«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը Սերժ Սարգսյանի վերջին ելույթից տպավորություն ունի, որ նա իրականությունից կտրված է. «Սերժ Սարգսյանին թվում է, որ ոստիկանությունը վերջին դեպքերի ժամանակ սառնասիրտ է գործել, ասում է՝ եղածը մի բան չէ, մոռացեք: Ես նրա ասածներից ավելի եմ համոզվում, որ նա ու իր վարչախումբը խորությամբ չեն ընկալում այն խնդիրները, որոնց մեջ հայտնվել է Հայաստանը: Եթե գոնե անցած տարի հուլիսի դեպքերի պատշաճ քննություն լիներ, կարելի կլիներ ակնկալել, որ այս անգամ, գոնե մի անգամ նշանակալից մի բան կլինի: Իշխանությունը հաստատել է, որ ինքն իր շահերն է պաշտպանում, ոչ հանրության»:
Հարցին՝ գուցե լրագրողները հետեւողական չեն, որ իրենց նկատմամբ բռնության դեպքերով հարուցված գործերն առաջ չեն գնում, պարոն Բարսեղյանը նկատեց, որ ստեղծված իրավիճակում կարող է երկու սցենար լինել: Առաջինը՝ լրագրողները չգնան քննչական մարմիններ, բացատրություններ չտան, չդիմեն դատարան, որովհետեւ դա ավելորդ ժամանակի ու միջոցների կորուստ կլինի, եւ երկրորդը՝ եթե կա հարուցված քրեական գործ, իշխանությունները ցանկության դեպքում, կարող են արագ բացահայտել:
«Իշխանություն, դու քրեական գործ ունես, ով պետք է քննի ու բացահայտի դա, գոնե հայտարարեն, որ հանցակազմի բացակայության պատճառով կարճվում են գործերը: Չի կարելի ծանրաբեռնել լրագրողներին՝ ասելով, թե ակտիվ չէին, որովհետեւ չեմ հիշում դեպք, որ լրագրողներին հրավիրեն քննչական մարմին, ու նրանք հրաժարվեն բացատրություն տալ: Սերժ Սարգսյանի կառուցած իրավական համակարգը մենթապետություն է, մեր հաշվին զինված գազանների ոհմակ է պահում, որ պետք եղած դեպքում ծեծեն ու ջարդեն:
Հակառակ դեպքում, Սերժ Սարգսյանը կարող է հրաման տալ եւ բացահայտվեն լրագրողների նկատմամբ իրականացված բռնությունները»,- այսօր «Հոդված 3» ակումբում ասաց Լեւոն Բարսեղյանը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ