Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Խառատյան. Ժիրայր Սեֆիլյանի հետ չհանդիպելն արդեն բազմաթիվ այլ դրժումների շարքին է դասվում

Օգոստոս 04,2016 15:23

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը «Նոյյան տապան» մամուլի սրահում նշեց, որ «Սասնա ծռերի» ընտրած ապստամբության ձևն անիմաստ էր ու հայտնեց, թե իր պատկերացմամբ որը կլիներ իսկական ապստամբությունը. «Եթե դու ապստամբել ես, պիտի գնայիր ձերբակալեիր Սերժ Սարգսյանին, և ատրճանակի սպառնալիքի տակ ինքը ստորագրեր իր հրաժարականը»:

Նա «Սասնա ծռեր» խմբի ապստամբությունը «անիմաստ, թույլ քաղաքական քայլ համարեց, որտեղ «փիառի» տարրեր կան»:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը հիշեցրեց, որ ապստամբներն առաջին իսկ օրից հայտարարել են, որ իրենց հետ որևէ բանակցություն պետք չէ վարել, այլ բանակցությունները պետք է վարվեն Ժիրայր Սեֆիլյանի հետ: Այս համատեքստում տիկին Խառատյանը հիշեցրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, եթե ապստամբները զենքը վայր դնեն, ապա ինքը կհանդիպի Ժիրայր Սեֆիլյանին. «Այս պահին Ժիրայր Սեֆիլյանի հետ չհանդիպելն արդեն բազմաթիվ այլ դրժումների շարքին է դասվում: Չեմ կարող ասել նաև, թե ինչ կարող է փոխել այդ հանդիպումը և այդ հանդիպման մերժումը ՀՀ նախագահի կողմից»:

Վերջին օրերին կատարվածը տիկին Խառատյանը իրավունքի ինստիտուտի չգոյության պատճառ համարեց. «Հենց այսօրվա գործողությունները, ցուցարարներին ներկայացված մեղադրանքներն ուղղակի փաստում են, որ իշխանություններն այս պահին հասարակության ակտիվ զանգվածին պատրաստվում են պատանդ դարձնել մինչև առաջիկա ընտրությունները: Մի կողմից սրանով ընտրությունների նախաշեմին հասարակական ակտիվությունը կնվազի, մյուս կողմից՝ մարդիկ ընտրությունների կգնան ահաբեկված, վախեցած, կամ չեն գնա»:

Ազգագրագետը ցավով նշեց, որ «այս ապստամբությունից իշխանությունը քաղաքական-սոցիալական դաս չառավ»: Նա մտահոգված է, որ շարունակվելու է նույն ռեժիմային իրականությունը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031