«Ես որեւէ վայրագ կեցվածքի ականատես չեղա, բայց շատ տպավորիչ եւ զարմանալի էր դիմակավոր ոստիկանների ներկայությունը: Ոստիկան էին, չգիտեմ, դիմակավոր մարդիկ»,- «Հայացք» մամուլի ակումբում իրեն բերման ենթարկելուց իր տպավորությունները եւ մանրամասներ ներկայացրեց կանադահայ դերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանը:
Ինչպես հետո է պարզվել, իրեն եւ մոտ հարյուր այլ բերման ենթարկվածների, տեղափոխել են ոչ թե ոստիկանության բաժանմունք, այլ Ոստիկանության զորքերի ակադեմիա:
Հիշեցնենք, Արսինե Խանջյանին բերման էին ենթարկել հուլիսի 27-ին եւ երեք ժամ պահելուց հետո, ազատ են արձակել:
Տիկին Արսինեն ոստիկանների գործողություններից ու պահվածքից միայն զարմացել է, չի վախեցել: Նա տպավորություն չի ունեցել, որ ոստիկանները վնաս հասցնելու ցանկություն ունեն: Իրեն շատ արագ ճանաչել են եւ շատ հարգալից են վերաբերվել, մյուս բերման ենթարկվածների հետ ոստիկանները «դու»-ով են խոսել, բայց ոչ մի կոպիտ կամ վայրագ արարք թույլ չեն տվել: Բերման ենթարկվածներից երկու անգամ անուն -ազգանուն, այլ անձնական տվյալներ են հարցրեր, պայուսակներն են խուզարկել:
Կարդացեք նաև
Դիմակավոր ոստիկանը տիկին Խանջյանից անուն-ազգանունն է հարցրել, երբ ասել է` նա նորից է հարցը կրկնել ու վրա բերել`դո՞ւք ինչ գործ ունեք այստեղ: «Ես չգիտեմ, դուք պիտի ասեք»,-պատասխանել է տիկին Խանջյանը: Հետո իրեն գեներալի մոտ են հրավիրել, սուրճ, ջուր առաջարկել: Հրաժարվել է ամենից ու զրույցում այդպես էլ չի կարողացել հասկանալ, թե ինչո՞ւ են իրեն բերման ենթարկել: Գեներալի հետ զրույցը անկաշկանդ, նույնիսկ հումորներով է ընթացել: Իր դուրս գալուց հետո ի՞նչ է եղել, ում որքան են պահել, ինքը տեղյակ չէ:
Արսինե Խանջյանը հուլիսի 26-ին է եկել Երեւան, ՊՊԾ գնդի գրավմանը, «Սասնա ծռերի» պահանջներին ու գործողություններին մասամբ է տեղյակ եղել: Որոշել է մասնակցել հանրահավաքին`շփվելու ժողովրդի հետ, հասկանալու համար նրանց մտահոգությունները: Անցյալ տարի «Էլեկտրիկ Երեւանի», դրանից առաջ նաեւ Մաշտոցի պուրակի եւ այլ հանրահավաքների էլ է մասնակցել` միեւնույն մտադրություններով:
«Ինձ համար անհասկանալի էր, թե ինչո՞ւ են մարդկանց բերման ենթարկում»,- ասաց բանախոսը`հավելելով, որ այն պահին, երբ իրեն բերման են ենթարկել, ամուսնու`Ատոմ Էգոյանի հետ է խոսելիս եղել: Ոստիկանները մոտեցել են, հարցրել են՝ լրագրո՞ղ եք, ասել է`ոչ, կինոռեժիսոր եմ, հանրահավաքի եմ ցանկանում մասնակցել, բերման են ենթարկել: Նա չի հասկանում, թե ինչո՞ւ են իրեն երեք ժամ պահել ոստիկանությունում: Ապա ասել են`թյուրիմացություն է, ներողություն են խնդրել եւ բաց են թողել: «Ներողությունն ինձի համար անտեղի է, որովհետեւ ինձի չէ որ միայն ներողություն պիտի խնդրվի: Մարզասրահին մեջ կային նաեւ մոտավորապես հարյուր անհատներ, որոնք էլ տեղյակ չեն, թե ինչու համար են բերվել: Ասացի՝ այդ հարյուրեն էլ պիտի ներողություն խնդրեք: Թյուրիմացությունը միայն իմը չէր, այդ հարյուրինն էլ էր»,- ասաց դերասանուհին:
Արսինե Խանջյանն ասում է, որ ինքը շարունակում է բողոքարկել ոչ թե սեփական անձի համար, այլ մարդու իրավունքների մասսայական խախտումների համար, քանի որ քաղաքացիները իրենց շատ իրավունքներից զրկված են Հայաստանում: Նա փաստում է, որ Սփյուռքում տեղյակ չեն Հայաստանի իրական վիճակից, լուրերն այնտեղ հասնում են արդեն գրաքննված: Մինչդեռ ինքը շատ մտահոգ է Հայաստանի վիճակով, նաեւ մտավախություններ ունի, որ առաջիկայում լուրջ կորուստներ կարող ենք ունենալ:
Արսինե Խանջյանի փաստաբաններից Արամազդ Կիվիրյանը պատմեց, որ մի քանի ժամ չեն կարողացել հասկանալ, թե որտե՞ղ էին բերման ենթարկել տիկին Խանջյանին: Հետո պարզվել է ու ոստիկանությունում սուտ տեղեկություն են տվել, թե այդտեղ չէ: «Այդպես էին վարվում նաեւ մյուս բերման ենթարկվածների բարեկամների եւ հարազատների հետ: Ոստիկանության գործողությունն է հետաքրքիր`փաստացի մարդկանց առեւանգում են եւ կեղծ տեղեկություն տրամադրում, որպեսզի նրանք չկարողանան իրավական օգնություն ստանալ»,- ասում է փաստաբանը`հավելելով, որ փլուզվեց այն առասպելը, որը ոստիկանությունը ներկայացրել էր բարեփոխումներ անվան ներքո. «Առանց որեւիցե պատճառաբանության մարդկանց բերման ենթարկել ոստիկանության ինչ-որ ստորաբաժանում, վերցնել մարդկանց անձնական իրերը, նրանց որեւէ իրավունք չբացատրել, հետո ոմանց նկատմամբ հետապնդում իրականացնել, ոմանց`առանց բացատրելու բաց թողնել: Իրական պատճառը մարդկանց թույլ չտալն էր հանրահավաքի մասնակցել»:
Ոստիկանության այս ոչ իրավաչափ գործողությունները կվիճարկվեն դատական համակարգերում:
Փաստաբաններից Լուսինե Սահակյանն էլ նկատեց, որ ժամանակին վարչական պատասխանատվության էին ենթարկում մարդկանց, բայց այդպիսով չկարողացան ազդել, որպեսզի հանրահավաքների չգնան, այժմ արդեն քրեաիրավական դաշտ են անցել: «Փորձելու ենք իրավական բոլոր ընթացակարգերը սպառել`լուծում գտնելու համար: Հակառակ պարագայում`կդիմենք ԵԴ»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Մյուս փաստաբան Լուսինե Հակոբյանն էլ տեղեկացրեց, որ կախված դատարանների դիրքորոշումից, կքննարկվի նաեւ բարոյական վնասի փոխհատուցման պահանջը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Այլ մանրամասները`քիչ ուշ`տեսանյութ