«Այս տարի մեր առջև ծառացել են թե սոցիալ-տնտեսական, թե Ազգային անվտանգությանն առնչվող մարտահրավերներ»,- կառավարության այսօրվա նիստի սկզբում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն` անդրադառնալով տնտեսությունում արձանագրված ցուցանիշներին ու մարտահրավերներին:
Նրա խոսքերով. «2015-ից շարունակվող տարածաշրջանային շոկերը, արտաքին բեռնափոխադրումների չնախատեսված խնդիրները, միջազգային տնտեսական աճի դանդաղումը, առկա գնանկումային միջավայրը վտանգել էին առաջանցիկ տնտեսական աճի հեռանկարը: Սակայն առաջին կիսամյակի արդյունքներով կարելի է խոսել որոշակի հաջողությունների մասին»:
Խոսելով առաջին կիսամյակի տնտեսական ցուցանիշներից՝ վարչապետն ասաց, որ ուրվագծվում են ՀՀ արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության առաջին արդյունքները:
«Չնայած ներքին սպառման կրճատմանը, վերջին մեկ ու կես տարվա տնտեսական աճը ապահովվել է արտաքին առեւտրի շնորհիվ, ինչը վկայում է բոլորովին նոր, արտահանմանն ուղղորդվող տնտեսական աճի նախանշանների մասին»,-ասաց նա:
Կարդացեք նաև
«Այս փոփոխությունները կարող են հանգեցնել տնտեսության նոր երկարաժամկետ ձեւափոխության, եւ մենք պետք է ամեն ինչ անենք այս փոփոխության հնարավորությունը փաստի վերածելու համար: Դրական փոփոխությունները դեռեւս չեն նշանակում, որ անելիքներ չկան: Ցավոք, վերջին մեկ ու կես տարվա աճը դեռեւս չի ուղեկցվել բարեկեցության բարձրացմամբ: Մենք պետք է անենք ամեն ինչ, որ տնտեսական աճը լինի ներառական, հասարակության յուրաքանչյուր անդամ զգա փոփոխություններ իր կենսամակարդակում: Այդ փոփոխություններն իրողություն դարձնելու համար պետք է մշտապես ուշադրության կենտրոնում պահենք մեր տնտեսության մարտահրավերներն ու հետեւողական չեզոքացնենք դրանք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը նախարարներին հանձնարարեց կիսամյակի արդյունքները ամփոփելիս՝ հանրությանը ներկայացնել ոչ միայն ձեռքբերումները, այլեւ կոնկրետ նախաձեռնությունները, ծրագրերը, դրանցում հանրությանը ներգրավելու հնարավորությունը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ