Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ-ն գործեր է հարուցել ոստիկանների կողմից «առերեւույթ», «ենթադրաբար» կատարված մի շարք չարաշահումների դեպքերով

Օգոստոս 03,2016 20:09

Հարուցվել են քրեական գործեր՝  ոստիկանների կողմից առերևույթ բռնություն կիրառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը ու փաստաբանների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքերով

 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացված մի շարք քաղաքացիների, փաստաբանների հաղորդումների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված տեղեկությունների քննարկմամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մի խումբ զինված անձանց կողմից Երևանի Մ. Խորենացի փողոցում գտնվող՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ վարչական շինությունները զավթելուց հետո, 2016թ. հուլիսի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ոստիկանության ծառայողները, իրենց պաշտոնեական դիրքը ենթադրաբար ծառայության շահերին հակառակ օգտագործելով կամ դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրանց լիազորությունների շրջանակից, Մ. Խորենացի փողոցում, հարակից տարածքներում, Սարի թաղում և այլ վայրերում հատուկ միջոցների գործադրման հետևանքով մարմնական վնասվածքներ են պատճառել տարբեր անձանց, ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներ անձանց բերման ենթարկելիս և դրանից հետո նրանց նկատմամբ բռնություն են գործադրել, պատճառել մարմնական վնասվածքներ, ինչպես նաև օրենքով նախատեսվածից ավելի ժամանակով ապօրինի պահել են այնտեղ՝ անձանց իրավունքներին և օրինական շահերին, հասարակության և պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Ոստիկանության ծառայողները, նույն միջոցառումներն իրականացնելիս իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, ենթադրաբար խոչընդոտել են  լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը և բերման ենթարկվածներին իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով ներկայացած փաստաբանների լիազորությունների իրականացմանը:

Ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը և փաստաբանների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 309-րդ հոդվածի 2-րդ մասով, 164-րդ հոդվածի 2-րդ մասով, 332.3-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել են քրեական գործեր, կատարվում է նախաքննություն:

Միաժամանակ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կոչ է անում հիշյալ դեպքերի ընթացքում տուժած քաղաքացիներին, փաստաբաններին, լրագրողներին (լրատվամիջոցներին) դիմել վարույթն իրականացնող մարմնին, առկայության դեպքում տրամադրել բռնության գործադրման, տեխնիկայի վնասման, մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստերը հիմնավորող տեսաձայնագրառումները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հատուկ քննչական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031