Լրահոս
Օրվա լրահոսը

Ատելության մասին

Օգոստոս 04,2016 10:00

Հիշում եմ՝ իմ տաղանդավոր ավագ գործընկերներից մեկը, որը, ցավոք, հիմա մեզ հետ չէ, թերթում գրել էր, որ ատում է Լեւոն Տեր-Պետրոսյանին` մասնավորապես, այն պատճառով, որ իր թոռը ծնվել է օտարության մեջ: «Ատում եմ» բառը նա գրել էր մի քանի անգամ եւ մեծատառերով: Ուժեղ էմոցիաներ արտահայտելու տեղն այն ժամանակ թերթերն էին, քանի որ Ֆեյսբուք եւ ընդհանրապես համացանց այն ժամանակ չկար: Չգիտեմ, ում` ինչպես, բայց ինձ թե 20 տարի առաջ, թե հիմա թվում է, որ լրատվամիջոցը բուռն հրճվանք կամ բուռն ատելություն արտահայտելու տեղ չի, որ ամեն մեկի եւ ամեն ինչի մասին կարելի է ասել ամեն ինչ, բայց առանց փրփրելու, առանց լացակումած հուզականության, առանց այն երեւույթի, որը կոչվում է hate speech, ատելության խոսք:

Իհարկե, ամեն մեկն ինքն է որոշում իր անելիքը, բայց ատելություն քարոզելու մեջ ես հոգեպես անառողջ բան եմ տեսնում, նաեւ վտանգավոր` ի վերջո, բումերանգ է:

Ատելությունից կուրացած քաղաքացիները չեն կարեկցում այդ երկու շաբաթների ընթացքում սպանված եւ վիրավոր ոստիկանների ընտանիքներին, ատելությունից կատաղած ոստիկանները մտնում են մարդկանց տները` քաղաքացիներից վրեժ են լուծում, նռնակներ են շպրտում մարդկանց վրա, սադիստաբար ծեծում են լրագրողներին: Կողմերը կոչ են անում ատել «անարդարներին», բայց իրենց՝ «արդարների» «մանր անհարթություններին» ըմբռնումով մոտենալ:

Իսկ երբ հրաժարվում ես որեւէ մեկին ատել, ուրեմն «համ մեխին ես խփում, համ նալին»: Բայց մարդը ոչ մեխ է, ոչ նալ, մարդը Մարդ է, նրա հոգին անմահ է:

Երեխաներին դպրոցներում սովորեցնում են «եկեղեցու պատմություն», այսինքն` որ կաթողիկոսն է որից հետո եկել, ինչպես նաեւ «ազգային-ազատագրական պայքար», այսինքն` ինչպես է պետք ատել թուրքերին «եւ նրանց հավասարեցված անձանց»: Իսկ որտե՞ղ են սովորեցնում ամեն պարագայում մարդ լինելու, ամեն մեկի, նույնիսկ ամենափչացած եւ ամենամեղավոր էակի մեջ մարդ տեսնելու արվեստը: Դա «հատուկ դասընթաց» է, որի ավանդույթը մենք չունենք:

…Մի անգամ՝ 1992 թվականի գարնանը, ես դուրս էի եկել Երեւանի փողոցներ` հեռուստատեսային հարցում (vox-pop) անցկացնելու: Ճիշտն ասած, չեմ հիշում, թե ինչ հարց էի տալիս քաղաքացիներին, բայց հիշում եմ, որ նրանց մոտավորապես կեսն ինձ հանդիմանում էր, թե` էդ ի՞նչ հարցեր եմ ես տալիս, նրանք տենչում էին խոսել ՀՀ նախագահի մասին: Գիտեք՝ թե ինչպես:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Իրավաբան says:

    Գնահատում եմ հոդվածը
    Համաձայն եմ լրիվ:
    Միայն թե խնդրում եմ ինքներդ էլ հիշեք այդ մտքերը hate speach տարածելիս, ինչպես և երբ էլ այն դրսևորվի::

  2. Մարգար Մախսուդյան says:

    == Ատելությունից կուրացած քաղաքացիները չեն կարեկցում այդ երկու շաբաթների ընթացքում սպանված եւ վիրավոր ոստիկանների ընտանիքներին, ատելությունից կատաղած ոստիկանները մտնում են մարդկանց տները` քաղաքացիներից վրեժ են լուծում, նռնակներ են շպրտում մարդկանց վրա, սադիստաբար ծեծում են լրագրողներին:==
    Եթե նման մտքեր հայտնեին ասենք՝ Վահրամ Բաղդասարյանը, Մարգարիտա Եսայանը, կամ թեկուզ՝ Շուշան Պետրոսյանը, ես չէի զարմանա, ոչ էլ կվրդովվեի, սակայն երբ պրն Աբրահամյանն է նման բան ասում, ասես հայտ է ներկայացնում նրանց շարքերն անցնելու:
    – Ատելությունից կուրացած քաղաքացիները…?????????
    Էդ ինչի՞ց որոշեցիք, որ նրանք կուրացած են: Նրանք ոչ միայն կուրացած չէին, այլև տևական թմբիրից արթնացած՝ ավելի լավ էին տեսնում, թե ինչ է տեղի ունենում, քան կերակրատաշտի ու իշխանաթամբի վկաները:
    Կամ էդ ո՞նց իմացաք, թե՝ ՛՛չեն կարեկցում՛՛, էդպես հարմար է՞ր գրելը, հավասարության նշանը ավելի հեշտ է՞ր դնելը…
    Ասեմ ավելին, ատելությունից կուրացած չէին անգամ ոստիկանները, որոնք կեղտոտ ՛՛գործի գնալիս՛՛ կարիք ունեին զոմբիացնող հաբերի: Նրանք կատարում էին սառնասրտորեն տրված դաժան հրամանը, ոչինչ ավելի:
    Տարօրինակն այն է, որ արդեն երկրորդ օրն է, որ դաժան հրամանատարը իր ՛՛հայրական ու արդարամիտ՛՛ խոսքն է հղել հանրությանը, մասնավորապես՝ ՛՛մշակված՛՛ լրագրողներին, սակայն հոդվածի հեղինակը չի էլ փորձում անդրադառնալ դրան:
    Սակայն մյուս կողմից էլ՝ անդրադանա, որ ի՞նչ անի…

  3. Ձեր ուղերձում հարազատ ինտոնացիա եմ լսում, պարոն Արամ Աբրահամյան։ Բոլոր մարդկանց մեջ մարդ տեսնելը, աստծո կայծ տեսնելը սովորել եմ իմ դասախոս պարոն Լևոն Աբրահամյանի փիլիսոփայության դասերին և առանձին զրույցներում։ Դա շատ բնական ձևով է տպավորվել իմ մեջ, երկար ժամանակ մտածելու առիթ է տվել։ Խնդրում եմ, հաղորդեք իմ ողջույնը իմ սիրելի դասախոսին։ Նաև կասեի, որ տարբեր հանգամանքներում և տարիքներում մարդը նորովի է վերապրում և ի կատար ածում այս պատվիրանը։

  4. Պարոն Աբրահամյան ջան ախր դիմադրության բոլոր ձեւերից ատելությունն է մնացել,դա էլ եք ուզում վերցնել:Ախր աջ գնում ես՝ խփում են,ձախ գնում ես՝ խփում,ոչ մի տեղ չես գնում՝ էլի խփում են ,հովին նստում ես՝ խփում են,շոգին նստում ես՝ խփում են,ստամոքսիդ խփում են,մտածելակերպիդ՝ խփում են:Պարոն Աբրահամյան ջան ախր ամեն տեղիդ խփում են:Ձեզ չի կպե՞լ ,թե Դուք «ծանոթ» ունեք….էէէէէէէէէէէէէէէէէէ,«լավուշկա ջանըմ,լավուշկա»…(մեջբերումս «Զանգեզուր»ֆիլմից էր):….Լավ հոդված չէր պրն Աբրահամյան ջան,լավ հոդված չէր….
    Հ.Գ.
    Պարոն Աբրահամյան ջան Ձեզ հայտնի՞ է «Ինչու փափախ չես դրել»անեկդոտատիպ պատմությունը՝ երբ գայլը մոտենում է 40 աստիճան շոգից(իշխանությունից) հով(փրկություն) փնտրող նապաստակին(ժողովրդին),որ նստած էր ծառի տակ,խփում գլխին ու հարցնում«Ինչու փափախ չես դրել»…Ունի շատ լավ շարունակություն:Հաճույքով կպատմեմ:Ասածս էն է,որ ժողովուրդին գցել են հով փնտրող նապաստակի տեղը,բա չատե՞նք…:Իսկ եթե Դուք շարունակեք նմանատիպ նյութեր գրել,Ձեզ էլ կատեն:Я так думаю…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031