Քաղաքագետ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի համար ոստիկանությունը պատժիչ կառույց է ու հիշեցնում է Գեստապոն:
Այսօր, ըստ լրատվամիջոցների տարածած տեղեկությունների, բարձրաստիճան պաշտոնյաներ են պաշտոնանկ արվել, մասնավորապես, ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Գևորգ Հակոբյանը:
Հակոբյանի՝ աշխատանքից ազատվելու պատճառների մասին Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը չցանկացավ խոսել:
Քաղաքագետ Արա Պապյանի կարծիքով. «Բաժնի պետը այն պաշտոնը չէ, որ հարց է լուծում կամ ինչ-որ բան որոշում: Սա մեծ փոփոխություն չէ, առավել եւս, որ չգիտենք դրդապատճառները, առավել եւս, որ հնարավոր է՝ իրենց մեջ ներքին հաշիվներ մաքրելու հարց լինի»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ ռազմական նշանակություն ունեցող ՊՊԾ գունդը մի քանի թեթեւ զինված անձանց կողմից գրավելուց հետո արդյոք համակարգում բարձրաստիճան պաշտոնյաներ չպե՞տք է պաշտոնանկ արվեին, պարոն Պապյանն պատասխանեց. «Իհարկե, պետք է արվեին, բայց ՊՊԾ գունդը չի ենթարկվում ոչ Էրեբունու բաժնի պետին, ոչ Բաղրամյանի բաժնի պետին, կոնկրետ ոստիկանապետի կամ փոխոստիկանապետի ենթակայության տակ է, պետք է իրենք պատասխանատվություն կրեն՝ գնդի հրամանատարից մինչեւ վերեւ: Ընդհանրապես, ոստիկանական համակարգը շատ վատ է իրեն վատ դրսւեորել այս օրերին, նման ոստիկանական համակարգ նույնիսկ Խորհրդային Միության ժամանակ չկար: Սա մի պատժիչ կառույց է, որն ավելի շատ հիշեցնում է,թե ոնց էին գեստապոյականները ջարդում հրեաներին, նույն ձեւի մեթոդների կիրառմամբ: Շատ բան պետք է փոխվի, բայց վստահ չեմ, որ կփոխվի: Միակ տարբերակը՝ եթե ուզում ենք կարգին ոստիկանություն ունենալ, պետք է արվի վրացական տարբերակով, ամբողջ ոստիկանական համակարգը պետք է լուծարվի, բոլորը պետք է ուղարկվեն թոշակի, եւ զրոյից ոստիկանական համակարգ պետք է ստեղծվի, այլապես նորեկները մտնում են այդ համակարգ, ու եթե նույնիսկ լավն են, փչանում են այդ համակարգում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ