Արթուր Սարգսյանին առաջադրվել է այն մեղադրանքը, ինչը զենքը վայր դրած խմբի մյուս անդամներին: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Արթուր Սարգսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը:
«Նորից նույն հավաքական մեղադրանքն է, ինչը որ մեղադրանք առաջադրելուց առաջ ԱԱԾ-ն հայտարարությամբ մեղադրեց բոլորին, հաջորդ օրը մեղադրանքի տեքստ պատրաստեցին՝ էլի հավաքական: Ոչ մի անհատական մեղադրանք չկա. ինքը մեղադրվում է 218 հոդվածի երրորդ մասով՝ պատանդ պահելը եւ 235 հոդվածի երրորդ մասով՝ զենք, ռազմամթերք կրելը, պահելը, փոխադրելը: Ընդ որում, իր դեպքում ամենաուշագրավն այն է, որ բոլորին հայտնի է, որ ինքը հուլիսի 26-ին սնունդ է տարել տղաներին, բայց մեղադրանքի էության մեջ հետեւյալն է, որ ինքը ամսի 17-ին խմբի կազմով մտել է ՊՊԾ գունդ, հետագայում նաեւ պատանդ է պահել:
Մենք մոտ երկու ժամ ուզում էինք հասկանալ, թե ինչպես է ինքը մտել 17-ին եւ հետո նաեւ 26-ին: Քննիչը ոչ մի ապացույց չուներ, եւ մենք մոտ երկու ժամ փորձում էինք դա հասկանալ: Եվ նույնիսկ ինքը՝ Արթուրը, դատարանում քննիչին հարց տվեց՝ գուցե ես երկու մասով եմ մտե՞լ՝ սկզբից մի մասս մտել է 17-ին, երկրորդ կեսս եկել է 26-ին: Մոտ երկու ժամ ուզում էինք դատարանի միջոցով պարզել, քննիչը պաշտպաներից նեղացավ՝ մանկապարտեզ, հայտարարեց, որ ինքը չի ուզում պատասխանել մեր հարցերին: Դատավարական կարգավիճակ ունեցող միակ անձինք, որոնք հրաժարվում են հարցերին պատասխանելուց կասկածյալն ու մեղադրյալն են, այս դեպքում քննիչն էր հրաժարվում հարցերին պատասխանելուց»,- ասաց նա:
Արայիկ Պապիկյանը մեզ հայտնեց, որ Արթուր Սարգսյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը. «Դատարանում հայտարարել է, որ պատանդ եղել է ինքը՝ երբ ցանկացել է դուրս գալ՝ սնունդը տանելուց հետո, դիպուկահարները իր վրա կրակել են: Ինքը քննիչին հայտարարեց, ասաց՝ ես էի պատանդ, ես ուզում էի վերադառնալ, դուք ինձ վրա կրակում էիք»:
Կարդացեք նաև
Փաստաբանը մեզ հայտնեց, որ Արթուր Սարգսյանի առողջական վիճակը վատ էր. «Նույնիսկ այնքան վատ էր, որ դատարանը նիստի ընթացքում թույլ էր տվել նստած պատասխանել հարցերին, որովհետեւ, ըստ երեւույթին, երկար չէր կարող կանգնել, որովհետեւ ողնաշարի եւ որովայնի խնդիր ունի: Ամեմն դեպքում, իր առողջական վիճակը թույլ չէր տալիս, որ ինքն այլ անձանց նկատմամբ ինչ-որ գործողություն կատարի կամ դիցուք զենքը ձեռքին գործողություն կազմակերպի կամ կատարի: Ինքը հինգ մետր հանգիստ քայլել չէր կարողանում: Այդպիսի հիվանդ մարդը, ըստ վարույթն իրականացնող մարմնի, 17-ին մտել է, անհասկանալի ճանապարհով դուրս է եկել, հետո էլ սնունդ է տարել: Եթե դա ճիշտ է, ուրեմն՝ այնտեղ ծառայություն իրականացնող իրավապահ մարմինների բոլոր ղեկավարները պետք է աշխատանքից հեռացվեն»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ