«Դեռեւս հուլիսի 30-ին Եղիշե Պետրոսյանը գտնվում էր ոստիկանության մշտական հսկողության ներքո: Ամսի 30-ին ոստիկանները իրեն են ներկայացրել ձերբակալելու մասին որոշում՝ քննիչի կողմից կայացված, որի համաձայն ինքը կասկածվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, իսկ ձերբակալման որոշման կայացման հիմքը իր գտնվելու վայրը հայտնի չլինելն է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:
Նա մեզ հայտնեց, որ ներկայացնելուց հետո ոստիկանների կողմից որեւէ արձանագրություն չի կազմվել. «Այդ պահից սկսած Եղիշե Պետրոսյանը գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, բավականին լուրջ է նրա առողջական վիճակը: Նա մշտական ոստիկանական հսկողության ներքո է: Ձերբակալման որոշումը մենք բողոքարկել ենք առաջին ատյանի դատարան, դատարանը բողոքը մերժել է, սակայն պատճառաբանել է նաեւ նրանով, թե քանի որ ձերբակալման արձանագրություն չկա, կազմված չէ, անձը ուստիեւ ձերբակալվածի կարգավիճակ չի ստացել:
Ստացվում է հետեւյալ իրավիճակը՝ փաստացի ինքն անազատության մեջ է գտնվում, բայց վարույթ իրականացնող մարմինը, ամենայն հավանականությամբ, իրեն դիտարկում է ոչ որպես ձերբակալված: Հակառակ պարագայում՝ ձերբակալման 72 ժամը վաղուց լրացել է եւ պետք է որոշակի գործողություններ իրականացնել: Որեւէ գործողություն չի իրականացվել, վարույթ իրականացնող մարմնից էլ ոչ մի լուր չկա: Եղիշե Պետրոսյանն էլ շարունակում է բուժում ստանալ»:
Հետաքրքրվեցինք, թե որոնք են լինելու կողմի հետագա գործողությունները, Երվանդ Վարոսյանը պատասխանեց. «Մենք փորձում ենք դատական այլ ատյաններում այս հարցը բարձրացնել: Հիմա այդ ընթացքի մեջ ենք, դատարանի որոշումներին զուգահեռ նաեւ տեղյակ կպահենք հանրությանը, թե գործն ինչ ընթացք ստացավ»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ