ՎԻԿԻԼԻՔՍ-ՀԱՅԱՍՏԱՆ թիվ 20. Հայ գործարար, «Միկա լիմիթեդ» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը 2009 թվականի մարտի 20-ին հանդիպել է Երևանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի հետ և զրույցի ընթացքում քննադատության է ենթարկել Հայաստանի կառավարության գործունեությունը և հարցականի տակ է դրել վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնագիտական որակները: Չորս ժամ տևած հանդիպման մասին պետքարտուղարությանը գաղտնի փաստաթղթով տեղեկացրել է փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնը:
Այս փաստաթղթի համաձայն, որի մասին հիշեցրել է հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնը՝ հանդիպման ընթացքում Բաղդասարովը, որին Փենինգթոնը բնութագրում է որպես Սերժ Սարգսյանի մերձավոր մարդ, նշել է, որ ինքը համաձայն չէ այն քաղաքականության հետ, որը վարում է կառավարությունը տնտեսական ճգնաժամի ընթացքում:
Բաղդասարովը նաև հայտարարել է, որ ինքը 2008 թվականի հունիսին ասել է Հայաստանի նախագահին, որ Տիգրան Սարգսյանը վատ ընտրություն է վարչապետի պաշտոնում, սակայն Սերժ Սարգսյանը չի լսել իր խորհուրդը:
«Նա հիմա գիտի, որ ես ճիշտ էի, սակայն միևնույնն է չի ցանկանում ընդունել դա», – ասել է Բաղդասարովը:
Կարդացեք նաև
Ամերիկացի դիվանագետը հարցրել է Բաղդասարովին, թե ով իրականում կարող է ազդել Սերժ Սարգսյանի որոշումների վրա: Գործարարի խոսքով, «Սարգսյանը չի ցանկանում քաղաքական հարցերում խորհուրդներ լսել»: Նա նշել է, որ ինքն այլևս երբեք չի փորձի խորհուրդ տալ Հայաստանի նախագահին: Բաղդասարովն ավելացրել է, որ երբ իր հարցազրույցներից մեկում ինքը քննադատել է Տիգրան Սարգսյանին, նրան անմիջապես կանչել է Սերժ Սարգսյանը և խնդրել է «շտկել» մեկնաբանությունը:
Բաղդասարովը Սերժ Սարգսյանին բնութագրել է որպես «միայնակ գայլ»:
«Երբ գործը հասնում է որոշում կայացնելուն, նախագահը ինքնուրույն է դա անում», – ասել է գործարարը: