Անցյալ տարի կառավարությունը «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության արտադրական հզորությունների 99,7 տոկոսը վաճառեց «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ին, սակայն ընկերության կազմում մնաց 1,2 ՄՎտ հզորությամբ Հեր-Հեր հիդրոէլեկտրակայանը: Վաղը` կառավարության նիստում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը վարչապետին կհայտնի, որ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող Հեր-Հեր հիդրոէլեկտրակայանը, որի արժեքն է 67938,264 հազար դրամ, կվաճառվի «Արմ-Աէրո» ՓԲԸ-ին: «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության միակ բաժնետերն, ըստ կառավարության կայք էջում զետեղված նիստի օրակարգի, ՀՀ պաշտպանության նախարարությունն է:
Կառավարություն իր այս որոշումը պայմանավորում է «Հեր-Հեր»
հիդրոէլեկտրակայանի գործունեության արդյունավետության բարձրացմամբ:
Կառավարությունը սակայն նոր գնորդի` «Արմ-Աէրո»-ի առաջ պայման է դրել, որ նա պետք է «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայանի շահագործման գործընթացում անմիջական ներգրավված աշխատողներին «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերությունում աշխատանքից ազատի եւ նույն պայմաններով աշխատանքի ընդունի «Արմ-Աէրո» ընկերությունում, ինչպես նաեւ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի եւ գլխավոր հաշվապահի հետ համատեղության կարգով աշխատանքային պայմանագիր կնքի՝ ՀԷԿ-ի շահագործման վարչական կառավարման պարտականությունների իրականացման համար:
Պայմանագրի կետերից մեկն էլ այն է, որ գնորդը գույքի արժեքի վճարումը կատարելու է երկու տարվա ընթացքում, եւ տարաժամկետ վճարման գծով գրավի իրավունք չի կիրառվելու:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ