Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Ամիրխանյան. «Սասնա ծռերը» կատալիզատոր են

Օգոստոս 04,2016 14:08

ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝  ի վերջո շարունակություն ունեցա՞վ իր այն հայտարարությունը, որ եթե ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամները զենքը վայր դնեն, ինքը նրանց ստեղծագործություն կձոնի, գրե՞լ է այդ ստեղծագործությունը:

«Այդ օրերին գրել-վերջացրել եմ, կոչվում է «Հավատում եմ քեզ, հպարտ իմ ժողովուրդ»: Եթե լինի համապատասխան ձեւաչափի զրույց, հնարավոր կլինի նաեւ հնչեցնել այդ գործը,  մեծ սիրով: Ավելին ասեմ՝ նման երգերի կարիքն այս պահին շատ կա, որովհետեւ փողոցում, մարդկանց դեմքերի վրա հիասթափություններ եմ տեսնում: Վերջացրի նաեւ մյուս երգը, որ կոչվում է «Ապրել եմ ուզում»:  Վերջինը հին գործ էր, ուղղակի ի վերջո արեցի ու վերջացրի»,-ասաց կոմպոզիտորը:

Հարցրինք՝ «Սասնա ծռեր» խմբի արածի մասին ի՞նչ է մտածում, ո՞վ էր խումբը իր համար:

«Նրանք հարցը բարձրացնող մարդիկ են, նրանք կատալիզատոր են, որոնք սահուն գնացող երկրի պրոբլեմները բարձրաձայնեցին, նրանք ձայն բարձրացրին մեր երկրում առկա անհարթությունների մասին: Այդ ամենի մասին բոլորս գիտենք, բայց մեկը պե՞տք է համարձակություն ունենա այդ ամենի մասին խոսելու, նրա մասին, որ մեր քաղաքում, երկրում ունենալով հսկայական բիզնեսի դաշտ՝  մեր թոշակառուն ստանում է ամենացածր գումարը, մարդիկ անապահով են, այդ փողերի մեջ ի՞նչ է երկու միլիոն մարդ պահելը: Այ, սրա մասին նրանք ահազանգ տվեցին, նրանց խնդիրը ես այսպես եմ գնահատում: Կարծում եմ, որ դա պետք է ունենա շարունակություն, որպեսզի մենք մեր տան ներսում խոսենք տեղի ունեցող իրադարձությունների մասին, թե չէ չի կարելի լռելյայն գնալ, երբ աջ ու ձախ ֆինանսական խարդախություններ կան»,-նշեց մեր զրուցակիցը:

Իսկ մթնոլորտ կփոխվի՞ այս ահազանգից հետո: Այս հարցին էլ Ռոբերտ Ամիրխանյանն այսպես պատասխանեց. «Անպայման կփոխվի…եթե դուք խմորը հունցեք ու չտանեք դեպի փուռը, էդ խմորը էդպես էլ կմնա խմոր… կարեւորը ոչ թե այն է,  ինչ եղել է, այլ այն է, ինչ դեռեւս պետք է լինի»:

Մեր զրուցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ «հողեր հանձնելու» վերաբերյալ մտահոգություններին ու շրջանառվող կարծիքներին:

«Դա շատ բարդ պատմություն է, որ գալիս է հնից, նրանք, ովքեր մեր նախագահին մեղադրում են այն բանի մեջ, որն իբր ուզում է հողեր հանձնել, ուզում եմ դրան հակադարձել այն փաստով, որ այդ մարդը իր կյանքը դրել է այս հողերը վերադարձնելուն՝ Ադրբեջանի հետ պայքարի ընթացքում հողերն ազատագրել է, նա երբեք չի կարող հանձնել այդ հողերը: Այստեղ մի խնդիր կա, որ գալիս է դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից, որ միջազգային ատյաններում սկսեց շրջանառվել մի բանաձեւ, որի ձեռքը մինչեւ հիմա կրակն ենք ընկած: Այն ժամանակ պետք է ազատագրված տարածքները վերադարձվեին եւ ինքնավարության հարց բարձրացվեր, դրանք պետք է հաջորդաբար կատարվեին: Հիմա բոլորս կրակն ենք ընկել , որ միջազգային իրավունքի ամենաբարձր ատյաններում խնդիրը գրանցված  է այս ձեւով՝ հանձնում ենք հողերը, նոր դրա դիմաց  Արցախը ինքնավարություն է ստանում»,-հավելեց ՀՀ ժողովրդական արտիստը:

Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է գնահատում ՀՀ նախագահի վերջին ելույթը:

«Պատվասեր մարդու ելույթ էր սա»,- ասաց Ամիրխանյանը: Ինչ վերաբերում է կատարվածը մոռանալու՝ նախագահի  կոչին,  կոմպոզիտորը կարծում է, որ Սերժ Սարգսյանն այլ բան նկատի ուներ. «Չեմ կարծում, որ ինքն այնքան անմարդկային է, որ առաջարկի մոռանալ ցավը, նրա առաջարկը դիտարկում եմ այսպես՝ առաջ նայիր, որ անելիքներդ կարողանաս իրագործել»:

Ռոբերտ Ամիրխանյանից հետաքրքրվեցինք՝  արդյոք այս օրերին մտավորականությունն իրեն ճի՞շտ պահեց: «Ես նամակի հետ  կապ չունեմ, ինքս ելույթ եմ ունեցել եւ ասել եմ, որ գտնում եմ՝  տղաները պետք է զենքերը վայր դնեն, բանականության լեզվով խոսեն: Ասել եմ՝  նույնիսկ դա կարող է հերոսացնել իրենց: Ես ուրիշների անունից չեմ կարող պատասխանել, թե ինչպես պահեցին իրենց, ամեն մարդ մի ծաղիկ է, որ իր բուրմունքն ունի, ամեն մարդ նույնը չէ»,-պատասխանեց մեր զրուցակիցը:

Ռոբերտ Ամիրխանյանը նաեւ հավելեց. «Ամենամեծ բերկրանքն է լինել ազնիվ ու շիտակ ու կանգնել ճշմարտության կողքին, ամենամեծ  ու ամենաանվիճելի ուժն է ճշմարտությունը ու ամենաանպաշտպանը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031