Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. Սերժ Սարգսյանի հայտարարությունը որոշակի շփոթ առաջացնելու նպատակ ուներ (Տեսանյութ)

Օգոստոս 04,2016 15:09

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ հեռարձակմամբ էր միացել: Մոտ մեկ ու կես ժամ տեւած ուղիղ հեռարձակման ընթացքում պատգամավորը պատասխանեց իրեն ուղղված հարցերի մի մասին:

Հարցերից մեկը վերաբերում էր Սերժ Սարգսյանի համազգային կառավարություն ստեղծելու մտադրության մասին: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ հայտարարությունը բոլորը չէ, որ ուշադիր ընթերցել են. «Իմ տպավորությամբ՝ Սերժ Սարգսյանը, խոսելով համազգային վստահության կամ համաձայնության կառավարության մասին, խոսում էր սահմանադրական փոփոխությունների արդյունքում բերված հնարավորությունների մասին: Ինքն այդքան ասում էր՝ համաձայնության կառավարություն, վստահության կառավարություն, վստահության իշխանություն, մենք դեկտեմբերին Սահմանադրությունը փոխել ենք եւ այդ փոփոխությունների արդյունքում մենք կունենանք վստահության իշխանություն, համաձայնության կառավարություն, եւ իմ տպավորությամբ, ինքը նկատի ուներ հերթական խորհրդարանական ընտրությունները:

Եվ իհարկե՛, իրեն հատուկ ոճով այդ հայտարարությունն անում էր այնպես, որ, այնուամենայնիվ, իրադարձությունները կարող են զարգանալ այնպես, որ անհրաժեշտ լինի զոհաբերել Հովիկ Աբրահամյանի կառավարությունը կամ, համենայնդեպս, ինքը այդ հայտարարությունը ուզում էր անել այնպես, որ Հովիկ Աբրահամյանը եւ իր կառավարությունը լիարժեք վստահ չլինեն, որ իրենց տեղն ու դիրքը ապահովված է: Այսինքն՝ իմ կարծիքով՝ այդ հայտարարությունը որոշակի շփոթ առաջացնելու նպատակ ուներ»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ չի կարծում, որ Սերժ Սարգսյանն առաջիկայում մտադրություն ունի ստեղծել նոր կառավարություն, եթե արտառոց ներքաղաքական կամ աշխարհաքաղաքական կոնյունկտուրան չփոխվի. «Այդ ելույթում ակնհայտ է, որ խոսում է՝ մինչեւ հերթական ընտրություններ, որոնք, ինչպես հայտնի է, տեղի են ունենալու մի քանի ամիս անց, ինքը չի պատրաստվում որեւէ փոփոխություն անել կոնկրետ կառավարության կազմում: Սերժ Սարգսյանի օգտագործած համաձայնություն, վստահություն տերմիններին ես կվերաբերվեի նույնպիսի լրջությամբ, ինչպիսի լրջությամբ մենք վերաբերվում ենք Սերժ Սարգսյանի հայտարարություններին կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031