Aravot.am-ի հետ զրույցում «Իրավունքի եւ ազատության կենտրոնի» նախագահ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը անդրադառնալով այն փաստին, որ Սարի թաղում բախումների ժամանակ ՀՀ փոխոստիկանապետ, ՈԶ հրամանատար Լյովա Երանոսյանի եղբայր, ՀՀ ՈԶ 1001 զորամասի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Լեռնիկ Երանոսյանն է եղել նռնակ նետող տղամարդը, որի լուսանկարը շրջանառվում է մամուլում եւ սոցցանցերում, ասաց.
«Ճիշտն ասած, ես չեմ կարծում, թե պետք է հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, ում եղբայրն է նռնակ նետել: Նա մարդ է, որն աշխատում է ոստիկանական համակարգում, ինչպես բազմաթիվ այլ ոստիկաններ եւ ի թիվս այլ ոստիկանների էր նա այդ գործողությունը կատարել: Կոնկրետ մեկի վրա կենտրոնանալը, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէ, պետք է առաջին հերթին կենտրոնանալ երկրի քաղաքական իշխանությունների վրա, որոնք տվել են նման հրահանգ ոստիկանությանը, հետո նոր պետք է կենտրոնանալ ընդհանուր ոստիկանության վրա, որոնք այդ կարգի հրամանը նման ոգեւորությամբ ի կատար են ածել: Իսկ կոնկրետ՝ որ մարդը ո՞ւմ եղբայրն է կամ ո՞ւմ հորաքրոջ տղան, դա ինձ համար էական չէ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ