Մինչ «Սասնա ծռեր» զինված խմբի՝ իշխանություններին հանձնվելը Սպանդարյան գյուղի բնակիչները քարերով փակել էին Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհը՝ իրենց համագյուղացի, զինված խմբի անդամ Սեդրակ Նազարյանին վիրավորելու համար արտահայտելով իրենց դժգոհությունը: Ճանապարհը հաջողվել էր բացել միայն Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի միջամտությունից հետո:
Aravot.am-ը Սպանդարյանի գյուղապետ Սպարտակ Սիմոնյանին հարցրեց՝ դրա համար նկատողություն չե՞ք ստացել մարզպետից կամ դիտողություններ, որ ձեր համայնքի բնակիչները նման քայլ են արել: Գյուղապետը պատասխանեց. «Նկատողությունն այն էր, որ պետք է նման բան չլիներ՝ եղավ: Ճիշտ է, ոչ մեկի համար էլ հաճելի չի էդ պահը, բայց՝ եղավ: Նկատողությունն այն է եղել, որ 15 հոգով հելել եկել են՝ մինչեւ մարզպետ, մարզպետի միջնորդությամբ էլ դա բացվել է»:
Մեր հարցին՝ Ձեր մեղքը այդտեղ որտե՞ղ է, որ թույլ եք տվել գյուղացիները նման բան անեն՝ նա պատասխանեց. «Ես թույլ տալու բան չունեմ, որովհետեւ ես գյուղում կես ժամով չեմ եղել, եկել եմ, տեսել եմ՝ ժողովուրդը այնտեղ է: Բացի այդ, թույլ տալու բան էլ չկար, որովհետեւ էդ տղու խաբարը փիս էր եկած, ժողովուրդը այդ ժամանակ քեֆի արարողության պահ է եղել, էդ քեֆը չի կայացել, ընդամենը կես ժամ է անցել, որ էդ խաբարը եկել է, ժողովուրդը խառնվել է իրար: Քեֆը չկայացավ, գրգռվածություն է առաջացել: Էդ տղի մասին խաբար է եկել, որ մահացել է»:
Հիշեցենք, որ Սեդրակ Նազարյանը Բարսելոնայից եկած «մասաժիստ» ներկայացած տղան է:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ Սեդրակ Նազարյանին ձեր գյուղում այդպես ընդունում, հարգո՞ւմ են, որ իր համար այդպես խառնվել են իրար՝ գյուղապետը պատասխանեց. «Ջահել տղա է, նորմալ անձնավորություն, ընդունել-հարգելու պատճառով չի եղել: Սեդրակ Նազարյանն էլ չլիներ, ուրիշ անձնավորություն էլ լիներ՝ էլի նույն բանն էր լինելու»:
Գյուղապետը խոստովանեց, որ Սեդրակ Նազարյանն իր ընկերն է եղել, 2006-ին գնացել է Իսպանիա. «8 տարի մնացել է, 2 տարի էր, որ ստեղ էր: Այսինքն, գյուղում էլ չի մնացել, Իսպանիայից հետո Երեւանում է մնացել: Շատ լավ ընտանիք են, մեր գյուղը փոքր գյուղ է, չճանաչելու պահը բացառվում է, բոլորն էլ իրար հետ շփվում են»:
Իսկ թե մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կոնկրետ ինչ դիտողություն է արել գյուղապետին՝ նա պատասխանեց. «Ասեց՝ էսի անելու բան չի, էլի, էս ի՞նչ եք անում»:
Մեր հարցին՝ Դուք կարո՞ղ էիք ինչ-որ բանով կանխել, Դուք ի՞նչ կարող էիք անել՝ նա պատասխանեց. «Դե այնպես չի, որ եկել է ինձ է մեղադրել: Մարզպետն էլ է տեսել ստեղծված իրավիճակը, ինչից է դրդված, պատճառը որն է եղել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ