«Ինձ շատ հաճախ հարցնում են՝ մի տղամարդ չկա՞, որ խփի սրանց: Կա՛, տղամարդ կա՛, պետք ա խփե՛լ»,- հունիսի 28-ին ԱԺ ամբիոնից Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ այսպիսի հայտարարություն արեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Մեր հարցին՝ Ձեր այդ հայտարարությունը շատ մեկնաբանությունների տեղիք տվեց, որ կարծես Դուք ահաբեկչության կոչ էիք անում, թասիբի եք գցում տղամարդկանց, որ՝ գնացեք խփեք, հերթական Հոկտեմբերի 27 եք ուզում, Զարուհի Փոստանջյանը նախ արձագանքեց. «Ես այդպես չեմ ասել, ես ուզում էի ասել, երբ ասում էին, որ ոչ ոք չկա սրանց խփի, ասում էի, որ ամեն ինչ էլ կա՝ տղամարդ էլ կա, կին էլ կա, ահաբեկիչներին կխփեն: Մեր վրա եթե հարձակվում են, մենք ո՞նց պետք է պաշտպանվենք, սա է խնդիրը: Ձեր կայքը շատ է զուգահեռներ տանում, պետք չի զուգահեռներ տանել, դրանք բացարձակ տարբեր գործողություններ են: Երբ դու չես թողնում ժողովրդին որեւիցե միջոց իրականացնելու պաշտպանություն, նա պետք է դիմի եւ պարտավո՛ր է դիմել անհապաղ ապստամբության իրավունքին: Ապստամբությունը թող չշփոթեն մեկ այլ գործողության հետ: Մենք դիմել ենք մեր իրավունքի իրացմանը, որը պարտադիր է»:
Մեր դիտարկմանը, որ դա էլ է բռնություն ու բռնի ուժ, բռնության խրախուսում՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Դուք մոռանում եք, որ ոչ մեկը բռնության չի դիմել, բռնության դիմել է Սերժ Սարգսյանը՝ իր ոստիկանական խմբի հետ՝ մեր նկատմամբ: Ինքն է բռնության դիմել: Եթե բռնության դիմեին, ապա այսպես կոչված պատանդներին նրանք թույլ չէին տա դուրս գալ այնտեղից: Դրանք բացարձակ տարբեր գործողություններ են»:
Մեր հարցին՝ այսինքն, Նաիրի Հունանյանը թույլ չտվե՞ց ոչ մեկին, որ դուրս գա՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Ոչ մեկը իրենց նկատմամբ բռնություն չի կիրառել, բռնության զոհը մենք ենք: Դուք շատ եք զուգահեռներ անում, եւ շատ վատ եք անում, որ այդպիսի զուգահեռներ եք անցկացնում, մի տարեք այդ դաշտ, սխալ եք անում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ