Լրահոս
Օրվա լրահոսը

«Կատարվածը դասական առումով ահաբեկչություն չէր, բայց երկրի ղեկավարը փորձում է դա ահաբեկչություն ներկայացնել»

Օգոստոս 03,2016 14:09

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն այս օրերին հետեւել է միջազգային մամուլում ՀՀ ներքաղաքական զարգացումների անդրադարձին:

«Արտասահմանյան որեւէ մարմին, կառույց կամ լրատվամիջոց չորակեց կատարվածը ահաբեկչություն, մինչդեռ նման դեպքերում սովորաբար արագ որակվում է  ահաբեկչություն, բայց զարմանալիորեն Հայաստանում պետական մակարդակով կատարվածը որակվեց ահաբեկչություն»,- այսօր «Հոդված 3» ակումբում ասաց քաղաքագետը:

«Սասնա ծռերի» գործողություններն ահաբեկչություն որակելը, ըստ քաղաքագետի, չափազանց վտանգավոր հակապետական ու հակազգային բնորոշում է, որը կարող է ունենալ վատ հետեւանքներ. «Եթե մի երկրում լինում է ահաբեկչական դեպք, որը երկու շաբաթ լուսաբանվում է մամուլում, դու կորուստներ ես ունենում տուրիզմի ոլորտում, որը տնտեսություն չունեցող երկրի համար լուրջ խնդիր է,  ներդրումների առումով նույնպես խնդիրներ են առաջանում, ներդրողները չեն ներդնի մի երկրում, որտեղ կա ահաբեկչություն, բացի դա քո երկիրը տանում ես ռիսկի, շատ քաղաքացիներ դեսպանատներ դիմելիս կարող են բարդ գործողությունների միջով անցնել վիզա ստանալու համար: Իշխանության անձնական շահի հետ գործ ունենք, որովհետեւ կատարվածը դասական առումով ահաբեկչություն չէր, բայց երկրի ղեկավարը փորձում է դա ահաբեկչություն ներկայացնել: Երբ Սերժ Սարգսյանն իր ուղերձում ասում էր՝ հետեւություններ անելու ժամանակն է, պետք է արձանագրել, որ  մեկ հետեւություն է արվել՝ պետք է ավելի կոշտ լինել ու ճնշել, որովհետեւ իրենց չեն սիրում ու չպետք է թույլ տալ հասարակության ըմբոստության այլ դրսեւորումներ լինեն: Չի կարելի գնալ մի ճանապարհով, որով մեծացնում ես ճնշումները»:

Քաղաքագետը նկատում է՝ իշխանությունը  իրականությունից հսկայական տարածությամբ կտրված է. «Բացահայտ տեսնում եմ՝ ինչ է կատարվում իշխանության վերին օղակներում՝ մարդկանց մի խումբ չի հասկանում, որ աշխարհում իրադրություն է փոխվել, չունեն գիտակցությունը, որ նման պայմաններով այս տարածաշրջանում ու այս երկրում չի կարելի երկար շարունակել»:

Պարոն Մարտիրոսյանի կարծիքով` երկշաբաթյա իրադարձությունների ժամանակ պետք է լինեին մի շարք պաշտոնյաների հրաժարականներ. «Ոչ միայն այն օրը, որ հարձակում եղավ ցուցարարների ու լրագրողների վրա, այլ հենց այն օրը, երբ գրավվեց ՊՊԾ գունդը, սա ամենախոշոր ռազմական օբյեկտներից մեկն է, որը փաստորեն գրավվեց երեսուն, թեթեւզինված անձանց կողմից, բայց տեսնում ենք՝ խոսք նույնիսկ չկա պաշտոնանկությունների մասին… Մենք գործ ունենք փչացած համակարգի հետ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031