Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուսաստանցի վերլուծաբան. Սերժ Սարգսյանը կդնի ԼՂՀ-ի ճանաչման հարցը

Օգոստոս 03,2016 15:37

Վլադիմիր Ժիրինովսկու վերջին հայտարարությունը`Հայաստանի մասին, ըստ ռուսաստանցի վերլուծաբան Նիկիտա Իսաեւի, ցույց է տալիս, որ ռուս հասարակության մեջ եւս մոտեցումները ռադիկալացվում են: Իր կարծիքն այսօր նա բարձրաձայնեց «Սպուտնիկ-Արմենիա» մամուլի ակումբում: Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Ժիրինովսկու ղեկավարած կուսակցությունը կազմում է ռուսական էլեկտորատի 15 տոկոսը՝ քաղաքական դաշտում զբաղեցնելով երկրորդ տեղը:

Միաժամանակ, նա նկատում է, որ ռուս քաղաքական գործիչները շատ քիչ են Հայաստանի պաշտպանության դիրքերից հանդես գալիս: Մինչ Երեւան այցելելը, վերլուծաբանը Մոսկվայում բարձրացրել է ՌԴ-ի կողմից ԼՂՀ-ն ճանաչելու հարցը, այն դեպքում, եթե Սերժ Սարգսյանը դնի այդ հարցը Հայաստանում: Իսկ որ Սերժ Սարգսյանը կդնի այդ հարցը, ռուսաստանցի վերլուծաբանը կասկած չունի`նկատի ունենալով նաեւ Երեւանում տեղի ունեցած վերջին 15 օրերի զարգացումները: Այլապես, ըստ նրա, առաջիկա խորհրդարանական ընտրություններում, որոնք փոփոխված Սահմանադրությամբ են կայանալու, Սերժ Սարգսյանը կկորցնի բոլոր այն դիրքերը, որոնք ակնկալում էր:

«Ես կարծում եմ, առաջիկայում կտրուկ որոշումների ականատեսն ենք լինելու»,- ասաց նա, հավելելով, որ իր համոզմամբ, առաջիկայում կլուծարվեն նաեւ հետխորհրդային կառույցները`ԱՊՀ, ՀԱՊԿ, իսկ տնտեսական միությունները`Մաքսային միություն, Եվրասիական միություն եւ այլն, ազդեցություն չեն ունենա:

Ամեն դեպքում, սեպտեմբերի վերջին, ըստ նրա, ՌԴ-ից Հայաստանի ուղղությամբ ավելի հստակ ազդակների ականատեսը կլինենք:

Հետխորհրդային երկրներից, վերլուծաբանի համոզմամբ, ՌԴ-ին դաշնակից են մնացել Հայաստանը, Բելառուսը եւ մասամբ Ղազախստանը: Մինսկի խումբը, ըստ նրա, բարեհաջող ձևաչափ է, որտեղ ՌԴ-ն կարողանում է հավասարակշռել իր հարաբերություններն արեւմուտքի հետ, բայց կոնֆլիկտի ապրիլյան էսկալացիան, իրավիճակ է փոխել: Նրա կարծիքով, ապրիլյան էսկալացիան, ղարաբաղյան կոնֆլիկտի վերջին զարգացումը չէր: Նրա դիտարկումներով, այդ հարցը նաեւ Հայաստանի ներքաղաքական օրակարգ է մտել: Վերլուծաբանի դիտարկումները հիմնված են վերջին 15 օրերի երեւանյան զարգացումների վրա:

Նա կարծում է, որ ՌԴ-ն տարածաշրջանում այժմ «նեյտրալ» դիրքորոշում է ընդունել, ինչը ինքը ճիշտ չի համարում ու վստահ է, այդպես երկար հնարավոր չէ շարունակել: Բայց հասկանում է նաեւ, որ ՌԴ իշխանությունները չեն կարող պաշտոնապես արտահայտել իրենց դիրքորոշումը, քանի որ Թուրքիայի հետ են փորձում հարաբերությունները կարգավորել, Չինաստանի`մետաքսի ուղու վերագործարկման ու նկատում է, որ ՌԴ-ին թույլ չեն տալիս ակտիվորեն պաշտպանել այդտեղ իր ռազմավարական գործընկեր Հայաստանի շահերը:

Նիկիտա Իսաեւը կարծում է, որ ԱՄՆ-ն փորձում է ՌԴ-ի՝ իբրեւ գերտերության կարգավիճակը չեզոքացնել: Դրանով է նա բացատրում ՌԴ-ի դեմ եւ աշխարհում ընթացող գործընթացները, այդ թվում նաեւ՝ Մերձավոր Արեւելքին «կոտրելը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031