Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆրիդոմ Հաուզ»-ը երևանյան դեպքերի խորքային պատճառների մեջ նաև «օլիգարխիկ» տնտեսությունն է նշում

Օգոստոս 03,2016 18:07

«Ազատություն». Իրավապաշտպան կառույցի հրապարակման հեղինակները նշում են՝ իշխանությունների բռնությունները, ինչպես նաև ցուցարարների պահանջներն անտեսելու նրանց քաղաքականությունն է ստիպել շատերին՝ կորցնել հույսը, թե հնարավոր է երկրում ի վերջո արդարադատության հասնել:

«Երևանում Ոստիկանության պարեկապահակային գնդի երկշաբաթյա գրավումը, որն ավարտվեց անցած կիրակի, հասարակության անսպասելի աջակցությանն արժանացավ՝ հարցեր առաջ բերելով երկրի ապագա կայունության վերաբերյալ»: Այսպիսի արձանագրում է անում «Ֆրիդոմ Հաուզ» իրավապաշտպան կազմակերպության կայքում հրապարակված հոդվածը, որի հեղինակները փորձել են վերլուծել տեղի ունեցածի պատճառներն ու հնարավոր հետևանքները:

«Երբ զինված խումբը գրավեց պարեկապահակային գնդի տարածքը և պահանջներ ներկայացրեց իշխանություններին՝ նախագահի հրաժարականի ու քաղբանտարկյալներին ազատ արձակելու վերաբերյալ, հասարակությունը շփոթմունքով արձագանքեց, իսկ վարչակազմն ու ընդդիմադիր գործիչները՝ լռեցին»,- փաստում են հոդվածագիրները, հավելելով՝ մինչ իշխանական լրատվամիջոցներն ու նախագահը լռություն էին պահպանում, հասարակության շրջանում աճեց համակրանքը զինված խմբի նկատմամբ, հազարավոր ցուցարարներ փողոց դուրս եկան՝ կոշտ արձագանք ստանալով ոստիկանության կողմից:

«Երկրում ստատուս քվոն փոխելու՝ զինված խմբի ծայրահեղական փորձը կարող է ընկալվել միայն իշխանությունների բռնապետական միտումների և դրանց առաջ բերած հուսահատության համատեքստում, ու թեև վերջին տարիների հակակառավարական ցույցերը հիմնականում խաղաղ էին, այս երկու շաբաթներն ահազանգում են, որ հայաստանյան հիասթափված հանրության սպասումներում անհանգստացնող լարվածություն կա, – կարծիք են հայտնում հոդվածի հեղինակներն ու շարունակում՝ «Զինված խմբի կողմից զենքերը վայր դնելու որոշումը կարող է ի վերջո ավելացնել հասարակության համակրանքը «Սասնա Ծռեր»-ի նկատմամբ, հաշվի առնելով, որ զինյալներն այժմ գտնվում են Հայաստանի՝ դաժանությամբ հայտնի արդարադատության համակարգի ձեռքում»:

Անդրադառնալով այս միջադեպի հիմքում ընկած պատճառներին՝ «Ֆրիդոմ Հուզ»-ի հոդվածը նշում է՝ «2008 թվականին իշխանության գալով՝ Սերժ Սարգսյանը ժառանգեց օլիգարխների աջակցությունը վայելող մի համակարգ, որի պայմաններում նրանք, ըստ էության, վերահսկում են տնտեսության ցանկացած բնագավառ: Նրա իշխանավարումը մեկնարկեց առավել բռնապետական միջավայրում՝ այդ տարվա վիճահարույց նախագահական ընտրություններից հետո սկսված զանգվածային ցույցերի ու մարտի 1-ի 10 սպանություններից հետո: Թեև 2013 թվականի ընտրություններն այդօրինակ բռնությունների չհանգեցրին, սակայն, լուրջ ընտրախախտումներն ու կոռուպցիայի վերաբերյալ համատարած բողոքներն էլ ավելի հիասթափեցրին հասարակությանը:

Վերջին տարիներին երկրում արձանագրվեց քաղաքացիական ակտիվիզմի աննախադեպ մակարդակ, ու թեև հանրահավաքներից ու նստացույցերից որևէ մեկը բռնություն չէր քարոզում, և մասնակիցներից քչերն էին իշխանական համակարգի էական փոփոխության կոչ անում, վարչակազմը դրանց էլ արձագանքեց մեծաթիվ ոստիկաններ կուտակելով ու ցուցարարներին կոպտորեն ցրելով»:

«Ֆրիդոմ Հաուզ»-ի հրապարակման հեղինակները նշում են՝ իշխանությունների այս բռնությունները, ինչպես նաև ցուցարարների պահանջներն անտեսելու նրանց քաղաքականությունն է ստիպել շատերին՝ կորցնել հույսը, թե հնարավոր է ի վերջո արդարադատության հասնել և օրինական ու ժողովրդավար միջոցներով պաշտոնյաներին պատասխանատվության կանչել: Անդրադառնալով այս ճգնաժամի հնարավոր հետևանքներին, հոդվածը փաստում է՝ զինված խմբի գործողություններն ի սկզբանե նրանց առջև դրված նպատակներից ավելի ընդարձակ ազդեցություն կարող են ունենալ:

«Իշխանությունը, որը սահմանափակվեց միայն զինյալներին ահաբեկիչ որակելով ու նրանց աջակիցներին ճնշելով, այդպես էլ չըմբռնեց ոչ այնքան հաճելի իրականությունը, որ Հայաստանի հասարակությունը սատարում է զինյալների խորքային պահանջների ու բողոքների մեծ մասը: Մինչ հուլիսի 17-ը շատերը բռնությունները հավանական գործիք չէին համարում ընդդիմադիրների ձեռքում:

Սակայն, հասարակության անսպասելի դրական արձագանքը ոստիկանության գնդի գրավմանը փոխեց այն ըմբռնումը, թե ինչն է թույլատրելի հակակառավարական ըմբոստության ժամանակ։ Եվ սա նոր ու վտանգավոր իրականություն է Հայաստանի քաղաքական դաշտում, եթե հաշվի առնենք Հայաստանի իշխանությունների ակնհայտ հավատարմությունն անգամ խաղաղ ցույցերին անհամաչափ ուժով արձագանքելու գործելաոճին»,- արձանագրում է հեղինակավոր «Ֆրիդոմ Հաուզ»-ի կայքում հրապարակված հոդվածը:

Հեղինե ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

«Ազատություն» ռադիոկայան

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031