Լրահոս
Օրվա լրահոսը

«Շարունակվում է մարտիմեկյան ձեռագիրը, քրեական գործ հարուցողները նույն անձինք են». Սեդա Սաֆարյան

Օգոստոս 03,2016 16:07

«Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ իրենց պաշտպանյալներին մեղադրանք է ներկայացվել, որպեսզի նրանց առանձնացնեն հանրությունից. «Տպավորությունն այն է, որ մեղադրանքը գրել են ոչ թե իրավաբանները, այլ բանասերները»:

Արմեն Մարտիրոսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը փաստեց. «Ակնհայտ է` մեղադրանքն ապօրինի է: Գոյություն ունեն տեսանյութեր, որտեղ միանշանակ երևում է, որ Արմեն Մարտիրոսյանը ոչ միայն զանգվածային անկարգությունների կազմակերպիչ չէ, այլ, ընդհակառակը, Արմեն Մարտիրոսյանը բանակցում է ոստիկանների հետ, որ բախումներ չլինեն»: Ըստ փաստաբանի` մեղադրանքը հորինված է, և դա նա որակեց` որպես քաղաքական հետապնդում:

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա  ասուլիս՝ Կարո Եղնուկյանի, Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի և Հովսեփ Խուրշուդյանի մեղադրանքների և կալանվորման հարցերի կապակցությամբ։ Տիգրան Հայրապետյան - Կարո Եղնուկյանի պաշտպան, Գիվի Հովհաննիսյան - Արմեն Մարտիրոսյանի պաշտպան, Ռոբերտ Ռեվազյան -  Դավիթ Սանասարյանի պաշտպան, Սեդա Սաֆարյան -  Հովսեփ Խուրշուդյանի պաշտպան

Դավիթ Սանասարյանի պաշտպան Ռոբերտ Ռևազյանն էլ մտահոգություն հայտնեց, որ ոստիկանների ցուցմունքներից բացի որևէ այլ օբյեկտիվ աղբյուր չունեն: Նա նաև պատմեց, որ Դավիթ Սանասարյանը հիվանդանոցում վատացել է, սակայն իրավապահ մարմինները ծնողներին խաբել են, թե տանում են վերակենդանացման բաժանմունք, այնինչ ձերբակալել են. «Մեղադրում են, թե Դավիթ Սանասարյանը չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին: Այդ մեղադրանքով թեթեւ պատասխանատվություն է սահմանված, սակայն կասկածանքի հիման վրա ձերբակալում են, իսկ ժամկետի լրանալու ժամանակ նրան նոր մեղադրանք է առաջադրվում, թե նա զանգվածային անկարգություններ է կազմակերպել: Հռչակագրային մեջբերումներ է մեղադրանքի մեջ, միայն ենթադրություններ են, թե ինչ կարող էր անել Դավիթ Սանասարյանը»:

Հովսեփ Խուրշուդյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը փաստեց, որ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանությունն ամենացածր մակարդակի վրա է. «Եվրոպական դատարանում մենք էլի կունենանք ընդդեմ Հայաստանի գործեր»: Տիկին Սաֆարյանը պատմեց, որ Հովսեփ Խուրշուդյանին արգելանքի են վերցրել Սարի թաղում` ինչ-որ մեկի բնակարանից, այնուհետև նշեց. «Չգիտես ինչու` այդ մասին որևէ ապացույց քննիչը չի ցանկացել ձեռք բերել, երբ նրա ցուցմունքներում այդ կապակցությամբ կան բավարար տեղեկություններ: Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան է ասել, որ Հովսեփ Խուրշուդյանին ևս պետք է տանեն բաժին»:

Սեդա Սաֆարյանը հավաստիացրեց, որ շարունակում են մարտիմեկյան ձեռագիրը. «Քրեական գործ հարուցողները նույն անձինք են, նույն մարտի մեկի անձինք, նույն սկզբունքներով, մեղադրանքները՝ անորոշ ձեւակերպումներով: Էնքան որ գրում են, արտագրում են, հետո կհիմնավորեն էլ»:

Գիվի Հովհաննիսյանը նաև մտահոգություն հայտնեց, որ իրենց պաշտպանյալներին տեսակցելու հնարավորություն չեն տալիս. Արմեն Մարտիրոսյանի եղբայրը ցանկացել է նրան տեսակցել, սակայն թույլ չեն տվել, անգամ լրագիր փոխանցելն են արգելում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031