«Ես այսօր եկել եմ ընտանիքիս հետ»,- Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց հարթակում կանգնած մի տղա, որը եկել էր իր 4 տարեկան երեխայի հետ:
Նա ասաց, որ եկել է կոչ անելու ոստիկանությանը. «Տղաս 4 տարեկան է, այստեղ գալուց առաջ ասում էր՝ հայրիկ, բա որ բռնեն ինձ: Դուք այս երկի՞րն եք ուզել, պարոն ոստիկաններ: 4 տարեկան տղաս ասում է՝ բա որ գոռամ Սերժ, հեռացիր, ինձ բռնեն: Ես բեւեռացմանը դեմ եմ: Պարո՛ն ոստիկաններ, խնդրում եմ մի հեռացեք, խնդրում եմ եկեք իմ երեխայի ձեռքը սեղմեք: Իմ երեխան պետք է ոստիկան տեսնելիս իրեն ապահով զգա»:
Տղայի կոչը շատ բուռն ծափերով ընդունեցին հրապարակում, բայց ոստիկաններից որեւէ մեկը այդ պահին չմոտեցավ երեխային: Ավելի ուշ, երբ զանգահարեցին վերեւներին եւ ստացան համապատասխան թույլտվությունը, ոստիկաններից մեկը եկավ ու ոչ միայն սեղմեց 4-ամյա տղայի ձեռքը, այլեւ գրկեց նրան: Նա հարթակից հայտարարեց, որ ուզում է կոտրել ձեւավորված այն կարծրատիպը, թե այսօրվա ոստիկանները ծեծող-ջարդող են. «Ուզում եմ ինքներդ համոզվեք, այսօրվա ոստիկանությունը պաշտպանում է երեխաներին»:
Կարդացեք նաև

‘We are the owners of our country’ initiative holds a protest action in support of ‘Sasna Tsrer’ group on Freedom Square in Yerevan, Armenia
Երեխայի հայրն ասաց, որ իր ընտանիքի անդամները հայ են, պապերը ցեղասպանությունից մազապուրծ են եղել. «Կոնկրետ իմ ընտանիքը չի հանդուրժելու այս իշխանությանը, որ ցեղասպանություն է անում երկրի մեջ: Դրա համար կոչ ունեմ անելու՝ Սերժ Ազատիչ, հեռացե՛ք»:
Հավաքվածները սկսեցին կոչը վանկարկել:
Քաղաքացիներից մեկը՝ Աշոտ Պետրոսյանը, երեկվանից հացադուլ է հայտարարել: Նա ասաց, որ Ալեք Ենիգոմշյանի պես մարդուն ձերբակալել են, մինչդեռ մեր ազգի պարծանքը՝ Մոնթե Մելքոնյանը շատ բարձր է գնահատել Ալեք Ենիգոմշյանին. «Եթե Մոնթեն հիմա այստեղ լիներ, երեւի նրան էլ ձերբակալեին: Ինձ ասում են, թե ինչո՞ւ եմ հացադուլ անում: Եթե մեր ազգի հերոսները հիմա ազատության մեջ չեն, ես ինչպե՞ս կարող եմ հանգիստ նստել եւ իմ սովորական առօրյայով, իմ իմաստասիրությամբ, Նարեկացիով եւ այլ բաներով զբաղվել»:
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը նույնպես հարթակի վրա էր: Նա ողջունեց պայքարող երիտասարդներին եւ ասաց. «Երբ մեր ժողովուրդը ամբողջական դարձավ՝ Օբամաներին, Պուտիններին թելադրողն ինքն է լինելու: Ազատության հրապարակն է որոշելու ամեն ինչ»:

‘We are the owners of our country’ initiative holds a protest action in support of ‘Sasna Tsrer’ group on Freedom Square in Yerevan, Armenia
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ