Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ռազմաբազայից փախուստի դիմած զինծառայողն ասել է, որ զզված է ծառայությունից

Օգոստոս 03,2016 13:40

Այսօր առավոտյան լուրեր տարածվեցին այն մասին, որ Գյումրու 102-րդ ռազմաբազայից ժամկետային զինծառայող է փախել, որին բռնել են Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի բնակիչները:

Ոսկեհասկ գյուղի բնակիչ Գևորգ Սերոբյանն Aravot.am-ին պատմեց, որ առավոտյան ժամը 9-ի սահմաններում, երբ գյուղից դուրս է եկել, տեսել է զինվորական հագուստով մեկը ուղևորվում է դեպի Թուրքիայի սահման: «Կանգնեցրեցի, հարցրեցի՝ ո՞վ ես, ո՞ւր ես գնում, ասեց, որ ինքը 1996 թվականին ծնված Սերգեյ Շիլովն է, ծառայում է ռազմաբազայում մոտ երկու տարի, հոգնել, զզվել է ծառայելուց, գերադասում է Թուրքիա գնալ ու չմնալ ռազմաբազայում: Ձեռքին զենք չեմ տեսել, ժամացույցն էր, կողմնացույցն էր ու ձեռքի պայուսակը, պատրաստված գնում էր»,-պատմեց Գևորգ Սերոբյանը:

Մեր հարցին՝ չհարցրեցի՞ք, թե Թուրքիայում ո՞վ է իրեն սպասում, ունի՞ դիմավորող, մեր զրուցակիցն ասաց. «Նման հարցերի շուրջ էլ չզրուցեցինք, ես անմիջապես տեղյակ պահեցի ռազմաբազայի ղեկավարությանը ու նրան՝ որպես սահմանը խախտողի, հանձնել ենք սահմանապահներին»:

Հետաքրքիրն այն է, որ Գյումրու 102-րդ ռազմաբազայից Հայաստանի ոստիկանությանն այս դեպքի մասին տեղյակ չեն պահել. Շիրակի մարզային վարչությունում նման բովանդակությամբ հաղորդագրություն չկար, մինչդեռ ոստիկանության երկու բաժանմունքներից՝ «Մուշից» ու «Կումայրիից» օրվա դեպքերն ու ահազանգերը պարբերաբար հայտնում են մարզային վարչություն:

Նշենք, որ փախուստի դիմած այս ժամկետային զինծառայողը գրեթե շարժվել է Վալերի Պերմյակովի սցենարով՝ միայն թե շիրակցիների բախտը բերել է, որ փախել է անզեն: Պերմյակովն էլ իր ցուցմունքներում դասալիք լինելը մեկնաբանում էր զինծառայությունից հոգնելով, հարազատներին կարոտելով, ըստ նրա, գնում էր Թուրքիա՝ այնտեղից Չիտա ուղևորվելու համար:

Հիշեցնենք, որ օր մի քանի օր առաջ ռազմաբազայից ևս մեկ զինծառայող էր փախել, որը, սակայն, պայմանագրային էր: Նրա նկատմամբ հետախուզում հայտարարելուց հետո, հայ ոստիկանները գտել էին մայրաքաղաքի Հանրապետության հրապարակից:

Հ.Գ. Հենց նոր ռուս սահմանապահներից մեկից ոչ պաշտոնապես հաջողվեց ճշտել, որ վերջինս ընդամենը վեց ամիս է՝ ինչ գտնվում է Գյումրու 102-րդ ռազմաբազայում, չի բացառվում, որ նրան այլ վայրից են տեղափոխել Գյումրի: Վերջինս ասել է, որ շատ դժգոհ է ռազմաբազայի պայմաններից, ուզում էր Թուրքիայով անցնել Ռուսաստան: Նա հասել է Ախուրիկ գյուղի ուղեկալի մոտ ու կալանավորվել է հենց այդտեղից, հենց այս պահին նրան հարցաքննում են ռուսական զինվորական դատախազությունում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031