնել հանրահավաքի մասնակիցներին. «Զարյա» հատուկ միջոց նետել բազմության մեջ, նշանակում է դու պատկերացնում ես՝ կարող ես մարդ սպանել: Այրվածքները, բեկորային վնասվածքները բոլորը «Զարյայի» հետեւանքներն են: Անգամ վարժանքների ժամանակ է մարդ մահացել դրա կիրառումից: Հատուկ չափանիշներ կան ինչպես կիրառել, ուղղակի վերցնել եւ նետե՞լ»:

Վարոսյանն ասաց, որ 2008-ից հետո ոչինչ չի փոխվել, անգամ ցուցմունք սարքելու մշակույթը չի փոխվել: Եղիշե Պետրոսյանը ամսի 30-ից անազատության մեջ է, ժամը 20-ին իրեն ներկայացվել է ձերբակալության որոշում, այն պատճառաբանությամբ, որ հայտնի չէ իր գտնվելու վայրը: Եղիշե Պետրոսյանի հիվանդասենյակի մոտ ոստիկանական վերակարգ կա, բայց մարդը չգիտի՝ ինչում է մեղադրվում. վարույթն իրականացնող մարմինը ասել է, որ արձանագրություն չի կազմվել, հետեւաբար ձերբակալության որոշում չկա: Անհայտ է՝ անազատության մե՞ջ է հիմա Եղիշե Պետրոսյանը, թե՞ ոչ: Եթե չկա ձերբակալության որոշում, ինչո՞ւ է հիվանդասենյակը հսկվում:

Նա ասաց, որ Անդրիաս Ղուկասյանն այս պահին ընդունում է ցավազրկողներ, ստանում է բուժօգնություն. «Հարվածները, որ հասցրել են մահակներով իր ծնկներին, ցավն ու հետեւանքները մինչ այսօր կան»:

Արմեն Մարտիրոսյանի փաստաբան Մալխասյանն ասաց, որ բացարձակ ապօրինություններ են կատարվել ոստիկանների կողմից. «Արմեն Մարտիրոսյանի առողջական վիճակը հիմա բավարար է, դա պայմանավորված էր նախորդ օրերին ունեցած սթրեսային, նյարդային վիճակի հետ: Դատարանում միջնորդում ենք, խնդրում ենք, որ կոնվենցիայով նախատեսված է, որ անձին պետք է բավարար հնարավորություն ընձեռեք պաշտպանության համար: Նյութեր են տվել, որոնք որեւէ կապ չունեն խափանման միջոցի կիրառման հիմքերի հետ կապված: Դատարանը 1 ժամ ժամանակ է տրամադրում, այն դեպքում, երբ հանգստացնող նյութեր են ներարկել ու Արմեն Մարտիրոսյանը արդեն դատական նիստերի դահլիճում քնել է, ի՞նչ պաշտպանության մասին է խոսքը»:

Դավիթ Սանասարյանի փաստաբան Ռոբերտ Ռեւազյանն ասաց, որ ոստիկանները ցուցմունք են տվել, թե Սանասարյանը, Արմեն Մարտիրոսյանը հրահրում էին, որ քարեր հավաքեք, ոստիկանական պատը ճեղքենք, միանանք «Սասնա ծռերին»: Երեւակայությունը ավելի լավ կարող էր լինել, բայց ասում ենք՝ լավ, այդքան տեսանյութեր կան, մի հատ տեսանյութ ներկայացրեք, էլի, որ իրենք այդպիսի կոչեր էին անում, այդքան ԶԼՄ կար, գաղտնիության պայմաններո՞ւմ էին անում, եթե հասարակությանը հրահրում էին: Զավեշտ է, բայց այստեղ իրավաբանությունը չի գործում, քաղաքականություն է գործում, որը խանգարում է իրավաբանությանը»:

Նա զարմանում է, թե ոստիկաններն ինչ գործ ունեն հիվանդանոցներում, վերակենդանացման բաժանմունքների մոտ: Դավիթ Սանասարյանին առեւանգել են, խաբելով տարել են, անգամ ծնողներին չեն տեղյակ պահել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031