Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Հայրապետյան. «Եղնուկյանի մեղադրանքի շրջանակում վաղուց իրավաբանությանը հրաժեշտ ենք տվել»

Օգոստոս 03,2016 21:18

«Ձեւական նիստ տեղի ունեցավ»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես նկարագրեց Կարո Եղնուկյանի խափանման միջոցի բողոքարկման նիստը նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը:

Նա նշեց, որ քննիչը համապատասխան փաստաթուղթ չուներ՝ չկար որոշում, որ քննիչը այդ վարույթում մասնակցում է որպես քննիչ: Բացի դրանից, Տիգրան Հայրապետյանի խոսքերով՝ դատավորը բազմաթիվ հարցեր է ուղղել քննիչին, սակայն վերջինս չի պատասխանել. «Ի զարմանս մեզ՝ դատավորը գնաց խորհրդակցական սենյակ, հետո եկավ եւ հայտարարեց, որ մերժում է մեր բողոքը»:

Տիգրան Հայրապետյանը համարում է, որ Կարո Եղնուկյանը իրացրել է տեղեկատվություն ստանալու եւ տարածելու իր իրավունքը. «Համացանցով հայտարարություններ է տարածել, հրապարակել է ինչ-որ տեղեկություններ, դա դիտվել է որպես օժանդակություն զինված խմբի անդամներին: Այ եթե մենք այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա հուլիսի 17-ից մինչեւ հուլիսի 31-ը այդ բազմահազարանոց ցուցարարները, որ հավաքվում էին թե՛ Ազատության հրապարակում, թե՛ Խորենացի փողոցում, բոլորն էլ աջակցել են զինված խմբի անդամներին, հետեւաբար՝ բոլորի նկատմամբ պետք է մեղադրանք առաջադրվի, բայց որեւէ մեկի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել: Այսինքն՝ առաջադրվել է միայն Եղնուկյանի նկատմամբ, որովհետեւ պետք է սահմանափակեին Եղնուկյանի խոսքի ազատության իրավունքը, հավաքներ կազմակերպելու, հավաքներին մասնակցելու ազատության իրավունքը»:

Տիգրան Հայրապետյանը մեզ հայտնեց, որ չորս միջնորդություններ է ներկայացրել քննչական խմբին եւ գլխավոր դատախազին, որպեսզի մեղադրանքները վերացնեն, որովհետեւ պատանդները եւ շենք, շինությունները ազատված են, հետեւաբար՝ Եղնուկյանի գործողությունը չի կարող օժանդակություն լինել:

Նա ընդգծեց, որ Կարո Եղնուկյանի մեղադրանքի շրջանակում վաղուց իրավաբանությանը հրաժեշտ են տվել. «Ներկայացնելուց մոտ ութ օր հետո ստացանք քննիչի որոշումը, որ հետաձգվել է միջնորդության քննությունը, իսկ դատախազից որեւէ պատասխան չենք ստացել: Մենք, բնականաբար, պետք է կալանքի որոշումները բողոքարկենք, միջնորդություններ ներկայացնենք»:

Տիգրան Հայրապետյանը հայտարարել էր, որ Կարո Եղնուկյանը շնչառության հետ խնդիրներ ունի, եւ հատուկ սարքավորում է անհրաժեշտ նրան: Հետաքրքրվեցինք՝ հնարավոր եղա՞վ այն տեղադրել, Տիգրան Հայրապետյանը պատասխանեց. «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի տնօրինությունը հոժարակամ թույլ տվեց, նաեւ ապահովել են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ երկու հոգանոց խցում է եւ խցակիցը ծխող չի: Այդ առումով որեւէ խնդիր ու խոչընդոտ չկա, բնականաբար, պարոն Եղնուկյանը այդ առումով գոհ է մեկուսարանի տնօրինությունից եւ վարչակազմից:

Սակայն, հիմա, ըստ էության, գործը տեղափոխել են Հատուկ քննչական ծառայություն, չնայած գործում կան նաեւ Ազգային անվտանգության ծառայության քննիչներ: Եթե հանկարծ այնպես ստացվի, որ Եղնուկյանին պետք է տեղափոխեն այդ քրեակատարողական հիմնարկից, սա կարող է շատ լուրջ ու շատ ծանր հետեւանքների բերել. ես միանշանակ կարող եմ ասել, որ ո՛չ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, ո՛չ «Վարդաշեն» ՔԿՀ-ում չկան նման պայմաններ: Եթե Եղնուկյանին այլ խուց տեղափոխեն, ապա, բնականաբար, մենք չենք կարող լռել, սա արդեն կլինի խոշտանգում քաղաքացու նկատմամբ, որովհետեւ հնարավոր չէ քսան հոգանոց խցում: Այդ սարքն էլ աղմուկ է հանում, աղմուկի պայմաններում մյուս խցակիցները դժգոհություն կարող են հայտնել, բնականաբար, խցում ծխում են, իսկ ծխից այդ սարքը չի աշխատում, եթե երեկոյան սարքը չմիանա, ինքն ուղղակի կարող է քնից չարթնանալ: Այսինքն՝ Եղնուկյանին չի կարելի տեղափոխել այլ քրեական հիմնարկ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031