Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոնե ոտքիս ցավը անցնի, նոր ասեն՝ մոռացիր»

Օգոստոս 03,2016 15:22

Lragir.am-ի լրագրող եւ օպերատոր Մարութ Վանյանը Սարի թաղում եւ Խորենացի փողոցում հուլիսի 29-ին մոտ տասնյակի չափ ծեծված եւ բռնությունների ենթարկված լրագրողներից մեկն է: Նա եւ «Ա1+»-ի լրագրող Ռոբերտ Ահարոնյանը դեռ գտնվում են հիվանդանոցում, ստացիոնար բուժում են ստանում:

«Գրիգոր Լուսավորիչ» մեր այցելության պահին ՀՔԾ-ից քննիչն արդեն հասցրել էր լսել եւ գրանցել Մարութի ցուցմունքները եւ հարցաքննում էր Ռոբերտին:

Ռոբերտ Ահարոնյան

Ռոբերտ Ահարոնյան

Մարութի մոտ բժիշկներն արձանագրել են աջ ոտքի սալջարդ: Ինքը՝ լրագրողն ասում է. «Դե, չգիտեմ՝ բժշկական տերմիններով ոնց են ասում, ես կարող եմ ասել, թե ինչ վնասվածքներ եմ ստացել՝ մարմնիս անկանոն հարվածներ են հասցրել փայտե հաստ ձողերով: Բայց ես ձեռքերով եւ ուսապարկով պահել էի դեմքս եւ կրծքավանդակս, այդ պատճառով մեջքիս, գլխիս, կրծքավանդակիս շրջանում հարվածներ չկան, ամբողջ հարվածները ձեռքերիս եւ ոտքերիս են հասել: Ամենավատը աջ ոտքիս վիճակն է, միայն հենակների օգնությամբ եմ երեկ կարողացել առաջին քայլերս անել, իսկ դեպքից հետո որ բերեցին՝ մի երկու օր անշարժ նույն դիրքում պառկած էի, ոտքս չէի զգում, չէի կարողանում ընդհանրապես շարժել»:

Ընդամենը մի տարի առաջ Ստեփանակերտից Երեւան տեղափոխված 33-ամյա լրագրողի ձեռքերն ու ոտքերն ամբողջությամբ հսկայական կապտուկների մեջ էին, ձախ ոտքի վրա էլ բեկորային վնասվածքն էր վիրակապված. «Բժիշկներն ասում են, որ մի տասը օր դեռ ցավը կտեւի, բայց արդեն դրական տեղաշարժը զգում եմ: Առաջին օրերին անգամ պառկած վիճակում անտանելի ցավ էր, անընդհատ ցավազրկող էին տալիս»:

Մարութին հարցնում եմ՝ ովքե՞ր էին խփողները՝ ոստիկաննե՞ր, թե՞… «Շատ մութ էր, էդ մթության մեջ դեմքերն իսկի չեմ տեսել, մենակ հիշում եմ, որ թեւ-թիկունքով, բարձրահասակ, կլոր դեմքով տղաներ էին, մուգ հագուստով, մոտ 7-10 հոգի էին, իրենք ոստիկանական պատի հետեւում էին, այնտեղից դուրս եկան ու հարձակվեցին: Հարվածում էին անընդհատ, ասում էի՝ լրագրող եմ, բեյջս էի ցույց տալիս, կամերաս ջարդեցին, բեյջս պոկեցին (ուսապարկում, որը բռնություն գործադրողները վերցրել, մի կողմ էին նետել, ոչ միայն Մարութի տեսախցիկն էր, այլեւ նրա գործընկերոջ, ինչպես նաեւ Մարութի անձնագիրը, այլ անձնական իրեր-խմբ.)… Գցել էին գետնին եւ խփում էին փայտերով, դեմքս եւ կրծքավանդակս փակել էի, հետո քաշեցին ուսապարկս պոկեցին վրայիցս, գցեցին մի կողմ ու ինձ ասում էին՝ վեր կաց, գնա, ասում էի՝ գոնե շտապօգնություն կանչեք, ոտքս կոտրվել ա, տղերք, չեմ կարողանում շարժվել: Էդ ժամանակ ոնց որ հասկացան, որ լուրջ է վիճակը, ձեռքերիցս բռնեցին, քարշ տալով տարան փողոցի մյուս կողմը գցեցին…»:

Հարցնում եմ՝ այդպես անօգնական թողեցին, գնացի՞ն: Ժպտում է. «Հա, գցեցին, թողեցին գնացին, աղջիկներ էին մոտենում, որ օգնեն, իրենց վրա գոռացին, սպառնացին, որ հեռանան, բայց այդ ընթացքում իրենք էլ էին հեռանում՝ դեպի իրենց ելման տեղը, եւ էդ աղջիկները, վտանգից չվախենալով, եկան, որ օգնեն: Ես հասցրեցի զանգել շտապօգնություն կանչել, եկավ, ինձ բերեցին այստեղ»:

Արդյոք հարձակումը հե՛նց լրագրողների՞ դեմ էր ուղղված՝ այս հարցիս պատասխանը Մարութը թողնում է իմ եւ ընթերցողների հայեցողությանը. «Դե տես, եթե իմ կամերան վերցրեցին, ջարդեցին, հետո որ բերեցին վերակենդանացման բաժին, տեսնում էի, որ հերթով բերում են վիրավոր օպերատորների եւ լրագրողների, ի՞նչ եզրակացության կարող ես գալ, ինքդ ասա»:

Ասում եմ՝ Մարո՛ւթ, նախագահը հորդորեց, որ մոռանաք այն, ինչ եղել է, կարո՞ղ ես մոռանալ: Ծիծաղելով պատասխանում է. «Ախր, գոնե ոտքիս ցավը անցնի, հետո կմտածեմ էդ մասին, մի տասը օր ժամանակ տվեք՝ գոնե ոտքիս ցավը անցնի…»:

Հետո լրջանում է եւ ավելացնում. «Իրականում ես մոռանում եմ բոլոր վատ բաները, որ ինձ հետ լինում են, հետո մենակ ծիծաղելով եմ հիշելու: Բայց մյուս կողմից՝ որ պատկերացնում եմ՝ ախր, կարող էր իմ փոխարեն մի աղջիկ լրագրող լիներ կամ մի մարդ, որի մտքով չանցներ՝ դեմքը, գլուխը պաշտպանի, եւ սրանք էդ նույն ուժով փայտով հարվածեին էդ մարդու գլխին կամ կրծքավանդակին, ի՞նչ էր լինելու էդ մարդու հետ, ո՞նց կարելի է սենց խաղալ մարդու առողջության, մարդու կյանքի հետ: Կարող է մարդ ամբողջ կյանքում հաշմանդամ մնալ նման հարվածից, չէ՞: Ու որ մտածում ես՝ ինչի՞ համար, ի՞նչ շահեցին, ոչ մի պատասխան չկա»:

Նա հիշում է, որ դեպքերը սկսվելուց հետո անընդհատ եղել է Խորենացիում, եւ նման բան մինչ այդ չի տեսել: «Ախր, գոնե էդ հարձակվելուց առաջ մի ակնարկ անեին, ասեին՝ մի նկարեք, չի կարելի նկարել, ասեին՝ հատուկ միջոցներ ենք կիրառելու… ոչ մի նման բան չեղավ, միանգամից հարձակվեցին, շատ անսպասելի էր: Նախորդ օրերին Խորենացիում նման բան չեմ տեսել, ոստիկանների հետ լրագրողները փոխադարձ հարգանքով էին աշխատում՝ հարգելի լրագրողներ, պարոն ոստիկան… էն մի անգամն էլ, որ հատուկ միջոցներ կիրառեցին՝ ոչ մի լրագրողի հանդեպ ոչ մի բան չարեցին, շատ զգույշ էին, բայց էս անգամը լրիվ ուրիշ էր»,- ասում է ու շարունակում. «Ախր, չի կարելի, էլի, մենք հո «Կալաշնիկով» չէի՞նք բռնել, մենք մեր լրագրողական գործն էինք անում, ոչ մի բանի չէինք խառնվում: Չէր կարելի նկարել, թող ասեին՝ մի՛ նկարեք, վերջին կետ՝ կամերաս ջարդեցիք, հասկացանք, ի՞նձ ինչի ջարդեցիք…»:

Հարցիս՝ այս դեպքերը քո հետագա աշխատանքի վրա հե՞տք կթողնեն, որեւէ նման միջոցառում լուսաբանելու գնալուց առաջ չե՞ս հիշի էս ջարդը, Մարութը պատասխանում է. «Ինձ համար դժվար է հիմա պատասխանելը: Ես կուզեի մոռանալ, մտածել, որ նման բան չի լինելու էլ: Ես Երեւանում մի տարի էլ չկա՝ աշխատում եմ, ու չգիտեմ՝ ինչ կլինի: Որպես հակափաստարկ բոլորն ասում են, թե անցած տարի «Էլեկտրիկ Երեւանի» դեպքերից հետո էլ խոստացան, որ նման բան չի լինելու, բայց եղավ, կրկնվեց: Ես շատ եմ ուզում, որ հետագայում էլ նման բաներ չլինեն, էս ամեն ինչը իսկականից խայտառակություն է, մեր երկրի հեղինակության, վարկի հետ են խաղում, միջազգային կազմակերպությունները արդեն զեկույցներ են գրում… Ինչի՞ տենց արեցին, չէի՞ն հասկանում, որ երկրի համար շատ վատ է…»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031