Ինչպես հայտնի է, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը», երկու ամիս ժամկետով կալանավորվեց: Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 218 հոդվածի երրորդ մասի առաջին կետով՝ պատանդ վերցնելը եւ 235 հոդվածի երրորդ մասով՝ ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը:
Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ դատական նիստի ընթացքում Խանդոյանը հայտարարել է՝ «Ես հանցանք չեմ գործել, ես ընդամենը վերցրել եմ ավելը եւ փորձել եմ աղբը մաքրել»:
Պաշտպանը այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել է նրան. «Առույգ էր, լավ էր, զգացողությունը շատ լավ էր: Ինքը ասաց՝ ես ուզում էի մի լավ գործ անել»:
Արայիկ Պապիկյանը հավելեց, որ ինքը Արայիկ Խանդոյանին փոխանցել է, որ բոլորն իրեն բարեւում են, նա էլ պատասխանել է. «Իմ ժողովրդին, իմ ազգին՝ միայն բարեւներ, ես սիրում եմ բոլորին, խնդրում եմ իմ ժողովրդին բոլորին բարեւի»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ