Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու օպերային մեներգիչներին չի «ձգում» «փոքր օպերան»

Օգոստոս 04,2016 13:30

Եղել են ժամանակներ, երբ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի խաղացանկային ներկայացումներում իրենց մասնակցությունն են ունեցել Ազգային օպերային թատրոնի մեներգիչները, ավելին՝ ժողովրդական արտիստները, այդ թվում՝ Շարա Տալյանը, Արմենակ Տեր-Աբրահամյանը, Մարիաննա Սեդմարը, Լյուբով Լազարեւան, Սերգեյ Գալստյանը, Դավիթ Պողոսյանը եւ ուրիշներ:

Վերջին ժամանակներում օպերային թատրոնի մեներգիչներին չենք հանդիպի կոմեդիայի թատրոնում: Այս առիթով տարբեր խոսակցություններ են պտտվում. ոմանք պնդում են, թե օպերայի արտիստները պարզապես ցածր են համարում հանդես գալ օպերետային ներկայացումներում, մի մասն էլ կարծես թե նախատում է օպերային երգիչներին՝ հիշեցնելով, թե օպերետը իտալերենից թարգմանվում է փոքր օպերա: Մասնագետներից ոմանք դեռ հույսները չեն կտրել, որ կոնսերվատորիայում դասական վոկալի բաժնում ուսում առած ապագա օպերային երգիչը «մի աչքով» չի նայի օպերետի ժանրին: Ընդ որում, համաշխարհային օպերետի գրականությունից հայտնի են Շտրաուսի, Կալմանի, Դունաեւսկու ստեղծագործությունները, ինչպես նաեւ հայ կոմպոզիտորների գործերը, այդ թվում՝ Չուխաջյանի «Կարինեն», «Զեմիրեն», Արտեմի Այվազյանի «Ատամնաբույժն արեւելյան», «Ուշ լինի, նուշ լինի» օպերետները եւ այլն:

Arsen Gevorgyan (1) Ինչ վերաբերում է Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին, այստեղ շուրջ 3 տարի է՝ ստեղծագործում է երիտասարդ բարիտոն Արսեն Գեւորգյանը: Վերջինս 2014թ. մարմնավորելով «Կարինե» օպերետում Արմենի կերպարը, ի թիվս թատրոնի երիտասարդ գործընկերների, արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի:

Նշենք, որ հիշյալ մրցանակին են արժանացել «Կարինեի» ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը, Լալա Պուլուզյանը՝ Կարինեի դերակատարման համար, Ավո Խալաթյանը՝ Մարգարի եւ Վահագն Մարգարյանը՝ Հոր-հոր աղայի կերպարները մարմնավորելու համար:

Arsen Gevorgyan (3)«Առավոտի» հետ զրույցում Արսեն Գեւորգյանը տեղեկացրեց, որ կոմեդիայի թատրոն է եկել 2013թ., երբ դեռեւս սովորում էր Երեւանի կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանի դասարանում: «Կարինեում» Արմենը առաջին դերս է եղել, հետո Երվանդ Խաչատուրովիչը ինձ վստահեց Սաքոյի կերպարը՝ «Ուշ լինի, նուշ լինի» ներկայացման մեջ: Կոմեդիայի թատրոն ընդունվելուն զուգահեռ, ներգրավվեցի օպերային թատրոնի միմանսի խմբում, իհարկե՝ հույս փայփայելով, որ մեկ-երկու տարի անց այստեղ էլ ինձ կվստահեն գլխավոր դերերգ»,- հայտնեց բարիտոնը: Հավելեց նաեւ, որ վերջերս ընդգրկվել է օպերային թատրոնի երիտասարդական ծրագրում եւ պատրաստում է Օնեգինի դերերգը՝ Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայում:

Arsen Gevorgyan (2)Հարցին՝ իսկ ինչո՞ւ օպերային թատրոնի մեներգիչներին չի ձգում կոմեդիայի թատրոնը, երիտասարդ արվեստագետը հետեւյալ կերպ պատասխանեց. «Չնայած օպերետում օգտագործվում են օպերային բնորոշ վոկալ, գործիքային երաժշտաձեւեր՝ արիա, դուետ, անսամբլ, խմբերգ, սակայն դրանք ավելի պարզ են եւ ունեն երգ-պարային բնույթ: Օպերետային ներկայացման մեջ, անշուշտ, արտիստը պետք է ունենա բեմական հմայք եւ այն բոլոր հատկանիշները, ինչ հատուկ է դրամատիկ դերասանին: Եթե դրանք չունենաս, հանդիսատեսի կողմից չես ընդունվի»:

Անդրադառնալով օպերային թատրոնի միմանսի իր գործունեությանը, Արսեն Գեւորգյանը չթաքցրեց, որ դա մեծ փորձ է ցանկացած սկսնակ դերասանի համար: Նա փաստեց, որ միմանսի արտիստը ընդգրկված է ոչ միայն օպերային, այլեւ բալետային ներկայացումներում:

Հիշեցրինք, որ 2010թ.՝ դեռեւս կոնսերվատորիայի առաջին կուրսի ուսանող, (այսօր արդեն արտիստն ավարտել է մագիստրատուրան) մասնակցել է Եկատերինբուրգում անցկացված երիտասարդ վոկալիստների միջազգային մրցույթին, արժանացել առաջին մրցանակի: Հետաքրքրվեցինք, թե մտադրություն չունի՞ այդ հաջողությունից հետո շարունակել մասնակցությունը նման միջոցառումների, երգիչը նախ նշեց, որ պատրաստվել էր մասնակցելու ՀՀ նախագահի երիտասարդական մրցույթին, սակայն պատասխանել են, թե ինքն արդեն ունի նախագահի մրցանակ, հետեւաբար չի կարող մասնակցել. «Պատրաստվում եմ մասնակցել աշնանը կայանալիք Տաթեւիկ Սազանդարյանի անվան մրցույթին»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Արսեն Գեւորգյանը «Կարինե» օպերետում՝ Արմենի կերպարում:

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031