Ազատության հրապարակում երեկ հրավիրված հանրահավաքը սկսվեց մոտ 1,5 ժամ ուշացումով: Հարթակում հայտնվեցին մի քանի հոգի ու ներողություն խնդրեցին դեռեւս սակավաթիվ ժողովրդից՝ պատճառաբանելով, որ իրենց մեքենան ոստիկանությունը բերման էր ենթարկել:
Մինչ հանրահավաքը վարողը, որն Aravot.am-ին ներկայացավ Հարություն Աղլամազյան անունով, հարթակ կբերեր մեգաֆոնը եւ կհայտարարեր, որ հանրահավաքն ինքնաբուխ է, որ իրենք հավաքվել են սատար կանգնելու «Սասնա ծռերի» իրենց ընկերներին, ի կատար ածելու նրանց առաջ քաշած պահանջները եւ ցանկացողները նախապես իրենց դիմելով կարող են ելույթ ունենալ, անել իրենց առաջարկները՝ նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց Վլադիմիր Հակոբյան անունով մի գրող, որը խոսեց առանց գրողների միության հրապարակած իր 20 ու դեռ չտպագրած գրքերի, զավակների, թոռների մասին ու փառք տվեց այսօրյա հերոսներին:
Խոսափողին առաջինը մոտեցած երիտասարդը ասաց. «Հարգելի հայրենակիցներ: Ինչպես գիտեք, երեկ ու այսօր չորս հոգու համար գիշերային դատարանի արատավոր պրակտիկայով երկու ամիս նախնական կալանքի ժամկետ է որոշվել: Դա ուղղակի խայտառակություն է: Բոլոր ներկա գտնվողների անունից կոչ եմ անում դատաիրավական համակարգին եւ Վիտալի Բալասանյանին, որքան էլ զարմանալի է: Վիտալի Բալասանյան, հարգելի գեներալ: Եթե միջնորդեցիք այդ պայթյունավտանգ իրավիճակը անարյուն ավարտվի, գոնե միջնորդեք, որպեսզի օր առաջ փոխվեն Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի, Եղիշե Պետրոսյանի խափանման միջոցները, քանի որ նրանք առողջական խնդիրներ ունեն»:
Նարեկագետ, 74-ամյա Աշոտ Պետրոսյանը ի զորակցություն հայ ժողովրդի ազատամարտիկ որդիների, որոնք հիմա բռնակալված են, հայտարարեց, թեեւ ինքը այս պահից անժամկետ հացադուլ է հայտարարում կոնկրետ պահանջներով՝ անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին՝ Ժիրայր Սեֆիլյանին, Ալեք Ենիգոմշյանին, որը կույր է, հաշմանդամ:
Կարդացեք նաև
Հաջորդ բանախոսը՝ Ռուզաննա Ավետիսյանը, խոստացավ երկար չխոսել: «Ես արդեն հոգնել եմ քաղաքի կենտրոնում երթերից, որոնք իրավիճակ չեն փոխում եւ առաջարկում եմ երթերը տեղափոխել ծայրամասեր, որտեղ մարդիկ հարեւանների հետ «սեմուշկա են չրթում» եւ նրանք, որ չգիտեն, թե ինչ է կատարվում Ազատության հրապարակում, ակտիվանան: Ես ողջունում եմ այս մարդու՝ հացադուլ հայտարարելու որոշումը: Բայց երբ ես էի հացադուլ հայտարարում, ինձ ասացին, որ քաղաքապետարանից թուղթ բերեմ»: Նա դիմեց իրավաբաններին, որ օգնեն նարեկագետին իր լավ գործը ի կատար ածել:
Ռուզաննա Ավետիսյանը դժգոհեց Սարի Թաղի բնակիչներից. «Ինչո՞վ Մհերիկը ձեր բերանը փակեց: Ո՞ւր եք դուք: Ինչո՞վ: Որ կկառուցի ձեր քանդված տո՞ւնը: Բա ձեր վախեցած երեխաները, ձեր կոտրված իրավունքը, ինչ որ դուք տեսաք: Ո՞ր եք այսօր»:
Այնուհետեւ մի մարդ փառք ու պատիվ տվեց հայ ժողովրդին՝ հայտարարելով ամեն մի հայը պարոն է: Հետո նա կոչ արեց միասնական ուժերով պայքարել:
«Ազատ Հայք» կազմակերպության ներկայացուցիչ Ռուբեն Մնացականյանը ողջունեց այսօրվա հերոսներին, որոնք իրենց գործողություններով վառեցին այն մոմը, որը պիտի դառնա խարույկ: «Հաճախ է հնչում հեռացեք արտահայտությունը: Ես չգիտեմ նրանց հեռանալուց հետո ով է գալու: Բայց ինձ տվել են մի ցուցակ՝ 150 հոգու, որոնք լինելու են ապագա Հայոց առաջնորդարանի ներկայացուցիչները»: Բանախոսը կարդաց մոտ երկու տասնյակ անուն, որից հետո նրան խնդրեցին չշարունակել եւ տեղը զիջել մեկ ուրիշի:
Հարություն Աղլամազյանը հայտարարեց, որ կալանավորվածների դատական պրոցեսներին ֆինանսական աջակցություն ցույց տալու համար բացվել է երկու հաշվեհամար, որտեղ յուրաքանչյուրը կարող է գումար փոխանցել ու հավելեց նաեւ, որ Հյուսիսային պողոտայում էլ ամեն օր դրամահավաք է լինելու այդ նպատակով ու խոսքը փոխանցեց Վարդգես Գասպարիին: Վերջինն առաջարկեց ամեն օր յուրաքանչյուր մարդ տնից դուրս գալիս, ընտանիքի, երեխաների հետ զբոսնելու գնալիս գրիչով թղթի վրա գրել, օրինակ, «Սասնա ծռեր», կամ այլ կարգախոսներ ու դա պարզել, «որպեսզի ձեր հարեւաններն արթնանան»: Նա կոչ արեց միավորվել եւ հատ առ հատ այցելել ԱԺ պատգամավորների տներ եւ պահանջել, որ նրանք միջամտեն կալանավայր տեղափոխված եւ տեղափոխվող «Սասնա ծռերի» անդամներին եւ մյուսներին այնտեղից հանել»:
Շարքային քաղաքացի Անի Նավասարդյանը հայտարարեց, որ իրենք երեկ ֆեյսբուքյան խումբ են բացել «Մենք ենք Սասնա ծռերը» անունով, որտեղ բոլոր քաղաքացիները կարող են անել իրենց առաջարկները: Բայց նաեւ հորդորեց, որ յուրաքանչյուրը պետք է ինքն իրականացնի իր առաջարկի կազմակերպումն ու անցկացումը: Անի Նավասարդյանը հենց տեղում երկու առաջարկ արեց եւ խնդրեց ներկաներին, որոնք համաձայն են, մոտենան իրեն եւ մտածեն դրանք կյանքի կոչելու ձեւերի մասին:
Մեգաֆոնին մոտեցնողներ էլ եղան, որոնք նույնիսկ իրենց գրածը չկարողացան հարթ կարդալ: Այդ ժամանակ ժողովրդի մեջ դժգոհություն առաջացավ, որ դատարկ ելույթներով ոչնչի հասնել հնարավոր չէ: Պետք է գործի անցնել: Ու հանրահավաքի մասնակիցները երթի ելան Թումանյան-Աբովյան-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց երթուղով՝ դեպի ԱԱԾ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ