Ռուսաստանցի փորձագետ, ԱՊՀ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Եվսեևը «Ազատությանը» տված հարցազրույցում կարծիք հայտնեց, որ Բաքվում և Սանկտ Պետերբերգում կայանալիք հանդիպումներից հետո ռազմական գործողությունների վերսկսումը շատ հավանական է, քանի որ լարվածությունը շփման գոտում, վստահության բացակայությունը պահպանվում է:
«Զորքերը մնացել են իրենց դիրքերում, նոր ռազմական գործողությունները բացառելու համար անհրաժեշտ է, նախ և առաջ, որ հետ քաշվեն ծանր սպառազինությունները», – ասաց Եվսեևը:
Ինչ վերաբերում է այսպես կոչված «Լավրովի պլանին», որի մասին վերջին ամիսներին շատ է խոսվում, Եվսեևը չի հավատում, որ նման ծրագիր Մոսկվան ունի, և առավել ևս չի հավատում, որ նման ծրագիր Մոսկվան ի վիճակի է իրագործել:
«Հնարավոր չէ Ստեփանակերտին ստիպել հետ տալ հինգ շրջանները: Հայկական կողմը չի կարող գնալ նման քայլի, քանի որ կխախտվի ուժերի հավասարակշռությունը շփման գծում, իսկ եթե հաշվի առնենք սպառազինության հարցում ադրբեջանական կողմի որակական և քանակական առավելությունը, զորքերը հետ քաշելը կարող է կործանարար լինել հայկական կողմի համար», – ասաց ռուսաստանցի փորձագետը:
Կարդացեք նաև
Չնայած 2009-16 թվականներին Ռուսաստանը շուրջ 4 միլիարդ դոլարի այդ թվում նաև հարձակողական զենք է վաճառել Ադրբեջանին, Եվսեևը համարում է, որ ապրիլյան պատերազմում հայկական կողմի՝ 800 հեկտար տարածք կորցնելու պատճառը մեծամասամբ Իսրայելի կողմից Ադրբեջանին վաճառված մեծ քանակությամբ հակատանկային համակարգերի ու անօդաչու թռչող սարքերի կիրառումն էր։
«Ազատության» այն դիտարկմանը, որ Ռուսաստանը պատրաստվում է զենքի վաճառքի մասին նոր համաձայնագրեր կնքել Ադրբեջանի հետ արդեն օգոստոսի 8-ին կայանալիք բանակցությունների ժամանակ, ռուսաստանցի փորձագետը հակադարձեց, որ կարևորը՝ որպեսզի Ադրբեջանին չվաճառվի հարձակողական զենք։
Ավելին, ԱՊՀ ինստիտուտի փոխտնօրենի կարծիքով, Ռուսաստանը պարզապես պարտավոր է ամենասեղմ ժամկետներում Հայաստան հասցնել 200 միլիոն դոլար վարկի դիմաց խոստացած սպառազինությունը: Վլադիմիր Եվսեևի համոզմամբ՝ հենց այդ զենքի պակասն է, որ խախտել է բալանսը շփման գծում և թույլ է տվել Ադրբեջանին հարձակվել ու որոշակի հաջողության հասնել: