Հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից զենքերը վայր դնելու, եւ իշխանություններին հանձնվելու որոշման շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ։
– Ձեր կարծիքով՝ զենքով իշխանափոխության հասնելու այս փորձը Հայաստանին ի՞նչ տվեց։
– Օր առաջ պետք է արվեն լրջագույն հետեւություններ եւ համակարգային փոփոխություններ, հակառակ դեպքում որեւէ մեկը չի կարող բացառել, որ վաղը նման բան կարող է կրկնվել, իսկ դա երկրի համար կարող է կործանարար լինել։ Հապաղելը, իմիտացիան, ժամանակ ձգձգելը, փոքր, մանր սլաքավարներին գործից հանելը, մեծ շնաձկերին պաշտոններում պահելը ոչինչ չի փոխելու, մեր ջինը այլեւս շշից դուրս է եկած։
Բացի այս՝ մեկ կարեւոր խնդրի վրա եւս պետք է ուշադրություն դարձնենք։ «Սասնա ծռեր»-ի հանդեպ հաշվեհարդար չպետք է լինի, սա միանշանակ է, եւ քննարկման ենթակա չէ։ Կարծում եմ, որ դատավարությանը պետք է ներկա լինեն նաեւ հանրության կողմից վստահություն վայելող իրավապաշտպաններ, որպեսզի դատավարությունը ընթանա բաց, հրապարակային, եւ որեւէ կասկած չպետք է մնա որեւէ մեկիս մոտ, որ ինչ-որ մի օղակի կողմից կարող է լինել հաշվեհարդար։
Կարդացեք նաև
– Տիկին Զոհրաբյան, ստեղծված իրավիճակից ոչ արմատական ընդդիմադիր ուժերը, հանրությունը ի՞նչ դասեր պետք է քաղեն։
– Հիմա բոլորս, ըստ էության, սթրեսային, շոկային վիճակի մեջ ենք, ինչ-որ ժամանակ է պետք այս վիճակից դուրս գալու, շատ ավելի հանգամանալից անդրադառնալու նրան, թե ինչու մեր երկրում հնարավոր եղավ նման բան։ Ես չեմ կասկածում «Սասնա ծռեր»-ի տղաների ազնիվ նպատակներին, բայց որեւէ ազնիվ նպատակ չի կարող իրականացվել բռնությամբ։
Մեր երկրում նման բան չպիտի լիներ, եթե եղավ, ուրեմն մենք բոլորս ենք մեղավոր։ Ես իմ մեղքի բաժինը տեսնում եմ, որպես քաղաքական ուժի ղեկավար։ Ուրեմն մենք՝ քաղաքական ուժերս, ինչ-որ բան սխալ ենք արել, մեր տեղում չենք եղել։
Արփինե ԹՈՎՄԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում