ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած հերթական նիստում ներկայացրել է պաշտոնական պարզաբանումներ` ՀՀ ընտրական օրենսգրքի մի շարք դրույթների վերաբերյալ:
Նպատակ ունենալով բացառել ընտրական օրենսգրքի 144-րդ հոդվածի 3-րդ մասի տարաբնույթ ընկալումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանել է, որ մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը նշանակվող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունները, ներառյալ քվեարկությունը, կազմակերպվում և անցկացվում են 2011 թվականի մայիսի 26-ի Ընտրական օրենսգրքի կանոնակարգումներին համապատասխան, բացառությամբ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների ժամանակ ընտրելու և ընտրվելու իրավունքը սահմանող դրույթների, որոնք կարգավորվում են 2016 թվականի մայիսի 25-ի օրենսգրքով սահմանված կանոնակարգումներին համապատասխան:
ԿԸՀ պաշտոնական պարզաբանմամբ` մինչև 500 ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների ժամանակ թեկնածուները, ՀՀ ընտրական նոր օրենսգրքի կանոնակարգումների համաձայն, ընտրական գրավ չեն վճարելու:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, պարզաբանելով ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 11-րդ մասը, հստակեցրել է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի քվեարկության արդյունքների ամփոփման նիստին ընտրական հանձնաժողովների նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք (վստահված անձինք, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, դիտորդները, այցելուները, թեկնածուն) կարող են ներկայանալ նաև նիստը սկսվելուց՝ ժամը 20.00-ից հետո և ներկա գտնվել քվեարկության արդյունքների ամփոփման նիստին` ընտրական օրենսգրքի կանոնակարգումներին համապատասխան:
Կարդացեք նաև
ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն